close
Եղանակը Երևանում
13 Դեկտեմբերի 2018
+5°
+7°Ցերեկ
+0°Գիշեր
weather
close
Փոխարժեք
13 Դեկ 2018
USD1485.12
GBP1608.05
EUR1549.84
RUB17.31
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաղթանակ ներդաշնակության` հարմոնիայի միջոցով

Քաղաքական

5 Սեպտեմբերի 2018, 16:46
 Հաղթանակ ներդաշնակության` հարմոնիայի միջոցով

Մեր երկրում կատարվող փոփոխություններին անմասն չեն մտավորականության ներկայացուցիչները, ովքեր տարբեր առիթներով հանդես են գալիս հանրությանը մտահոգող հարցերի վերաբերյալ իրենց մոտեցումներով և տեսակետներով: Գիտությունների ազգային ակադեմիայի արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ռուբեն Սաֆրաստյանը, օրինակ, վստահեցնում է, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունն ազդարարել է հայոց պետության պատմության մեջ մի փուլի ավարտը, որը կարելի է բնորոշել որպես կապիտալի նախնական կուտակման փուլ: Նրա խոսքով` անցումն այդ փուլից ավելի նորմալ կապիտալիզմին Հայաստանում տեղի ունեցավ հեղափոխության ձևով: Կապիտալի նախնական կուտակման գործընթացը եվրոպական երկրներում կատարվել է շատ ավելի վաղ` ֆեոդալիզմից կապիտալիզմին անցման շրջանում: Եվս մի կարևոր հանգամանք է այն, որ նախ`կապիտալի նախնական կուտակման փուլի ավարտը տեղի ունեցավ Խորհրդային միության տարածքի երկրներից մեկում, ապա` այդ ամենը կատարվեց ժամանակակից այն աշխարհում, որը բնութագրվում է որպես արդյունաբերական 4-րդ դարաշրջան: Այս ամենն իր առանձնահատկություններն է հաղորդում Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությանը, նշում է Ռուբեն Սաֆրաստյանը` հավելելով, թե հայաստանյան  «թավշյա» հեղափոխությունը տարբերվում է բոլոր տեսակի «թավշյա» հեղափոխություններից, ինչը շատ կարևոր նյութ կարող է դառնալ տեսական հետազոտությունների համար:

Անվանի թուրքագետն իր այդ գնահատականներն ու վերլուծությունները ներկայացրել է ոչ միայն Հայաստանում, այլև  արտերկրում, և ամենուրեք դրանք հետաքրքրությամբ են ընկալել: Նա կարծում է, որ հեղափոխությունը մեզ մոտ դեռևս չի ավարտվել և կավարտվի այն ժամանակ, երբ տեղի կունենան խորհրդարանական ընտրություններ, այնպես որ` մենք դեռևս գտնվում ենք հեղափոխական գործընթացներում: Եվ այս առումով Հայաստանում, օրինակ, ընդունելի է անցումային արդարադատության հայեցակարգի կիրառումը, որովհետև դա բավական լավ մշակված  հայեցակարգ է, որ հիմա գոյություն ունի աշխարհում: Նրա դիտարկմամբ` փորձը ցույց է տալիս, որ դա կիրառվում է այն դեպքերում, երբ հասարակություններում տեղի են ունեցել շատ երկարատև արյունալի և սուր հակամարտություններ: «Մեզ մոտ նման իրադրություն չկա, բայց ես կարծում եմ, դա նշանակում է, թե մեզ մոտ այդ հայեցակարգի կիրառումը չի լինի այնպիսի մակարդակով, ինչպես դա, օրինակ, եղավ Հարավաֆրիկյան Հանրապետությունում, որտեղ տեղի ունեցավ իշխանության անցում սպիտակամորթներից սևամորթներին: Իկարկե, այդպես չի կիրառվի, առանձին տարրեր կարող են կիրառվել: Պետք է շատ լավ նախապատրաստվել, և այդ տարրերը պետք է շատ լավ մշակված լինեն»,- ասում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա նաև վկայակոչում է մեկ ուրիշ հանգամանք: Հայաստանի նոր իշխանությունները ամենայն վստահությամբ հայտարարեցին, որ մեր երկրի արտաքին քաղաքական կուրսը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվի: Սա նշանակում է, որ պահպանվում են, և, ինչպես հայտարարվում է, հնարավորություններ են ստեղծվում  հայ-ռուսական ստրատեգիական համագործակցության ավելի խորացման համար, ինչը մեզ համար ունի կենսական նշանակություն:

Տարածաշրջանի մեր հարևան երկրների հետ հարաբերություներում թուրքագետը չի տեսնում  կտրուկ փոփոխություններ: Այստեղ վտանգն այլ է: «Մենք ականատես ենք լինում մի երևույթի, երբ Թուրքիան իր հարաբերությունները Միացյալ Նահանգների հետ բավական վատացրել է և, դրան զուգընթաց, բարելավում է իր հարաբերությունները Ռուսաստանի հետ` օգտագործելով այս 2 գործընթացները`  որպես շանտաժի միջոց: Սա ավանդական թուրքական քաղաքականությունն է, որ դեռևս Աբդուլ Համիդը 19-րդ դարի վերջում հաջողությամբ կիրառում էր: Հիմա Էրդողանն է փորձում դա կիրառել: Սա վտանգավոր է մեզ համար, որովհետև Թուրքիայի այս նոր քաղաքականության պայմաններում Ադրբեջանը դառնում է մեզ համար ավելի վտանգավոր: Չի բացառվում, որ Ադրբեջանը կարող է օգտվել այս հանգամանքից, որ թուրք-ռուսական հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա, և փորձել Հայաստանի դեմ սկսել հերթական իր սադրանքը, գուցեև` առավել լայնածավալ ռազմական գործողությունները: Պետք է աչալուրջ լինել»,- ասում է թուրքագետը:

Ռ.Սաֆրաստյանի դիտարկումների համաձայն` Հարավային Կովկասի տարածաշրջանի վրա ազդում են մերձավորարևելյան իրադրությունը, Սիրիայում տեղի ունեցող գործընթացները, որտեղ, մի կողմից, տեսնում ենք, որ Սիրիայի իշխանությունները, Ասադի կառավարությունը, մեծ հաջողություններ արձանագրելով, վերջին շրջանում ազատագրեցին և վերականգնեցին իրենց կառավարության հսկողությունը երկրի տարածքի բացարձակ մեծամասնության վրա: Մնացել է միայն Իդլիբի նահանգը, որտեղ կարող են տեղի ունենալ  սրացումներ ու ներգրավել և′ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, և′ Ռուսաստանին, այսինքն` կարող են ավելի սրվել հարաբերությունները այդ երկրների միջև: «Ռուս-ամերիկյան հարաբերությունների էլ ավելի սրացումը, կարծում եմ, մեզ օգուտ չի բերի, որովհետև մենք Ռուսաստանի հետ ունենք ստրատեգիական-դաշնակցային հարաբերություններ, բայց նաև բարեկամական շատ լավ հարաբերություններ ունենք Միացյալ Նահանգների հետ: Մենք պետք է շահագրգռված լինենք, որ այդ 2 գերտերություններն իրենց հակասությունները հնարավորինս խաղաղ ճանապարհով և արագ լուծեն»,- նշում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Տարածաշրջանային մյուս երևույթը, որը, ըստ թուրքագետի տեսակետի, մեզ համար դրական է,  այն է, որ Հայաստանում տեղի ունեցած «թավշյա» հեղափոխությունը մեր երկրին հաղորդեց նոր իմիջ, նոր կերպար միջազգային թատերաբեմում:  Եվ դա գտնվում է, օրինակ, Ադրբեջանի` խաթարված կերպարի հետ կտրուկ հակադրության մեջ: «Մեր դիվանագիտությունը պետք է կարողանա օգտվել այս հանգամանքից: Բացի այդ` մեր արտաքին քաղաքականությունն անհրաժեշտություն ունի ստեղծելու որոշակի տեսական հենք: Այն արտաքին քաղաքականությունն ու դիվանագիտությունը, որն իրականացնում ենք, պետք է կարողանանք ներկայացնել ժամանակակից աշխարհին հասկանալի լեզվով` օգտագործելով տեսական եզրույթներ և տեսական հայեցակարգեր, որոնք կնպաստեն այն բանին, որ մեր արտաքին քաղաքականությունն ավելի ընկալելի դառնա տարածաշրջանի և աշխարհի համար: Ես կարծում եմ, որ հիմա այն լավ ժամանակն է, այն փուլն է,  երբ անհրաժեշտ է մշակել  հայեցակարգային մոտեցումներ Հայաստանի արտաքին քաղաքականության բնագավառում: Պետք է կարողանալ այս պահն օգտագործել և տեսական հիմքի վրա դնել, տեսական առումով ճիշտ ներկայացնել այն հեղափոխությունը, որը տեղի է ունենում Հայաստանում»,- պնդում է Ռուբեն Սաֆրաստյանը:

Նա առաջարկում է մի տեսություն ստեղծել, որն ադեկվատ կերպով կարտահայտի մեր արտաքին քաղաքականությունը, միաժամանակ մեր արտաքին քաղաքականության ընկալելիությունը կբարձրացնի աշխարհում: Դա պետք է հիմնվի այն սկզբունքների վրա, որոնցով գործել է հայ ժողովուրդն իր պատմության ընթացքում: Բերում է մեկ պարզ օրինակ. Մերձավոր Արևելքում հայկական համայնքները իսլամական աշխարհում ոչ միայն իրավունքներից էին օգտվում, շատ նորմալ հարաբերություններ ունեին և′ տվյալ հասարակության, և′ տեղի իշխանությունների հետ, այլ նաև ունեին իրական հեղինակություն: Մեկ ուրիշ օրինակ էլ է բերում. հայերը Լեհաստանում: Աննախադեպ երևույթ էր, որ անցյալ տարի Լեհաստանի խորհրդարանը հատուկ շնորհակալություն հայտնեց և նշեց հայ ժողովրդի ներդրումը Լեհաստանի պատմության մեջ: «Սա վկայում է այն մասին, որ մենք` որպես ժողովուրդ և քաղաքակրթություն, ունենք առանձնահատկություններ: Դրանք ես կարող եմ հետևյալ կերպ բնորոշել: Մենք ձգտում ենք դեպի ներդաշնակություն, դեպի հարմոնիա այն միջավայրի հետ, որտեղ գտնվում ենք` լինի մեր երկիրը մեր տարածաշրջանում, կամ, ավելի լայն առումով, լինեն հայ համայնքներն այն միջավայրում, որտեղ գործել են, գործում են և գոյություն ունեն: Եթե մենք կարողանանք այս ներդաշնակության սկզբունքը հիմք դարձնել հայեցակարգային մոտեցման համար և դրա վրա կարողանանք կառուցել մեր արտաքին քաղաքականության հայեցակարգը, ես կարծում եմ, դա օգտակար կլինի  առաջին հերթին մեր արտաքին քաղաքական նպատակներն ավելի համակարգված ձևով հետապնդելու համար»,- վստահեցնում է թուրքագետը:

Մեջբերելով հին հռոմեական  «Հաղթանակ ներդաշնակության` հարմոնիայի միջոցով» ասացվածքը, նա կարծիք է հայտնում, թե պետք է այդ սկզբունքը փորձել կիրառել: «Մենք մեր արտաքին քաղաքականությունը չպետք է կառուցենք ուժի կիրառման վրա, չպետք է կառուցենք ինչ-որ ինտրիգների մեջ, շանտաժի վրա, կամ` մեկին խաբել, մյուսի մոտ վազել: Շանտաժի քաղաքականություն հիմա Թուրքիան է կիրառում: Տարբեր բևեռների միջև, որոնք ուժի կենտրոններ են, մենք պետք է կարողանանք ներդաշնակել նրանց ազդեցությունները և այս առումով մեր խնդիրները կարողանանք լուծել: Մեր ազգային հիմնական, կարևոր խնդիրները պետք է կարողանանք այս ձևով լուծել: Իհարկե, պետք է վստահ լինենք, թե ունենք հզոր բանակ, որն անհրաժեշտության դեպքում կարող է մեր պետականությունը պաշտպանել»,- այսպիսին են ակադեմիկոս, ԳԱԱ արևելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի տեսակետներն ու մոտեցումները Հայաստանի այսօրվա և վաղվա մի շարք մարտահրավերների վերաբերյալ:

Զրուցեց Մարիամ Հովսեփյանը

Այնտեղ` Սև ծովի ափին ...
12 Դեկտեմբերի 2018, 23:06 Այնտեղ` Սև ծովի ափին ...
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica