close
Եղանակը Երևանում
16 Դեկտեմբերի 2018
-1°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Դեկ 2018
USD1484.87
GBP1609.92
EUR1547.37
RUB17.30
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման. Արթուր Խաչատրյան

Հասարակություն

13 Նոյեմբերի 2018, 10:42
 Հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման. Արթուր Խաչատրյան

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանն արտահերթ խորհրդարանական ընտրություններին ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելու է կա՛մ Երևանում, կա՛մ Շիրակի ընտրատարածքում: «Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք, որովհետև մենք իրական այլընտրանք ենք: Մեր խնդիրն այժմ ուղղակի հետհեղափոխական զարգացումն է, հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց Ա. Խաչատրյանը:

Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ՀՅԴ անդամը չի բացառում համագործակցությունը ՔՊ-ի, ՀՀԿ-ի կամ այլ ուժերի հետ. «Համագործակցում են խնդիրների իրականացման շուրջ: Եթե ՔՊ-ն որոշակի խնդիր է դնում, որը մեզ համար ընդունելի է և ճիշտ է, մենք համագործակցելու ենք ՔՊ-ի հետ, եթե խնդիր է դնում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ այլ ուժ, նրանց հետ ենք համագործակցում»:

– Դեկտեմբերի 9-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրություններին Դուք ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելո՞ւ եք, եթե այո, ապա որ ընտրատարածքում:

– Ամենայն հավանականությամբ կառաջադրվեմ, իսկ ընտրատարածքի մասով դեռ կամուկացի մեջ եմ:

– Դուք մոտ մեկ տարի Շիրակի մարզպետի պաշտոնում եք եղել, Շիրակի մարզն ընդգրկող, թե՞ այլ ընտրատարածքում կարող է առաջադրվեք:

– Ես գրանցված եմ և ապրում եմ Երևանում: Շիրակում եղել եմ մեկ տարի, բայց բավականին դրական հետք եմ թողել: Այնպես որ, երկու այլընտրանքն էլ կա՝ կամ Շիրակում, կամ Երևանում: Կուսակցության հետ պետք է քննարկեք հարցը և վերջնական որոշում կայացնենք:

– Շիրակի մարզում պայքարը բավականին թեժ է՝ ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, ներկայիս մարզպետ Կարեն Սարուխանյան:

Այդ պատճառո՞վ է, որ հնարավոր է Շիրակում չառաջադրվեք:

– Ոչ, կուսակցության նպատակահարմարության խնդիրն է: Կարծում եմ՝ Երևանում շատ ավելի թեժ է լինելու: Ես գրանցված եմ Արաբկիրում, այսինքն, եթե Երևանում առաջադրվեմ, ապա Արաբկիր-Դավթաշեն-Աջափնյակ ընտրատարածքում:

 Ընդհանրապես, ընտրություններում Ձեր անհատական և կուսակցության շանսերն ինչպե՞ս եք գնահատում:

– Դրական: Մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, մեր սկզբունքները և կարող ենք լինել իրական այլընտրանք՝ հանդես գալով ազգային արժեքների պահպանման և սոցիալական արդարության միջև:

– Կարծո՞ւմ եք, որ ՀՅԴ-ն խորհրդարանում նվազագույնը ներկայացված 3 ուժերից մեկն է լինելու:

– Ընտրություններից առաջ կանխատեսում անելը ճիշտ չէ, բայց, իհարկե, այդպես եմ կարծում: Ես լիահույս եմ, վստահ եմ, որ մենք կհաղթենք, որովհետև մենք իրական այլընտրանք ենք, մենք աջակցել ենք հեղափոխությանը, մեր խնդիրն ուղղակի հետհեղափոխական զարգացումն է: Հեղափոխականության էջը պետք է փակել և գնալ երկրի զարգացման: Մենք տեսնում ենք որոշակի ռիսկեր թե երկրի զարգացման ուղղությամբ, թե սոցիալ-տնտեսական քաղաքականությունում, մասնավորապես, այդ 100 հազար հոգուն դուրս թողնելը հանրային հատվածից, 800 հազար հոգուն «բեռ» կոչելը: Վտանգներ ենք տեսնում նաև արտաքին քաղաքականությունում և այստեղ մենք ունենք մեր մոտեցումները ու պատկերացումները:

– Վարչապետի խորհրդականի՝ 100 աշխատակիցներին պետական ապարատից կրճատելու և Նիկոլ Փաշինյանի՝ «350 հազար մարդ ճռռում է, որ պահի 800 հազար մարդու» հայտարարությունների մասի՞ն է խոսքը:

– Այո, պետությունը չի կարող այդպես անել: Այսինքն՝ պետությունը պետք է պատասխանատու լինի բոլորի նկատմամբ:

– Ներկայիս իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ պետական ապարատն ուռճացված է, պետք է օպտիմալացում լինի և պետական ծառայողները մասնավոր սեկտորում տեղավորվեն:

– Նախ պետք է այլընտրանք ստեղծել այդ մարդու համար: Եթե դու իր համար այլընտրանք չես ստեղծում, նրան ուղղակի շպրտում ես դուրս: Իսկ հաշվի առնելով մեր ազգի մոբիլությունը, այդ մարդն իր տունը կվաճառի, ճամպրուկը կհավաքի և երկրից կգնա: Առանց այդ էլ դեմոգրաֆիական աղետի առաջ ենք կանգնած, հիմա էլ թողենք, որ ևս 50-100 հազար հոգի գնա՞ն:

– Դաշնակցությունը 2016 թ.-ին ՀՀԿ-ի հետ էր կոալիցիայի մեջ, այնուհետև դուրս եկավ, հետագայում «Քաղաքացիական պայմանագրի» հետ ազգային համաձայնության կառավարություն ձևավորեցիք և մի քանի ամիս անց դուրս եկաք, նաև Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալման համար շատերը ՀՅԴ-ին էին մեղադրում: Այդ վերջին տարիների իրադարձությունները չե՞ն ազդի ՀՅԴ ձայների վրա:

– Երկու պատգամավոր չեն եկել, բայց քանի՞ հոգի չեն եկել, ովքեր իրենց հավատարմությունն էին հայտնել վարչապետին և իշխող քաղաքական թիմին: Նրանք, ովքեր քննադատում էին ՀՅԴ-ին անձրև գալու կամ շոգ լինելու համար, միևնույն է, մեր ընտրազանգվածը չեն: Տեսեք, մենք ՀՀԿ-ի հետ 1998 թ.-ից ենք եղել, այն ժամանակ, երբ Լևոն Տեր-Պետրոսյանը գնաց, երկրին սպառնաց սոդոմ-գոմորով, պատերազմով, մերժում էր Ցեղասպանության միջազգային ճանաչման անհրաժեշտությունը, «Պատերազմ, թե խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածն էր գրել և այստեղ արդեն պետք էր պետությունն ուժեղացնել և թե՛ Ղարաբաղի, թե՛ Ցեղասպանության ճանաչման ու պահանջատիրության հարցում հզոր դիրքորոշում էր պետք որդեգրել: Բայց վերջին մի քանի տարիների փորձը մեզ ցույց տվեց, որ երկրում, քանի դեռ չի ձևավորվել իրական կոալիցիոն կառավարում, որտեղ կառավարության մասնակցությունը պայմանավորված է ԱԺ-ում մասնակցությամբ, կառավարությունում մասնակցելն այդքան էլ ճիշտ մոտեցում չէ: Մենք կառավարության մաս էինք, որոշակի հաջողությունների հասանք, բայց հաջողությունների հետ մեկտեղ նաև, փաստորեն, կրել ենք ձախողումների պատասխանատվությունը:

– Առաջիկա ԱԺ ընտրություններին ՀՅԴ-ն առանձի՞ն է մասնակցելու:

– Այո:

– Ընտրություններում հաջողության հասնելու դեպքում ՀՀԿ-ի կամ ՔՊ-ի, կամ այլ ուժի հետ համագործակցությունը հնարավոր համարո՞ւմ եք:

– Համագործակցում են խնդիրների իրականացման շուրջ: Եթե ՔՊ-ն որոշակի խնդիր է դնում, որը մեզ համար ընդունելի է և ճիշտ է, մենք համագործակցելու ենք ՔՊ-ի հետ, եթե խնդիր է դնում ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն կամ այլ ուժ, նրանց հետ ենք համագործակցում: Այսինքն, համագործակցում են ոչ թե կուսակցությունների հետ, այլ համագործակցության բազիսը խնդիրն է, որը պետք է լուծել, և նաև ընդդիմության բազիսն է խնդիրը, որը պետք է լուծել:

7 օր առաջնագծում
15 Դեկտեմբերի 2018, 15:05 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica