close
Եղանակը Երևանում
15 Սեպտեմբերի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Սեպ 2019
USD1476.18
GBP1592.94
EUR1528.61
RUB17.41
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարույր Սանթրոսյան. «Երևանյան սինդրոմ» (դիագնոզ)

Թուղթուգիր

9 Նոյեմբերի 2018, 23:05
 Պարույր Սանթրոսյան. «Երևանյան սինդրոմ» (դիագնոզ)

-Уважаемые пассажиры, наш самолет произвел посадку в аэропорту города Ванкувер. Температура в городе 18 градусов. Просьба оставаться на местах до полной остановки двигателя. Наш полет окончен. Желаем вам всего доброго. Օդաչուի վերջին խոսքերը չլսեց ու վեր կացավ` չնկատելով անհանգիստ շարժումներ անող ուղեկցորդուհուն։ Երկար թռիչքն էր պատճառը, թե անցանկալի ու պարտադրված հրաժեշտը, բայց ձգտում էր րոպե առաջ հասնել տուն, հանել Նրա բույրով ներծծված վերնաշապիկն ու կանգնել տաք ցնցուղի տակ։ Վերնաշապիկը անհրաժեշտ էր դեն նետել, ու նաև Նրա նվիրած վզնոցը։ Ոչինչ չպետք է հիշեցներ Նրան, իր երևանյան վերջին այցելությունը, այդ չարաբաստիկ ներկայացումը, որի ընդմիջմանն էլ հանդիպեցին։ Ոչինչ չպետք է խանգարեր վերադառնալ միապաղաղ, ապահով, երկարակեցության համար բոլոր պայմանները ստեղծած վանկուվերյան իրականություն։ Անհրաժեշտ էր մոռանալ, ջնջել հիշողությունից վերջին ամիսը՝ երևանյան սինդրոմը։ Տաք ցնցուղը, ծանրաբեռնված աշխատանքը, ամենօրյա վազվզոցը կօգնեին, հավանաբար...

Հիմա պիտի մտմտաք, թե որն է երևանյան սինդրոմը։ Ստոկհոլմյանը, երբ զոհը սկսում է խղճալ և նույնիսկ համակրել հանցագործին: Ստենդալյանը ավելի յուրահատուկ է ու առաջին հայացքից ծիծաղելի է։ Ասենք պատկերասրահում ծանոթանում ես արվեստի գործերի հետ կամ երաժշտություն ես լսում որևէ համերգասրահում, ինչ-որ առիթով հանդիպում ես աներևակայելի գեղեցկության տեր մարդու…

Ու հաջորդում է գլխապտույտ, հալյուցինացիա, սրտխփոց, հիստերիա: Ակնհայտ է` Ստենդալյան սինդրոմն իր իրավունքների մեջ է։

Առաջին հայացքից այս ամենը մեզ չի սպառնում։ Նախ աշխարհի պատկերասրահներում գրեթե չենք լինում, հետո էլ որտեղի՞ց գտնել աներևակայելի գեղեցկության տեր մարդու մեզանից բացի։ Չնայած` կարծես սա նարցիսիզմ է կոչվում։

Իսկ երևանյանը։ Երևանյան սինդրոմը մերն է, մեզանից շատերինը։ Մեր պանդուխտ կյանքն է անհրաժեշտ համարել սրա առաջացումը։ Որևէ օտար երկրի գետտոյում, մի որոշ ժամանակ ապրելով, հաճախ նաև էն չարաբաստիկ գրին քարտը շահելով ու ամերիկաներում դեգերելուց հետո` կարոտած ու չկայացած անձնական կյանքն ուսերիդ վերադառնում ես Երկիր Հայրենի, ամեն տեսակ բարեկամ հարևանից, ծնողներից, տատ ու պապից կամ նրանց գերեզմանից կարոտդ առնելու ու այս ամբողջ բարեկամա-գերեզմանային շրջապտույտում հանդիպում ես այն տղամարդուն կամ կնոջը, ով որևէ տեղ չի մեկնել, դե գործուղումներից բացի, մնացել է, չի հեռացել, դեռ մի կարգին չի էլ ծերացել։ Հասցրել է ամուսնանալ , բայց ոչ քեզ հետ, երեխաներ ունենալ, բայց ոչ քեզանից։ Քանզի, չէ, ամենայն հավանականությամբ, իսկ ավելի ճիշտ ՎՍՏԱՀԱԲԱՐ, ժամանակին հանդիպել ես Նրան Երևանի փողոցներում ու բանատեղ չես դրել, որովհետև այդ շրջանում ուշք ու միտքդ գետտոն էր կամ գրին քարտը։ Ու երբ ապահով երկրներում տարիներով բանելուց հետո կուշտ, բայց անհոգի կյանքդ շալակած եկել ես հետ գցած երկու կոպեկդ ազգականներիդ հետ երևանյան սրճարաններում ու թատրոններում մսխելու, պատահաբար, չէ, ամենայն հավանականությամբ, անհրաժեշտաբար, որևէ մեկը ծանոթացնում է ձեզ։ Ու դուք երկուսդ էլ այլ ելք չունեք, քան գոնե հետաքրքրվելն իրարով։ Հետաքրքրությունը սահմանափակ ժամանակահատվածի համար է։ Քանզի Նա կմնա, Դու կվերադառնաս քո Բըրբանքը կամ Սիդնեյը։ Բաժանվելիս կերդվեք, որ ամեն ինչ կանեք կրկին հանդիպելու համար։ Բայց մեկնելուցդ որոշ ժամանակ հետո Նա առաջվա պես կկռանա ամենօրյա հոգսերի բեռի տակ, Դու քո բըրբանքերում կլծվես միապաղաղ կյանքիդ սայլին, երբեմն-երբեմն Հայրենիքից եկած որևէ անճաշակ երգիչ-երգչուհու համերգին կվազես, գուցե նույնիսկ հավանես այդ մուղամ-երաժշտությունը, հաջորդ արձակուրդդ կանցկացնես ոչ թե Երևանում, այլ ասենք Կուբայում… Բայց, միևնույն է, Երևանյան սինդրոմը քեզ հանգիստ չի տա ։ Նրան էլ։ Որովհետև եթե ժամանակին, երբ երիտասարդ էիք ու երբ գուցե պատահաբար հանդիպել էիք ու չէիք էլ նկատել իրար, դա հենց ձեր երկուսի ժամանակն էր։ Բայց Դու ընտրությունդ կատարեցիր, Նա մնաց առանց ընտրության։

Ու եթե այդ չարաբաստիկ օրը անգործ չլինեիր, եթե թատրոն գնալու պատրաստվող ընկերուհիդ քեզ զոռով քարշ չտար իր հետ, դուք թատրոնի նախասրահի միակ մոխրամանի մոտ (մոխրամանի մոտ, ռոմանտիկ է , չէ՞) չէիք հանդիպի։ Իսկ հանդիպեցիք, որովհետև պետք էր հանգցնել՝ Նա իր օրվա դառնությունը խեղդելու, Դու՝ մոդայիկ երևալու համար վառած ձեր սիգարետները։ Արդեն լեցուն մոխրամանի հարևանությամբ մեկ-երկու նախադասություն պիտի փոխանակեիք երևանյան եղանակի մասին, ներկայացման ավարտին, իբր էլի պատահաբար, իրար էիք զիջելու դահլիճից դուրս գալու հերթը, ժպտալու էիք աննկատ և սոցիալական ցանցերի այս մատրիցայում, Նա գտնելու էր քեզ։ Ու 5-10 րոպե կամուկացից հետո Դու պատասխանելու էիր Նրան, թողնելու էիր հեռախոսահամարդ, համաձայնվելու էիր հանդիպել անմեղ ու անշառ սուրճ, ընդամենը մեկ գավաթ սուրճ, լավ մեկ էլ առավելագույնը 50 գրամ բակարտի խմելու՝ երևանյան տապից ուղղակի մի քանի ժամով իբրև թե ցրվելու համար։ Հա, իբրև թե, քանզի հաջորդ օրն իսկ ցանկանալու էիր կրկնել սուրճը, բակարտին, շնչելու Նրան ու Նրա ներկայությունը։ Դե քանի դեռ մինչև ամռան ավարտը ժամանակ ունեիր, կհասցնեիր ազգականների շրջապատից կտրվել ու հանդիպել Նրան ։ Ու քանզի քո կյանքն էդպես էլ չէր դասավորվել, Նա էլ, չնայած, լռում էր, բայց աչքերից կաթում էր աշխարհից փախչելու անհագուրդ ցանկությունը, վերջապես, հետո` նաև մինչև ամառվա ավարտը, հանդիպելու էիք մեկ, երկու, տասը, քառասուներկու անգամ։ Ու ի վերջո, գալու էր այն սպասելի, ենթադրելի ու տրամաբանական պահը, երբ Նա նախաձեռնելու էր, Դու չեիր ընդդիմանալու...

Հետո էլի, հետո ավելի հաճախ, հետո ավելի աննկարագրելի, ինչպես երբեք...

Ու չնայած հիմա Վանկուվերի փոքրիկ բնակարանի լոգարանում փորձում էր մաքրվել ճանապարհի փոշուց ու վերջին իրադարձությունների մասին չհեռացող մտքերից, բայց իզուր։ Երևանից իր հետ տարել էր ոչ միայն տարբեր վերնիսաժյան հուշանվերները, ազգականների նվիրած անկրկնելի երեք աստղանի կոնյակի հատուկ երեսուն տարի պահած-պահպանած շշերը, այլ նաև Նրա ժպիտը, Նրա հետ անցկացրած ժամանակի հիշողությունը, նրա ծխախոտի կիսադատարկ տուփը, նրա նվիրած վզնոցը։ Որովհետև հիվանդացել էր, հիվանդացել Երևանյան սինդրոմով…

Տաք ցնցուղը թմրեցրեց, բայց չհանգստացրեց շատերի համար ցանկալի, բայց քչերին ու այդ քչերի մեջ հենց Նրան հասանելի դարձած մարմինը։ Քունը կկարգավորեր ամեն ինչ։ Հա, ու չնայած խոստացել էր հասնելուն պես զանգահարել, բայց հաստատ որոշել էր չանել դա երբեք։ Վաղն էլ ու հաջորդ օրերին էլ։ Երևանյան սինդրոմը անբուժելի չէ։ Ժամանակի հետ կանցնի։ Հիմա քնելը կփրկեր…

… Ինչ-որ բան ստիպեց հոգնածությունից շաղվող աչքերով հեռախոսի ստեղնաշարի վրա հավաքել տառերի անհասկանալի կույտն ու ուղարկել մայրցամաքից-մայրցամաք։

Երևան–Մոսկվա-Վանկուվեր թռիչքից 23 ժամ հետո Նա կարդաց կարճ հաղորդագրությունը.

-Արդեն կարոտել եմ քեզ։

Երևանյան սինդրոմն իր իրավունքների մեջ էր…

14.06.2017

Բերքի տոն՝ Երևանում
14 Սեպտեմբերի 2019, 16:05 Բերքի տոն՝ Երևանում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica