close
Եղանակը Երևանում
14 Դեկտեմբերի 2018
+0°
+3°Ցերեկ
-1°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Դեկ 2018
USD1485.23
GBP1614.16
EUR1551.80
RUB17.32
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զոհրաբյանն առաջարկում է Երևանի տոնը նշել կոնկրետ օր. կառավարությունը դեմ է

Հասարակություն

17 Հոկտեմբերի 2018, 15:02
 Զոհրաբյանն առաջարկում է Երևանի տոնը նշել կոնկրետ օր. կառավարությունը դեմ է

Այսօր պետաիրավական հանձնաժողովում ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ներկայացրեց նախագիծ, որով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության տոների և հիշատակի օրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարել:

Պատգամավորն առաջարկում է, որ մայրաքաղաք Երևանի տոնն ունենա ֆիքսված օր և նշվի հոկտեմբեր ամսվա երկրորդ կիրակի օրը:

«Առաջարկս շատ պարզ է: Երևանը մեզ համար միայն մայրաքաղաք չէ, Երևանը շատ ավելին է, քան միայն մայրաքաղաքը: Էրեբունի-Երևանի օրը կառավարության որոշմամբ նշվում է տարբեր օրերի: Առաջարկում եմ, որ այն նշվի հոկտեմբերի երկրորդ կիրակի օրը»,- ասաց նա և հավելեց, որ իր համար տարօրինակ կլինի կառավարության առարկությունը:

Ըստ Զոհրաբյանի` սա ավելի շատ բարոյական հարց է: Նա բերեց տոների օրինակներ` Ուսուցչի տոն, Գիտելիքի օր, Ուսանողի օր, և ասաց, որ եթե այս օրերը նշվում են և ունեն ֆիքսված օր, ապա Երևանի տոնն էլ պետք է ունենա:

Հարակից զեկուցող Ռուստամ Մախմուդյանն էլ նշեց, որ նախագծի բուն բովանդակության մասով առարկություն չունի: «Մի բան կարող եմ ավելացնել` Երևանի տոնի օրվա հստակեցումն իր խորհուրդն ունի. Հայաստանից դուրս ապրող մեր հայրենակիցները, եթե իմանան, որ հոկտեմբերի 2-րդ կիրակին Երևանի տոնն է, 3 ամիս առաջ կպլանավորեն, որ այդ օրը գան Երևան»,- ասաց նա և առաջարկեց կողմ քվեարկել նախագծին:

Հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն էլ նշեց, որ կառավարության պաշտոնական դիրքորոշումը չունեն, որովհետև նախարար Պապիկյանը զբաղվածության պատճառով չի կարողացել ներկա գտնվել նիստին և իրեն զգուշացրել է, որ չի կարողանալու գալ: Կոստանյանը նաև նշեց, որ ինքը` որպես հանձնաժողովի նախագահ, հրավիրել է փոխնախարար Վաչե Տերտերյանին:

Մինչ փոխնախարարը դիրքորոշում կհայտներ, Կոստանյանը Զոհրաբյանից հետաքրքրվեց` արդյո՞ք Երևանի տոնի ֆիքսված օր նշանակելու դեպքում չի կորչի ճկունությունը: «Օրինակ` ֆրանկոֆոնիան, հնարավոր չէր լինի համատեղել միջոցառումները»,- ասաց նա:

Զոհրաբյանն էլ հակադարձեց. «Եթե ամրագրվի կոնկրետ օր, դու գիտես, որ դա մեծ պատասխանատվություն է, և ավելի շուտ կսկսես պատրաստվել Երևանի տոնին»:

Կոստանյանը շեշտեց, որ Զոհրաբյանի պատասխանը ողջամիտ էր:

Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը նշեց, որ, այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ հարցը մնա կառավարության որոշմանը` ելնելով ճկունությունից: «Միջոցառումներն իրենցից ենթադրում են լուրջ աշխատանք, կառավարության որոշումով կարգավորելը նպատակահարմար է եղել: Խնդրում ենք տիկին Զոհրաբյանին` թողնենք կառավարության լիազորությանը և առայժմ ձեռնպահ մնանք օրենքում ֆիքսել օրը, միգուցե հետագայում լինեն այլ մոտեցումներ` թե' բովանդակության, թե' ձևի հետ կապված»,- ասաց նա:

Կոստանյանն առաջարկեց, որ հանձնաժողովը կողմ քվեարկի նախագծին, որպեսզի այն ներկայացվի ԱԺ նիստի քննարկմանը: Նա առաջարկեց, որ օրենքում այնպես ամրագրվի, որ հնարավորություն լինի մեկ կամ երկու օր հետաձգել տոնի նշումը:

Հանձնաժողովը միաձայն կողմ քվեարկեց նախագծին: Զոհրաբյանն  էլ շնորհակալություն հայտնեց աջակցության համար և նշեց, որ հարցն իր համար բարոյական է:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica