close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+23°Ցերեկ
+16°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Հրապարակը» և պետականությունը

Հարթակ

31 Օգոստոսի 2018, 14:50
 «Հրապարակը» և պետականությունը

Աշխատանքային առաջին ամսվա կառավարության նիստերից մեկում վար­չա­պե­տն ասաց, որ անթույլատրելի է այն մթնոլորտը, երբ ՀՀ քաղաքացիներն ամեն առա­վոտ արթնանում են տուգանվելու զգացողությամբ: Խոսքը ճանապարհային տեսա­նկա­րահանող խցիկների և արա­գա­չա­փե­րի մասին էր, որոնցից դժգոհությունները շատ էին հատկապես «հեղափոխության» օրերին, որովհետև խոսվում էր, թե դա երրորդ նախագահի եղբոր բիզնեսն է: Անցած երկու ամիսների փորձը ցույց տվեց, որ դժգո­հող­նե­րի մեծ մասը կարգազանցության հակում ունեցող վարորդներն էին, որոնց համար նշված սարքերը զսպիչ դեր էին կատարում: Ի դեպ, որքան էլ հասկանալի, բայց անարդար էր մինչ այդ չվճարված տուգանքները զեղչելու նոր կառավարության ժեստը, որովհետև այդ «քայլով» վիրավորանք հասցվեց պարտաճանաչ վարորդներին, որոնք արդեն իսկ վճարել էին ծանուցված տուգանքները: Դրանից հետո և արդեն շուրջ երկու ամիս ՀՀ քաղաքացիներն ամեն առա­վոտ արթնանում են այն զգա­ցո­ղությամբ, թե ում են ձերբակալել կամ ձերբակալելու ԱԱԾ աշխատակիցները: Եվ սա «սիրո, համե­րաշ­խու­թյան, թավշյա հեղափոխու­թյու­նից» հետո: Ա՛յն հեղափոխու­թյու­նից, որի «առաջ­նոր­դը», մինչև գործադիր իշխանության ղեկը ստանձնելը, Հրապարակում խոստանում էր «վենդետա» չի­րա­կանացնել նախկին իշխանավորների նկատմամբ: Իհար­կե, չի կա­րելի մի ծայրահեղությունից մյուսի մեջ ընկնել. օրինազանցը պիտի պատժվի, այլապես հնա­րա­վոր չէ իրավական երկիր կառուցել: Բայց նաև չի կարելի արդարատություն իրա­­կա­նաց­նելու անվան տակ ընթացիկ կամ հեռահար քաղաքական նպատակներ հետապնդել, որը նույնպես ակնհայտ է ի դեմս առանձին ձերբակալությունների և սպառնալիքների: Արդեն 30 տարի հայաստանցիների մի պատկառելի մաս (եթե ոչ՝ բոլորը) «զբաղվում է» քա­ղա­քա­կանությամբ (ցա­վոք) և, ինչպես շախմատում, հաճախ դիմացինը ոչ միայն հաս­կա­նում է, թե իր մր­ցակցի այս կամ այն քայլի տակ ինչ է թաքնված, այլև գիտի, թե մր­ցա­կի­ցը ինչի է ընդունակ: Երբ հայտարարվեց կառա­վա­րու­թյան 100-օրվա կապակցությամբ հանրա­հավաք-հաշ­վե­տվու­թյուն կազ­մա­­­կերպելու մա­սին, շատերը հասկացան, որ իրականում դա «նոր Հայասատանի» «քաղաքական հա­կա­­ռա­կորդներին» ուժային ազդակներ հղելու հար­մար առիթ և ձևաչափ էր, սա­կայն հաշվի առնված չէր, թերևս, մի բան. եթե ներքին լսարանի համար դա կարող է ժա­­մա­նակավոր էֆեկտ ապահովել, ապա արտաքին լսարանի համար, օր.՝ Ռու­սաս­տա­նի Դաշնության (պետք չէ մտածել, թե հանրահավաքի ցանկությունը պատա­հա­կա­նո­րեն զուգադիպեց Ս. Լավ­րովի՝ Հայաստանի իշխանություններին ուղ­ղ­ված կոշտ ուղեր­ձի հետ) նրա արդյունավետությունը կարող է գնահատվել զրոյից ցածր նիշով, որով­հե­տև  այս դեպքում միևնույնն է՝ Հրապարակում հարյուր հազար մարդ է «Նիկոլ» վանկարկում, թե՞ մեկ միլիոն:

Հանրահավաքային Հրապարակի գլխավոր ուղերձներից մեկը «անցումային ար­դա­րադատություն» կիրառելու սպառնալիքն էր, որի գաղափարական նախահայրը մեզանում առաջին նախագահն է: Թե ինչ է «անցումային արդարադատությունը» իրա­վա­բանական առումով, այդ մասին արդեն խոսել են մասնա­գետ­նե­րը: Բայց դա հարցի մի կողմն է: Իսկ թե գործնականում դա ինչի կարող է հանգեցնել, հայտնի է ոչ հեռավոր անցյալից. մեր իրականության մեջ դա կվերածվի ստալինյան հայտնի «տրոյկաների» փորձի կրկնության, որը հասարակության մեջ կստեղծի ահ ու սար­սա­փի մթնոլորտ՝ ծանոթ հետևանքներով. ազգաբնակչության մի ստվար հատված, կամա, թե ակա­մա, կդառնա գործ տվող, զրպարտիչ ու բանսարկու: Մանավանդ որ գործիքը նույնն է, ինչ-որ ստալինյան օրերին՝ Ազգային անվտանգության ծառա­յու­թյունը, այլ կերպ՝ ՊԱԿ /КГБ-ն: Եվ մի՞թե այդ ամենից հետո հնա­րա­վոր կլինի խոսել «սիրո և հա­մե­րաշ­խության հեղափոխության» մասին: Անցած օրե­րին հաճախ եմ մտքումս կրկնել՝ սա բոլշևիզմ է: Թերևս ցանկացած հե­ղա­փո­խություն իր մեջ ինչ-որ չափով բոլշևիզմի տարրեր է պա­րու­նակում, անկախ այն բա­նից՝ տեղի է ունենում բռ­նու­թյա՞մբ (զենքի գործա­դրու­մո՞վ), թե՞ խաղաղ (զանգվածային ցույ­ցերի ու երթերի) ճանա­պար­հով: Հավանաբար դա է պատ­ճառը, որ շատերը խորշում են նույն­իսկ «հե­ղա­փո­խու­թյուն» բառից: Հեղա­փո­խու­թյան ըմբռնումը մարդկանց գիտակ­ցու­թյան մեջ զուգորդ­վում է զենքի և արյան հետ, որովհետև սովորաբար այդպես են իրացվում հեղափո­խու­թյուն­ները: Բայց դա հեղա­փո­խությունների միայն արտաքին՝ երևութական կողմն է, իրացման ձևը: Իրական հե­ղա­­փո­խությունները առաջին հերթին գաղա­փար­ների և գաղափա­րա­խո­սությունների հեղափոխություններ են՝ կունենան դրանք ազգայի՞ն, թե՞ համա­մարդ­կա­յին բնույթ: Հետևաբար, դրանք արժեքների հեղափոխություններ են, որոնց վերա­նա­յումից էա­կա­նո­րեն կարող է փոխվել հասարակության կամ ազգու­թյան կենսա­կեր­պը: Եթե նույնիսկ այդ հեղափոխությունները տեղի են ունենում մաս­նա­կիցներից ոմանց արյան գնով, միևնույնն է, մեծ հաշվով, դրանք արդարացվում են, որովհետև որա­կա­կան տե­ղա­շարժեր են արձանագրում ապրողների և հետագա սե­րունդ­ների կյան­քում:

«Թավշյա հեղափոխությունը» նշված առումներով շատ բան չունի տալու հա­սա­րա­կությանը, որովհետև անհայտ է նրա գաղափարական արժեհա­մա­կար­գը: Իսկ եթե առանձին մտքեր էլ հնչում են տարբեր առիթներով, ապա դրանք պարզապես առանձին մտքեր են, այլ ոչ թե հայեցակարգի բաղադրիչներ: Ընդ որում՝ շատերն էլ անընդունելի, որովհետև հիմնականում զուրկ են ազգային հենքից: Այսօրվա իշխող քաղաքական ուժը իշխանության է եկել մերժման կարգախոսով և շարունակում է գործել հիմ­նա­կա­նում նույն կարգախոսով: «Նոր Հայաստանի» կառավարությունը առայժմ իշխա­նու­թյուն է ընդդիմության վարքագծով, որովհետև, մերժելով նախորդ իշխանությունների վար­քա­գիծը, չի մշակել իրենը՝ նորը, որը կլինի իշխանական, բայց չի դադարի միա­ժա­մա­նակ լինել «ոչ իշխանական»: Իբրև իշխանական մոդել՝ նրա տեսլականը կարող է մոտ լինել, թերևս, գերմանականին, բայց տարբեր պատճառներով չի կարող կրկնել նրան: Եվ առաջին հերթին այն պատճառով, որ իբրև ազգություն՝ մենք գերմա­նա­ցի­նե­րից շատ տարբեր ենք մեր խնդիրներով, մեր ազգային խառնվածքով և կենսական միջավայրով:

Հեղափոխության զավակները, որոնք տեղեր են զբաղեցրել գործադիր և օրենս­դիր իշխանության բարձրագույն մար­մին­ներում, գրեթե չունենալով աշխա­տան­քա­յին կենսագրություն, տառապում են ուրիշներին սովորեցնելու հիվանդությամբ: Ընդ որում, տնօրինելով իրականում չվաս­տակած քվեների (Հրապարակի քվեներին)՝ փոր­ձում են դասեր տալ մարդկանց և քա­ղա­քական ուժերի, որոնց կենսագրությունը զգալի չափով նույնանում է հայ ժողովրդի մի պատկառելի շրջանի պատ­մության հետ: Եվ փորձում են դասեր տալ Հրա­պա­րակի անունից, որը թատերաբեմ է, այլ ոչ թե՝ պետական ատյան: Քա­ղա­քակիրթ և ժողովրդավարության ճանապարահ ան­ցած, պե­տա­կանության ինստի­տու­տներ ստեղծած երկրում Հրապարակը հասա­րա­կու­թյան մի մասի՝ մեծ կամ փոքր, տրա­մադրությունների ցուցիչն է, որը պիտի նկատի ունենան (որպես կանոն՝ ունենում են) պետական ու քաղաքական գործիչներն ու կու­սակ­ցու­թյուն­ները, բայց օրենքի ուժ չունի: Հրապարակի անունից գործելը նշանակում է նրան օրենքից վեր դասել: Իսկ դա նույնն է, թե բռնություն գործադրել ոչ միայն հասարակության մյուս մասի, այլև պե­տա­կան ինստիտուտների, հետևաբար՝ պե­տա­կանության նկատմամբ:

Կարծում ենք՝ թե՛ մեր պետականության և թե՛ իրենց շահերից է բխում, որ «թավ­շյա հեղափոխության» զավակները նկատի ունենան հետևյալը.

1) Այսօրվա իշխանությունը վաղը կարող է տեղը փոխել ընդդիմության հետ. նա­խորդ իշխանությունը կարծես թե այս մասին մոռացել էր և հետևանքները հայտնի են:

2) Պետությունը կառավարվում է ոչ միայն գրված, այլև չգրված օրենքներով, այսինքն՝ նաև բարոյական նոր­մե­րով և ավանդույթներով: Ի պատիվ մեր ժողովրդի, այսօր էլ ունենք պետականության կերտման գործում մեծ վաստակ ունեցող ան­հատ­ներ, որոնց նկատմամբ, անկախ նրանց թույլ տված վրիպումներից, դիր­քո­րո­շում ճշ­տե­լիս չի կարելի անտեսել այդ գործոնը: Անդրանիկի նման առասպելական հերոսը նույն­պես վրիպել է, երբեմն էլ … ճակատագրականորեն (նկատի ունեմ, մասնավորապես, նրա կեցվածքը Ղա­րա­քիլիսայի ճակատամարտի ժամանակ), բայց դրանից չեն խամ­րում ոչ նրա ազգային դի­մագիծը և ոչ էլ նրա հերոսականորեն անկրկնելի կերպարը մեր պատմության մեջ:

3) Հրապարակի գործոնը հավերժական է, բայց նրա վերաբերմունքը փո­փո­խա­կան. Հրապարակը հաճախ է ձանձրանում տերերից, երբեմն էլ դաժանորեն պատժում է նրանց: Հրապարակը ավանդատու է, որին հաճախակի դիմելը ցանկալի չէ:

 

Պ. Հ.

Մահացել է Վիետնամի նախագահը
21 Սեպտեմբերի 2018, 10:12 Մահացել է Վիետնամի նախագահը
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica