close
Եղանակը Երևանում
16 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Հլս 2019
USD1476.74
GBP1593.49
EUR1535.47
RUB17.60
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պատմություն՝ Օթել Բարոնի, Դ՛Գոլի ու Սափրիչի Մասին

Թուղթուգիր

29 Նոյեմբերի 2018, 23:47
 Պատմություն՝ Օթել Բարոնի, Դ՛Գոլի ու Սափրիչի Մասին

Սպարտակ Ղարաբաղցյան, ՀՅԴ Հյասատնաի ԳՄ անդամ

Ով եղել է Հալեպում, անպայման տեսել է նշանավոր Օթել Բարոնը, իսկ ով չի եղել, լսած կամ կարդացած կլինի նրա մասին: Այս պատմությունը, սակայն, Օթել Բարոնի մասին չէ, այլ նրան դեմ-դիմաց գտնվող վարսավիրանոցի տիրոջ մասին է...

Մինչ վարսավիրանոցին հասնելը «Հայկական ավիաուղիներ» ընկերության գրասենյակն է: Այդ օրը գնացել էի ճշտելու, ավելի շուտ ամրագրելու վերադարձիս օրն ու ժամը: Ընկերության պատասխանատու Ժանը, որն ազգությամբ հույն էր, այս անգամ անսպասելիորեն սառն ու անժպիտ դիմավորեց ինձ ու անտարբեր նետեց.

-Ինքնաթիռ չկա. Ստիպված ես մէկ շաբաթ էլ մնալ Հալեպում:

Ինձ ավելի շատ մտահոգեց ոչ թէ ինքնաթիռը լինել-չլինելը, այլ Ժանի պաղ, անտարբեր վերաբերմունքը: Ի՞նչ էի արել, որ մեր մտերմությունը, բարեկամությունը խաթարվել էր: Տեսնելով, որ շվարել ու անակնկալի եմ եկել նման ընդունելությունից՝ Ժանը կերպարանափոխվեց եւ հույնին հատուկ խորամանկ ժպիտը աչքերում ասաց.

-Չե՞ս հարցնի, ինչո՞ւ եմ նեղված:

-Ինչո՞ւ,- հարցրի:

-Հրավերս ինչո՞ւ մերժեցիր, ընթրիքի չպիտի՞ երթայինք...

Ժանը հիշեցրեց նախորդ այցելությանս ժամանակ պայմանավորված ընթրիքի մասին, որն իմ մեղքով չէր կայացել:

-Մեղավոր եմ,- խոստովանեցի մեղքս ու հասկացա, որ այս անգամվա հրավերը անհնար է մերժել:

-Լավ,- ասացի,- վարսավիր Կարոյի մոտ գնամ, կարգի բերի մորուքս, երեկոյան կհանդիպենք...

-Աս շոգ-կրակին մինչեւ Կարոյին հասնես, կհալիս: Հոս, քովերնիս նշանավոր վարսավիր կա, եկուր քեզ քովը տանեմ...

Գրասենյակի հենց հարևանությամբ էր վարսավիրը: Առաստաղից կախ պտտվող հովհարը փոքրիկ տարածքը զովան էր դարձրել, եւ անկյունում նստած տերը ավելի շատ իմաստուն, XIX-րդ դարի ֆրանսացի նկարչի էր նման, քան վարսավիրի:

Ժանը նրա ականջին ինչ-որ բան փսփսաց, միայն հասկացա, որ «հայաստանցի է, պատվական մարդ է....»,- ասածը:

-Գլխուս վրա,- պատասխանեց ծերունին ու ծուլորեն վեր կացավ տեղից.- Հրամմէ,- դողդոջուն ձայնով ասաց նա, ցույց տալով նստելիք տեղս, ու նույն, հեզանուշ ձայնով հարցրեց.

-Ինչպե՞ս եք, լա՞վ եք:

-Լավ եմ...

- Հալեպը սիրեցի՞ք:

-Շա՜տ...                              

-Իրա՞վ...,- չգիտեմ ինչու կասկածանքով, բայց հետո ափսոսանքով շարունակեց,- Է՜հ, Հալեպի անուշ օրերն անցան...

Հետո մկրատն ու սանրը մխրճեց թանձր մորուքիս մեջ ու սկսեց իր գործը:

-Մի՛ վախնար, այնքան պեղ-մորուք տեսել են այս մկրատն ու սանրը, որ ինձմէ ու քեզմէ լավ գիտեն ուր պիտի սանրեն, ուր պիտի կտրեն...

Հետո անսպասելի հարցրեց.

-Դ՛ Գոլի մասին լսա՞ծ ես...

-Ի հարկե, ֆրանսիացի նախագահը չէ՞ր...

Ինձ թվում էր, թէ ծերունին պարզապես թեմա է բացում, ինչպես գրեթե բոլոր վարսավիրները, ու մինչեւ գործը ավարտելը դեսից-դենից զրուցում, զբաղեցնում հաճախորդին, բայց երբ ասաց.

-Այո, ես անոր էլ սափրել եմ... այս մկրատն ու սանրը Դ՛Գոլի մազերն էլ կտրել-հարդարել են,- Որոշեցի կամ ծերուկը հերթական գլուխ-գովանն է, կամ էլ...

-Քանի՞ տարեկան էիր...

-Քսան, քսաներկու...

-Փարիզո՞ւմ ես սափրել Դ՛գոլին...

-Ինչո՞ւ Փարիզում... Օթել Բարոնը գիտե՞ս,- հայացքով ցույց տվեց դիմացի մայթի շենքը... ու սկսեց պատմել.

-Առավոտ կանուխ, դուռը նոր բացել, ներս էի մտել, ետեւէս ֆրանսիացի երեք զինվորական մտան: Անոնցմէ մեկը ֆրանսերենով ասաց, որ պարագաներս հավաքեմ ու հետեւեմ իրեն: Թարգմանիչ կար հետերնին, բայց երբ ֆրաներեն պատասխանեցի, հասկցա, որ թարգմանիչի կարիքը չկա...

-Ֆրանսերեն որտե՞ղ ես սովորել,- ընդհատելով հարցրի ծերունուն:

-Պոլիս, ֆրանսիական քոլեջ հաճախած եմ...

-Պոլսի՞ց եկար Հալեպ:

-Այո, երկար պատմություն է... թուրք ծնողներս Հալեպ մորաքրոջս գտած էին, անոնք ղրկեցին...

-Կամքիդ հակառա՞կ...

-Ո՜չ. ըսին, մենք քեզ որդեգրել, պահել ենք, բայց դուն հայ ես, եթե կուզես՝ Հալեպ հարազատներ ունես, գնա, տես. Եթե որոշես մնալ, կամքդ է, եթե ոչ՝ վերադարձիր... եկա, մնացի...

-Չզղջացի՞ր...

-Ինչո՞ւ պիտի զղջամ... Մորաքույրը մոր պես է... թուրք ծնողիս էլ չմոռցա... Ոչ, չզղջացի...,- Ծերունին ծանր հոգոց քաշեց: Հայելու մեջ տեսա նրա ազնվական դեմքին ուրվագծվող թախիծը:

- Քեզ որդեգրողը իրո՞ք թուրք էր,- կասկածով հարցրի նրան:

-Այո, բանակի սպա էր հայրացուս, կինն էլ բարձր խավից էր...,- հետո նկատելով երկմտանքս, կասկածանքս փորձեց փարատել.

-Մի կարծեր, թե անոնք ամենն ալ մարդասպան են... անոնց մեջ ալ բարի մարդիկ կան...

Բարի թուրք, ազնիվ թուրք... մի տեսակ բարին ու ազնիվը չի կպչում, չի սոսնցվում թուրքին...

Աստիճանաբար նրա հռչակավոր սանր ու մկրատի տակ մորուքս կարճվում, հարդարվում, տեսքի էր գալիս: Ծերունին զննող հայացքով նայեց հայելու մեջ ու հարցրեց.

-Չափը լա՞վ է...

-Լավ է,- ասացի... ու որոշեցի վերադառնալ Դ՛Գոլին:

- Ուրեմն մոտիկից տեսել, զրուցե՞լ եք հետը...

-Դ՛Գոլի՞,- հարցրեց...

-Դ՛Գոլի...

-Երկայնահասակ, անուշ մարդ մըն էր...

-Ինչի՞ մասին խոսեցիք, հիշո՞ւմ եք:

-Նման բաները չեն մոռցվի... Նախ ինքը հարցուց.

- Ինչպե՞ս ես, Ֆրանսան կսիրե՞ս...,- Ես ալ ֆրանսերեն պատասխանեցի:

-Օ՜,- զարմացավ Դ՛Գոլը,- ի՜նչ սահուն կխոսես. Ո՞ւր սորվեր ես ֆրանսերենը:

-Պոլիս,- ֆրանսական քոլեջ հաճախած եմ...

-Կուզե՞ս Ֆրանսա տանեմ քեզ:

-Ոչ,- ըսի:

Ժպտաց Դ՛Գոլը.

-Կատակ չեմ ըներ,- ըսավ:

-Ես ալ կատակ չեմ ըներ...

-Չնեղացա՞վ,- հարցրի Ծերունիին...

- Ինչո՞ւ պիտի նեղանար,- զարմացավ Ծերունին,- հետո երանությամբ հիշեց.

-Նախաճաշի ժամ էր, սուրճ հրամցուցին. Այդ մեկը մերժել չկրցա...

-Դ՛Գոլի հետ սո՞ւրճ եք խմել...

-Ինչո՞ւ կզարմանաս. Դ՛Գոլին Սափրիչը գավաթ մը սուրճ չ՛արժե՞...

 

Նոյեմբեր, 2018

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica