close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Իմ քայլը» դաշինքի ցուցակում կա մարդ, որն ավելի քան 25 տարի առաջ աղետի գոտու թալանին մասնակից է եղել. Գեղամ Մանուկյան

Տնտեսական

5 Դեկտեմբերի 2018, 14:50
  «Իմ քայլը» դաշինքի ցուցակում  կա մարդ, որն ավելի քան 25 տարի առաջ աղետի գոտու թալանին մասնակից է եղել. Գեղամ Մանուկյան

Այսօր «Նախընտրական հակակոռուպցիոն լսումներ» խորագրով քննարկում էր հրավիրվել, որին մասնակցության հայտ էր ուղարկվել  ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող բոլոր 11 ուժերին: Միջոցառման սկզբում տեղեկացվեց, որ ՕԵԿ-ն անմիջապես մերժել է հրավերը, ՀՀԿ-ից, ԲՀԿ-ից, «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ »կուսակցությունից, «Մենք» դաշինքից  ո'չ մերժել, ո'չ էլ հաստատել են, սակայն քննարկմանը նրանց ներկայացուցիչների բացակայությունը պարզ դարձրեց նրանց որոշումը:

Քննարկմանը ներկա` ՀՅԴ ցուցակով պատգամավորության թեկնածու Գեղամ Մանուկյանը նշեց, որ ապօրինի հարստացման դեմ պայքարը պետք  է իրականացվի երկու վեկտորով՝ թափանցիկություն և հաշվետվողականություն։ Ըստ նրա՝ ունենք մի իրավիճակ, երբ բոլոր արատավոր երևույթները, ապօրինի հարստացման դեպքերը կանգնում  են իրավական փաստարկին դեմ հանդիման:

«Մեր պատկերացմամբ`  ապօրինի հարստացման դեմ պայքարը 2 վեկտորով պետք է տեղի ունենա. առաջին՝ դեպի ապագա նայելը, նկատի ունենք թափանցիկությունը, հաշվետվողականությունը, հայտարարագրումը, բայց ոչ թե ձևական հայտարարագրումը, այն  պետք է վերահսկվի և' հասարակական, և'  հատուկ կառույցների կողմից, այդ թվում՝ ծախսերի մասով»,- նշեց Մանուկյանը:

«Իմ քայլը» դաշինքից պատգամավորության թեկնածու Հերիքնազ Տիգրանյանն էլ նշեց, որ այսօրվա օրենսդրական կարգավորումն ապօրինի հարստացումն անմիջականորեն կապում է հայտարարագրերի հետ, բայց սա թերի մոտեցում է, ուստի իրենք առաջարկում են համակարգային լուծումներ:

«Այսօր մենք արդեն իսկ իրականացնում ենք իրավական կարգավորումներ, և պրակտիկան ցույց է տալիս, որ իշխանությունը հետամուտ է` բացահայտելու ապօրինի հարստացման դեպքերը»,- ասաց նա՝ շեշտելով, որ իրենց ծրագիրն ավելի շատ ուղղված է ապօրինի հարստացման դեպքերի կանխարգելմանը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Ատոմ Մխիթարյանն իր հերթին ընդգծեց, որ, հաշվետվողականությանը զուգահեռ, շատ կարևոր է հասարակության տեղեկացվածությունը, և որ մարդկանց գիտակցության մեջ պետք է վերանա կոռուպցիան, այլապես լիարժեք  հաջողության չեն կարող հասնել:

«Ազգային առաջընթաց» կուսակցության անդամ Հայկ Գրիգորյանը հավելեց, որ ապօրինի հարստացման դեմ հատուկ օրենք պետք է ընդունել, որը վեցամսյա համաներման ժամկետ սահմանելու հնարավորություն կտա ապօրինի հարստացած անձանց համար՝ հնարավորություն ընձեռելով նրանց ինքնակամ վերադարձնելու  զարտուղի ճանապարհով ձեռք բերված գումարներն ու գույքը։

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Միքայել Նահապետյանը պնդեց, որ անցումային արդարադատությունն այլընտրանք չունի, և ապօրինի հարստացած անձանց պետք է արգելվի որոշ ժամանակ պաշտոններ զբաղեցնել:

Քննարկմանը ներկա «Սասնա ծռեր» կուսակցության ներկայացուցիչ Ալեք Ենիգոմշյանը  համաձայնեց՝ պետք է լինի  անցումային արդարադատություն՝ ընդգծելով, որ ապօրինի հարստացման դեմ պետք է լինի քաղաքական և տնտեսական լյուստրացիա, թալանված գումարները պետք է հետ բերվեն: «Պետք է եռաշերտ վերահսկողություն լինի՝ պետական կառույցների, փորձագիտական և ԶԼՄ-ի մակարդակով»,- շեշտեց նա:

Ենիգոմշյանն այս համատեքստում դժգոհեց նոր իշխանությունների գործելաոճից՝  այսօր կոռուպցիայի դեմ պայքարի գործում  սելեկտիվ մոտեցում կա: «Որոշ կասկածյալներ ձերբակալվում են, հետո բաց թողնվում, ոմանք մնում են, ոմանք, որոնց մասին հանրությունը գիտի, որ  ֆինանսական մեծ հանցագործություն են կատարել, չեն կալանավորվում: Հակակոռուպցիոն պայքարի արդյունքում հավաքված գումարները չնչին մաս են կազմում»,- ընդգծեց նա:

Ելույթի իր իրավունքից օգտվելով` ՀՅԴ ներկայացուցիչ Գեղամ Մանուկյանը հրավիրեց ներկաների ուշադրությունն այն փաստին, որ ասում են` նոր իշխանություններն ունեն քաղաքական կամք, բայց ապօրինի հարստացման համար այսօր ո՞վ է բռնված:

«Սերժ Սարգսյանի Վաչիկից բացի, մեկ-երկուսից բացի, ո՞վ է բռնված: Բոլորս լավ գիտենք, որ օլիգարխների կեսը նույն ապօրինի հարստացածն է: Մեկի նկատմամբ իշխանության բարեհամբույրությունը պատճառ է դառնում, որ մյուսի նկատմամբ այն չկիրառվի: Քաղաքական կամքի հետ պետք է լինի նաև օրենսդրական դաշտ, որ մի տարի հետո  որևէ մեկի զավակը կամ հարևանը չասի՝ իր նկատմամբ կիրառեցին օրենքը, իսկ մյուսի նկատմամբ  չկիրառվեցին»,- շեշտեց Մանուկյանը՝ ակնարկելով, որ սա հասարակության շրջանում անվստահություն է առաջացնելու իշխանության հանդեպ:

««Իմ քայլը» քննարկել է այդ մեխանիզմները: Քրեական գործը հարուցում են փաստի հիմքով, ոչ թե` անձի դեմ. մարդը մեղադրյալ է դառնում, երբ փաստեր կան»,- արձագանքեց «Իմ քայլը» դաշինքի ներկայացուցիչը՝ նշելով, որ չեն կարող տուրք տալ հասարակական պահանջներին և, պոպուլիզմից ելնելով, քայլեր կատարել, այդ իսկ պատճառով քիչ են հարուցված քրգործեր ապօրինի հարստացման մասով:

Գեղամ Մանուկյանը հակադարձեց, որ 7 ամիս է` նոր կառավարությունը  գործում է, բայց կառավարության պաշտոնական կայքում կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի  կազմը դեռ չի թարմացվել: «Խորհրդի նախագահ՝ Կարեն Կարապետյան, նախկին կառավարության անդամներ»,- նշեց նա:

Մանուկյանը նաև հիշեցրեց՝ այն, որ Հայաստանի Մաքսային կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանը Ծաղկաձորում գտնվող իր «Golden Palace» հյուրանոցը նվիրում է պետությանը, հայտարարել է միայն Նիկոլ Փաշինյանը,  Արմեն Ավետիսյանից որևէ հայտարարություն չի եղել: 

Ինչ վերաբերում է Դաշնակցության պայքարին, նա հիշեցրեց, որ իրենք Սերժ Սարգսյանին  քննադատական հարցեր են առաջադրել, երբ նա դեռ պաշտպանության նախարար էր: «Ավելին` երբ Հովիկ Աբրահամյանը կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ էր ստեղծում, Դաշնակցությունը մերժել է նրանց առաջարկը՝ ասելով, որ չեն կարող լինել մի տեղ, որի նախագահը Հովիկ Աբրահամյանն է, անդամները՝ Գագիկ Խաչատրյանը և այլն: Ընդդիմությունը և հասարակական սեկտորը գերակշիռ դեր պետք է ունենան այս հարցում: Այստեղ կարևոր է նաև այն, որ ապօրինի հարստացման մասին խոսելիս չպետք է այն տարածել միայն վերջին 20 տարվա վրա, այլ` 25 և ավելի: 1988-ին և դրանից հետո  որքան թալանվեց երկիրը,  որքան մարդիկ դարձան միլիոնատերեր: «Իմ քայլը» դաշինքի ցուցակում  կա մարդ, որն ավելի քան 25 տարի առաջ աղետի գոտու թալանին մասնակից է եղել»,- նշեց Գեղամ Մանուկյանը:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica