close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
+0°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

2019-ին Ադրբեջանը թող նոր անակնկալներ սպասի. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու

Հարցազրույց

19 Նոյեմբերի 2018, 18:59
 2019-ին Ադրբեջանը թող նոր անակնկալներ սպասի. ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու

Եվրոպայում Արցախի Հանրապետության և Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված աշխատանքների, Ադրբեջանի և Թուրքիայի  հակահայկական քաղաքականության դեմ իրականացվող միջոցառումների, ներհայաստանյան կյանքին վերաբերող հարցերի մասին Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխանատու Գասպար Կարապետյանի հետ:

 

- Եվրոպայի Հայ դատի գրասենյակն ընթացիկ տարում ևս կազմակերպել է եվրոպացի պատգամավորների այց Արցախ: Նմանատիպ այցերն արդյո՞ք հանգեցրել են կամ նպաստել Արցախի խնդրի շուրջ տրամադրությունների և պատկերացումների փոփոխությանը:

- Եվրոպայի Հայ դատի գրասենյակի աշխատանքն ընդգրկում է ոչ միայն Արցախի խնդիրը, այլև Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման հարցերը: Մենք տարբեր խորհրդաժողովներում և խողովակներով հաղորդում ենք այս պնդումը` Թուրքիան պետք է ստանձնի Հայոց ցեղասպանության իրականացման պատասխանատվությունը: Ժամը կգա, և մենք կորոշենք, թե ինչպես պետք է պարտադրենք մեր պահանջները Թուրքիային: Այս տարի Եվրոպական խորհրդարանի բանաձևի մեջ դարձյալ նշվեց Թուրքիայի պատասխանատվության հարցը: Մեր տեղական  շրջանների հետ լավ հարաբերություններ ունենք և մեր օժանդակությունն ենք ցուցաբերում, որ նրանք այս ուղղությամբ աշխատանքներ տանեն: Ինչ վերաբերում է Արցախի հարցին, ապա մեր նպատակն Արցախը մեկուսացումից  դուրս բերելն է: Այդ իսկ պատճառով կազմակերպում ենք այցեր Եվրոպայից Արցախ և Արցախից Եվրոպա:  Վերջին երկու տարվա ընթացքում 23 եվրոպացի պատգամավորներ են այցելել Արցախ, ինչպես նաև  Եվրախորհրդարանի 10-15 անդամ: Նրանք իրենց աչքով տեսան, որ Ադրբեջանի պնդումները ոչ մի աղերս չունեն իրականության հետ: Այցի ընթացքում նրանք հանդիպել են Արցախի Հանրապետության ղեկավարության, ինչպես նաև ժողովրդի հետ: Մենք ցանկացել ենք, որ նրանք շուկա այցելեն, լսեն քաղաքացիներին և ծանոթանան նաև նրանց  ապրումներին: Բոլորն էլ վերադարձել են իրենց երկիր` սիրահարված Արցախին: Այսինքն` Ադրբեջանի «սև ցուցակը» որևէ արդյունք և ազդեցություն չի ունենում: Ավելին` դրանով նրանք գրգռում են եվրոպացիներին, որովհետև նրանք` որպես ազատ մարդիկ, չեն ընդունում այն, որ դիկտատորական ռեժիմն իրենց պիտի ասի, թե ուր գնան, ուր չգնան: Վերջին այցելողներից` բելգիացի բարձրաստիճան պատգամավոր, իր անձնագրում դրեց Արցախի վիզան, իսկ մի  եվրոպացի պատգամավոր անգամ  նկարել տվեց վիզան, որ բոլորը տեսնեն, որ այցելել է Արցախ:

Ադրբեջանը ծիծաղելի ձևով փորձեց դեմ դուրս գալ Եվրոպայի Հայ դատի գրասենյակին` Ինտերպոլից պահանջելով հետապնդել ինձ: Ադրբեջանն ինձ դատապարտել է բանտարկության, դրա համար էլ Ինտերպոլից պահանջել է իմ ձերբակալությունը: Սա ծիծաղելի է, քանի որ քաղաքական հետապնդում է, ուստի Ինտերպոլը սրանով չի զբաղվում: Բելգիացի 24 պատգամավոր բաց նամակ ստորագրեցին` դատապարտելով Ադրբեջանին, որ իրենց երկրում գործող կազմակերպության նախագահին զրպարտում է: Բացի այս` 3 մեծ կուսակցությունների խորհրդարանական խմբակցությունների ղեկավարները Բելգիայի արտգործնախարարին նամակ գրեցին, որ Ադրբեջանին ասվի, որ չեն կարող Բելգիայում գործող կազմակերպության ղեկավարի հասցեին սպառնալիք հնչեցնել: Սրանից հետո Ադրբեջանը դեսպանության միջոցով փորձեց խոչընդոտներ ստեղծել արցախցիների համար Եվրոպա մուտք գործելու հարցում: Բրյուսելը Եվրոպայի կենտրոնն է, ուստի խաղն այստեղ էր արվում: Բայց Ադրբեջանի այս խաղը ևս արդյունք չտվեց, և միայն վերջին շրջանում Արցախի նախագահ Բակո Սահակյանը 2 անգամ այցելեց Բրյուսել: Ադրբեջանին չի հաջողվում Արցախին մեկուսացնել: 2019-ին Ադրբեջանը թող նոր անակնկալներ սպասի: Ի դեպ, Ադրբեջանը փորձեց նաև միջամտել արցախցի ուսանողների մուտքին, բայց մեր պարտադրանքով եվրոպացի պատգամավորներից մեկը Եվրոպական Միության համապատասխան հանձնակատարին նամակ գրեց, թե ազատ տեղաշարժի իրավունքի մասին սկզբունքը պետք է տարածվի նաև արցախցի ուսանողների վրա, և ստացվեց դրական պատասխան: Այս համատեքստում ուզում եմ ասել, որ «Վահան Հովհաննիսյան» ծրագրով երիտասարդներ ենք բերում մեզ մոտ` սովորելու, որ նրանք տեսնեն, թե ինչպես է աշխատում Եվրոպան: Մեկ այլ ծրագրով արցախցի երիտասարդների ենք բերում. այս պահին Արցախից երիտասարդ դիվանագետ կա մեզ մոտ:

Հարկ է նշել, որ զբաղվում ենք նաև Սիրիայի մեր հայրենակիցների հարցով. նրանց անվտանգության խնդրով Եվրոպայի կարևոր դերակատարների հետ հանդիպումներ ենք ունեցել: Մարդասիրական օգնություններ ենք ուղարկել Իրաք և Սիրիա  Միջին Արևելքի քրիստոնյա համայնքների միության միջոցով: Քեսաբի իրադարձություններից հետո պատվիրակություններ ենք ուղարկել Սիրիա, որ դեպքերը ճիշտ ներկայացվեն: 14 երկրում կառույց ունենք, որտեղ հայության հարցերով ծրագրերին օժանդակություն ենք ցուցաբերում:

- Ադրբեջանի կողմից կաշառված եվրոպացի պատգամավորների նկատմամբ պատշաճ գործողություններ կատարվեցի՞ն:

- Ստրասբուրգում և Բրյուսելում մեծ աղմուկ բարձրացավ, և այդ կաշառված եվրոպացի պաշտոնյաները ստիպված եղան հրաժարվել իրենց պաշտոններից: Ես անցած տարի հայտարարել էի, որ մենք նրանց հանգիստ չենք թողնելու, և այդպես էլ եղավ` իրենց պաշտոններից հրաժարվեցին 2 բելգիացի, գերմանացիներ: Բացահայտումը մենք չարեցինք, բայց պատկան մարմիններին տեղ հասցրեցինք խնդիրն ու իրավիճակը, հատկապես Բրյուսելում լուրջ աշխատանք տարանք: Մեր պատվիրակություններն էլ լուրջ գործ արեցին, և այդ պաշտոնյաներին նույնիսկ արգելվեց մուտք գործել շենք: Այսքան կոշտ եղավ ԵԽԽՎ-ի պատիժը: Հիմա Ադրբեջանը խաղը Ստրասբուրգից տեղափոխել է Բրյուսել, բայց այստեղ ավելի բարդ է լինելու, որովհետև մոնիտորինգն ուժեղ է: Իհարկե, դարձյալ փորձեր արվում են, բայց մենք էլ ձեռքերը ծալած նստած չենք: Սա է պատճառը, որ, փորձելով հավասարակշռել իրավիճակը, ինձ սկսեցին մեղադրել, թե ադամանդի գործ եմ անում, մեծահարուստ եմ և  աշխարհի կեսն իմ ձեռքում է: Եթե այդպես լիներ, հայկական հարցը լուծված կլիներ: Նրանք ոչ մի բանի առաջ չեն կանգնում: Շատ կարևոր է նաև հայատյացության հարցը: Մենք օտարներին բացատրել ենք, որ պատմության մեջ պարտադրված ենք եղել միասին ապրել, բայց Ադրբեջանի` երիտասարդներին թունավորելու քաղաքականությունն անհնարին է դարձնում արցախցու` նրանց կողքին ապրելը: Մենք ասում ենք, որ խնդիրը նրանց մեջ է, իսկ մենք մեր ժողովրդի անվտանգության մասին ենք մտածում` սա կյանքի և մահվան հարց է:

- Եվրոպայի հայերն ի՞նչ սպասելիքներ ունեն Հայաստանի նոր իշխանությունից և առաջիկայում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններից: Կցանկանայինք տեղեկանալ նաև, թե Դո՞ւք ինչ ակնկալիքներ ունեք:

- Եվրոպայի հայերը մեծ ոգևորությամբ ընդունեցին թավշյա հեղափոխությունը, ի վերջո, նրանց մեջ մեծ թիվ են կազմում Հայաստանից արտագաղթածները: Ըստ իս, սակայն, այդ խանդավառությունը, հեղափոխությունը պիտի վերածվի իրական արդյունքի,  գործի: Այո, նախկին իշխանություններն այլևս չէին կարող շարունակել, և հիմա առաջիկա ընտրությունը կտա լուծումը: Եվրոպայի հայերը սպասում են ընտրությունների արդյունքին: Ես կարծում եմ, որ արտահերթ ընտրությունները պիտի անցնեն թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան, որպեսզի միջազգային դիտորդները նույն կարծիքը հայտնեն, ինչ Արցախի ընտրությունների դեպքում: Բոլոր կուսակցությունները պիտի ունենան նույն իրավունքները: Ես բոլորին պատրաստ եմ օժանդակել հայության հարցերով: Բայց ես դաշնակցական եմ, և ինձ համար կարևոր է Դաշնակցության հաջողությունն ու ներկայությունը նոր  խորհրդարանում: Շատ երկրներ կերազեին, որ Դաշնակցության նման կառուցողական ուժ լիներ իրենց երկրում` թե´ ներքին խնդիրների համատեքստում, թե´ արտաքին: Արմեն Ռուստամյանը ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ամենահին անդամն է և կարող է վկայել, որ իր շնորհիվ հայերի համար կրիտիկական հարցերում Հայաստանը ստացել է սոցիալիստական խմբի աջակցությունը և պաշտպանությունը:

Զրուցեց Մարիամ ՊԵՏՐՈՍՅԱՆԸ

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica