close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մի շարք ՀԿ-ներ հայտարարությամբ են հանդես եկել Yerevan.today-ում իրականացված խուզարկության կապակցությամբ

Հասարակություն

21 Սեպտեմբերի 2018, 12:15
 Մի շարք ՀԿ-ներ հայտարարությամբ են հանդես եկել Yerevan.today-ում իրականացված խուզարկության կապակցությամբ

Սեպտեմբերի 17-ին «Yerevan.today» լրատվական կայքի խմբագրությունում իրականացված խուզարկությունից հետո անցել է 3 օր, սակայն իրավապահ մարմինները դեռևս հիմնավորումներ չեն ներկայացրել հանրությանն այդ կոշտ գործողությունների անհրաժեշտության վերաբերյալ։ 

Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունել ՀՀ քննչական կոմիտեի՝ սեպտեմբերի 17-ի և 19-ի պաշտոնական պարզաբանումներն առ այն, որ «...խուզարկությունը որևէ առնչություն չի ունեցել և չունի իրականացվող լրագրողական գործունեության հետ, այլ բացառապես ուղղված է` ապահովելու քրեական գործով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը...»։ Թեև խոսքը վերաբերում է Հայաստանի ազգային անվտանգության հետ կապված այնպիսի կարևոր գործի հետաքննությանը, ինչպիսին ԱԱԾ և ՀՔԾ ղեկավարների հեռախոսազրույցի գաղտնալսումն է, այնուամենայնիվ, պաշտոնական պարզաբանումը կարելի է ընկալել միայն որպես հավաստիացում, որը պետք է ամրապնդվի ծանրակշիռ փաստերով և հիմնավորումներով։ Քանի դեռ դրանք չկան, մենք հայտարարում ենք, որ.
- Լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ օպերատիվ գործողություններ իրականացնելիս իրավապահ մարմինները պարտավոր են առավել նրբանկատություն դրսևորել և հաշվի առնել, որ սարքավորումներ առգրավելը և օրեր շարունակ պահելը խափանում է ԶԼՄ-ի աշխատանքը և սահմանափակում է լսարանի՝ տեղեկություններ ստանալու իրավունքը,
- Իրականացված խուզարկության համար հիմք կարող էին ծառայել միայն համապատասխան օպերատիվ տեղեկությունները, բայց ոչ՝ լրատվամիջոցի հրապարակումները, 
- Այդ գործողությունները կարող են դիտարկվել որպես միջամտություն լրատվամիջոցի գործունեությանը և սպառնալ տեղեկատվության աղբյուրների պաշտպանվածությանը,
- Չի կարելի անտեսել խուզարկության՝ լրատվամիջոցի համբավի վրա հնարավոր բացասական ազդեցությունը, ինչպես նաև լրատվական դաշտում ավելորդ զգուշավորություն առաջացնելու վտանգը։
Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.
- Քննչական կոմիտեից՝ փորձաքննության ավարտից անմիջապես հետո հրապարակել դրա հիմնական արդյունքները, ինչից պարզ կդառնա, թե որքանով էին ՀՀ ոստիկանության և ՀՔԾ-ի գործողություններն անհրաժեշտ և համաչափ,
- Ոստիկանությունից և ՀՔԾ-ից՝ հնարավորինս շուտ խմբագրությանը վերադարձնել համակարգիչը և հիշողության կրիչները, քանի որ, կարծում ենք, պրոֆեսիոնալ գործողությունների պարագայում իրավապահները կարող էին 3 օրվա ընթացքում ավարտել «Yerevan.today»-ի հետ կապված փաստերի ու հանգամանքների ուսումնասիրությունը,
- Դատախազությունից՝ պատշաճ վերահսկողություն սահմանել ոստիկանության և քննչական մարմինների գործողությունների նկատմամբ՝ կապված «Yerevan.today»-ում իրականացված խուզարկության հետ՝ քննության առարկա դարձնելով նաև այդ լրատվամիջոցի գլխավոր խմբագրի մատնանշած խախտումները։
Մենք շարունակելու ենք ուշադրությամբ հետևել նախաքննության ընթացքին ու իրադարձությունների զարգացումներին և մեր դիրքորոշումն ու գնահատականները հայտնել հանրությանը։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ
ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ
ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ
ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ
ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ - ՀԱՅԱՍՏԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ
«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ
ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ
«ԻՐԱՎՈՒՆՔԻ ՈՒԺ» ՀԿ
«ՀԱՆՐԱՅԻՆ ՕՐԱԿԱՐԳ» ՀԿ

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica