close
Եղանակը Երևանում
17 Նոյեմբերի 2018
+5°
+11°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Նմբ 2018
USD1485.72
GBP1621.53
EUR1550.71
RUB17.35
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Կտեսնեք` Կարսն էլ կվերցնեմ, աղջկաս այնտեղ թագուհի կդարձնեմ. կնոջ հուշերը Թաթուլ Կրպեյանի մասին

Հասարակություն

18 Հոկտեմբերի 2018, 18:28
 Կտեսնեք` Կարսն էլ կվերցնեմ, աղջկաս այնտեղ թագուհի կդարձնեմ. կնոջ հուշերը Թաթուլ Կրպեյանի մասին

«Թաթուլը հայ տղամարդու ` մինչ այժմ  իմ ճանաչած իդեալական կերպարն է, որովհետև, լինելով ուժեղ, հզոր, առնական, միաժամանակ շատ քնքուշ հոգի ուներ»,- ամուսնու` ՀՀ Ազգային հերոս, ՀՅԴ անդամ Թաթուլ Կրպեյանի մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց Իրինա Բարսեղյան-Կրպեյանը:

- Թաթուլ Կրպեյան ռազմական գործիչն իր հայրենանվեր գործունեությամբ և Արցախյան պատերազմում ունեցած մեծ ներդրումով բոլորին է հայտնի: Նրա բնավորության ո՞ր գծի մասին քչերը գիտեն: Ինչպիսի՞ն էր նա` որպես ամուսին և հայր: 

- Երբ հարցը վերաբերում էր իր ժողովրդի, հայրենակիցների անվտանգությանը, Թաթուլը հակառակորդի հանդեպ կարող էր լինել անհանդուրժող, սարսափելի, բառիս բուն իմաստով` ամենավտանգավոր անձը, սակայն մտերիմների, ընկերների և ընտանիքի հանդեպ ամենանուրբ ու ամենաքնքուշ զգացմունքներն էր տածում, հուզվելիս կարող էր անգամ արտասվել: Նրա հուզական դաշտը շատ ուժեղ էր, և դրանով էր արտահայտվում նրա քնքուշ հոգին: Դրանով էր պայմանավորված նաև նրա բանաստեղծական հոգին` պոետի կերպար ուներ:  

Թաթուլը շատ ընկերական մարդ էր: Նրա հետ կարող էիր ամեն հարցով զրուցել, երբեք որևէ  խնդիր չէիր ունենա: Միշտ հարցի լուծումը գտնում էր: Նա հզոր թիկունք էր ոչ միայն ընտանիքի, այլև ընկերների համար: Նրանք միշտ Թաթուլի հետ քննարկում էին տարբեր հարցեր և գտնում իրենց հուզող խնդիրների պատասխանները:

- Իսկ որպես դաշնակցակա՞ն:

- Մեր ընտանիքում մենք ունենք օրինակելի դաշնակցականի իսկական կերպար. նա իմ  ճանաչած ամենանվիրյալ դաշնակցականն է, դրանից առավել ես չեմ պատկերացնում: Թաթուլը կապված էր ոչ միայն 128-ամյա Դաշնակցության հետ արմատներով, այլև նորովի էր պատկերացնում այն, նոր որակներ էր ստեղծում և իր գործով ցույց տվեց, թե ինչպիսին պետք է լինի 20-րդ դարավերջի դաշնակցականը:

- Կպատմե՞ք ամենահիշարժան դեպքերից մեկը:

- Քանի որ Թաթուլն ավելի շատ հայտնի է որպես ռազմական գործիչ, շատերը կարծում են, թե նա ավելի խիստ ու կտրուկ էր: Իրականում նա շատ հումորով էր, նրա հետ հնարավոր չէր լուրջ նստել:

Մինչև մեր դստեր` Ասպրամի ծնվելը Թաթուլն սպասում էր , որ պետք է տղա ունենա և անզիջում էր այդ միտքը բոլորին հաղորդելիս: Այն ժամանակ մենք չունեինք երեխայի սեռը ստուգելու հնարավորություն, բայց նա բոլորին ասում էր` ես զույգ տղա եմ ունենալու: Եվ երբ ծնվեց Ասպրամը, այդ օրը մեծ ուրախություն էր եղել, հետո ընկերները պատմեցին այդ մասին: Հանրակացարանի սենյակում ընկերներով  հավաքված են եղել, ընկերներից մեկը կատակել է`  ասում էիր` տղա-տղա, տեսա՞ր` աղջիկ ծնվեց: Թաթուլը  հսկայամարմին էր, իսկ տղան, ով այդ կերպ էր արտահայտվել, ավելի փոքրամարմին: Ընկերները պատմում են, թե ինչպես է Թաթուլն այդ տղային բռնել, բարձրացրել գլխից վերև ու այնպես խփել հանրակացարանի մահճակալին, որ մահճակալը կոտրվել է: Այդքանից հետո էլ հավելել է` տղամարդուց տղա է ծնվում, լավ տղամարդուց` աղջիկ:  Այդ հարցն այդպես փակվեց , այլևս ոչ ոք չէր համարձակվում ասել, որ աղջիկ ես ունեցել:

- Ո՞վ որոշեց Ասպրամի անունը, և ինչո՞ւ` Ասպրամ:   

- Ասպրամի անունը Թաթուլն է դրել: Թեև արու զավակի էր սպասում, բայց ես մայրական բնազդով զգում էի, որ աղջիկ է ծնվելու: Ես Նարե անունն էի ուզում, որովհետև տատիկս իր անվան մեջ ունի Նարե անունը, և շատ էի սիրում: Բայց նա ասում էր` Ասպրամ, նշում էր, որ քիչ տարածված է, նաև շատ ոգեշչնված էր «Գևորգ Մարզպետունի» վեպով և սիրում էր այդ անունը: Պայմանավորվեցինք` եթե տղա ծնվի ես էի որոշելու անունը, եթե աղջիկ` նա:  

Մեր կյանքում շատ խորհրդանշական պատմություններ են եղել,  և, կարծես, ի վերուստ է այդպես: Ասպրամի ծնունդը դրանցից մեկն է, նա ծնվեց Արցախյան շարժման երևանյան առաջին ամենամեծ ցույցի օրը` փետրվարի 20-ին, երկու տարի անց: Երբ Ասպրամը ծնվեց, Թաթուլը մեզ գյուղ տարավ: Այն ժամանակ ընդունված էր` քառասունքը պետք է  ծննդկանն անցկացներ մեծերի կողքին, որպեսզի նրան օգնեին: Ինձ ու երեխային տարավ իր հայրենի տունը: Երբ արդեն մոտենում էինք, Թալինի ճանապարհին հեռվում երևաց Արտենի լեռը, որին տեղացիները Բուղութ էին ասում: Նա կանգնեցրեց մեքենան ու, չնայած իմ զգուշացմանը, որ երեխան կմրսի, վերցրեց բարուրը, հանդիսավոր կերպով իջավ մեքենայից, ասես, ծիսակարգ էր իրականացնում, գլխից վեր բարձրացնելով երեխային, մեկնեց դեպի Արտենի լեռն ու ասաց. «Բուղո´ւթ ջան, Բուղո´ւթ, քեզ Կարսի թագուհի եմ բերում»:

Քանի որ Արցախյան շարժումից  անցել էր երկու տարի, և  խոսել Արևմտյան Հայաստանի մասին, երբ անգամ Արցախի ազատագրումն էր անհասանելի թվում, մենք կատակեցինք, բայց  նա ասաց. «Կտեսնեք` Կարսն էլ կվերցնեմ, աղջկաս այնտեղ թագուհի կդարձնեմ»: 

- Ասպրամը վերջերս ընդունվել է Օքսֆորդի համալսարան: Շուշիից Օքսֆորդ տանող ճանապարհն ինչպե՞ս ընթացավ:

- Երբ զինադադարը նոր էր կնքվել, մենք գնացինք Շուշի` կամավորական աշխատանքների մասնակցելու: Դաշնակցական մեր ընկերներն այնտեղ «Արամ Մանուկյան» վարժարանն էին հիմնադրել, մենք էլ միացանք նրանց: Քանի որ, բացի պատմությունից, ես  նաև անգլերեն էի դասավանդում տարրական դասարանների աշակերտներին, Ասպրամը ստիպված էր լինում գալ, նստել դասերին: Այդ ժամանակ շատ փոքր էր` ընդամենը 4 տարեկան:  Փաստորեն, Ասպրամի առաջին վարժարանը եղել է Շուշիում: Լիբանանահայ մեր ընկեր Զաքար Քեշիշյանն այդ վարժարանում հիմնադրեց երգչախումբ, և Ասպրամն այդ երգչախմբի առաջին սաներից էր:

Տարիներ անց Ասպրամն ավարտեց ԵՊՀ իրավաբանության ֆակուլտետը, հետո սովորեց Ժնևի ակադեմիայում` մագիստրատուրան` մարդու իրավունքների և մարդասիրական իրավունքի գծով: Նրա երազանքն էր ընդունվել Օքսֆորդի համալսարան: Ես միշտ ասում եմ` եթե երիտասարդ լինեի և հնարավորություն ունենայի լավագույն համալսարաններում սովորելու, կսովորեի: Գուցե դա էլ է նպաստել, բայց, ամեն դեպքում, ավելի շատ նրա ձգտումն է եղել: Եթե մարդը ձգտում չունենա, այդ քայլին չի գնա: Այդ ձգտումը, նվիրումը և լավ կրթություն ստանալու ցանկությունը նրան հասցրեցին Օքսֆորդի համալսարան, որտեղ մագիստրոսական ծրագրով այժմ դիվանագիտություն է ուսումնասիրում:

- Վերջապես, ինչպե՞ս ծնվեց Թաթուլ Կրպեյանի անունով այգի ունենալու գաղափարը:

- Թաթուլի զոհվելուց հետո անընդհատ մտածում էի` ինչպե՞ս կարելի է Ազգային հերոսի կոչում ունենալ, պարգևատրված լինել Հայրենիքի բարձրագույն շքանշանով, բայց մայրաքաղաքում չունենալ նրա անունով որևէ հաստատություն: Նրա անունով կային դպրոցներ, բայց` ոչ մայրաքաղաքում: Միայն ԵՊՀ-ի պատմության ֆակուլտետում կար լսարան, որն անվանակոչվել էր նրա անունով, և այնտեղ տեղադրվել էր կիսանդրի: Նրա անունով կոչված մեկ փողոց անգամ չկար, իսկ դա հենց մեզ` ապրողներիս է պետք, մենք դրանով արժևորում ենք և սերունդներին փոխանցում նրա հիշատակը: 2015 թվականին` Թաթուլի ծննդյան 50-ամյակի պետական միջոցառումների շրջանակում մենք բարձրացրեցինք այս հարցը՝ հորդորելով կառավորությանը` առաջարկն անպայման հաշվի առնել: Արդյունքում`Նորքի առաջին զանգվածում թիվ 62 դպրոցը և Լվովյան փողոցի ու Գայի պողոտայի հատման անկյունում եղած այգին կոչվեցին Թաթուլի անունով: 2017 թվականի գարնանն էլ նրա ծննդյան առիթով այգում բացեցինք Հայաստանի ժողովրդական նկարիչ և քանդակագործ Լևոն Թոքմաջյանի հեղինակած` Թաթուլի կիսանդրին: Այդպիսով, բացի Քաշաթաղի շրջանում նրա անունով պուրակից, Կովսականի և նրա հայրենի գյուղում` նրա անունով կոչված դպրոցներից, Թաթուլ Կրպեյանն արդեն ներկա է նաև մայրաքաղաքում:

Զրուցեց Արազ Գայմագամյանը

Ընտրակաշառք` Փաշինյանից
17 Նոյեմբերի 2018, 19:19 Ընտրակաշառք` Փաշինյանից
Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
17 Նոյեմբերի 2018, 11:12 Հարցեր՝ Իշխան Սաղաթելյանին
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica