close
Եղանակը Երևանում
22 Սեպտեմբերի 2018
+17°
+24°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Սեպ 2018
USD1482.44
GBP1637.06
EUR1564.60
RUB17.28
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մնացողի առջև պայման չեն դնում

Հարթակ

28 Օգոստոսի 2018, 17:17
 Մնացողի առջև պայման չեն դնում

Երեկ մի կին Գումի շուկայում վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց.«Եթե երկիրը փոխվի, հետ եմ գալիս»:

Չգիտեմ՝ ով է այդ կինը, որտեղ է ապրում հիմա, ինչպես է ապրում ու ինչու է գնացել երկրից: Չգիտեմ՝ գնալիս տան բանալին հետը տարե՞լ, թե՞ տունը վաճառել ու նոր են գնացել: Գաղափար անգամ չունեմ՝ գնալու պատճառը ո՞րն է եղել, քանի որ գնալու պատճառները մեկնելու պահին, սովորաբար, մնալունից մի քանի անգամ ավելի շատ են լինում: Չգիտեմ՝ գնալուց հետո ընդունված «ամեն ինչ լավ է, միայն կարոտն է խեղդում» վիճա՞կն է, թե՞ այդպես էլ չեն հարմարվել դրսի կյանքին:

Յուրաքանչյուր ոք ինքն է ընտրում իր՝ գնալ-մնալու հարցը: Ինչ-որ մեկը որոշել է մեկնել երկրից՝ իր գործն է, իր որոշումը: Ինչ-որ մարդիկ էլ որոշել են մնալ երկրում՝ սա էլ իրենց որոշումն է: Գնացողներին չպետք է մեղադրել, բայց գնացողն էլ իրավունք չունի մնացողի առջև պայման դնել՝ եթե փոխվի, հետ կգամ: Ո՞վ պետք է փոխի երկիրը: Բնականաբար, առաջին հերթին երկրում մնացողները, գնացողները կարող են միայն մնացողներին օգնել այդ հարցում:

Գիտեմ, որ այնպես չէ՝ լավ օրի ենք: Տեղեկացված եմ՝ ապրում եմ մի երկրում, որտեղ շուրջ 30 տոկոս աղքատություն կա, ուր տասից երեքն աղքատ են: Գիտեմ՝ Հայաստանն արդեն ծերացող երկիր է համարվում /գոնե նախորդ տարվա տվյալներն այդ մասին էին փաստում/, գիտեմ՝ վերջին տարիներին ծնունդների թիվը նվազել է, արտագաղթողների թիվն՝ ավելացել: Տեղյակ եմ նաև, որ Հայաստանում 80 000 թոշակառու համարվում է ծայրահեղ աղքատ ու ստանում պարենային զամբյուղից նվազ թոշակ՝ 25 000 դրամ. 25 000 դրամ՝ մեկ ամիս ապրելու համար: Տեսել եմ գյուղեր, որտեղ միակ աշխատավայրը գյուղապետարանն ու դպրոցն են եղել, պատահել են գյուղեր էլ, ուր մնացած տղամարդիկ կամ մինչև 18 տարեկան են եղել, կամ էլ՝ անաշխատունակ: Ես էլի ու էլի շատ փաստեր գիտեմ, ինքս էլ մեծահարուստ չեմ, ամեն ինչից գոհ չեմ և երկրից գնալու հազար ու մի պատճառ կարող եմ բերել: Գիտեմ՝ փոխելու, անելու շատ բան կա: Այդուհանդերձ, «Եթե երկիրը փոխվի, հետ եմ գալիս»-ը մի տեսակ, կարծես, սպառնալիք լինի: Իսկ եթե չփոխվի՞… Չէ, ես լավատես եմ, չփոխվի էլ՝ կփոխենք, բայց մեզ մի սպառնացեք: Մեզ մի սպառնացեք ոչ գնալով, ոչ էլ ձեր՝ գնացած տեղից հետ չվերադառնալով: Մենք գիտենք՝ արտոնյալ չենք, բայց մնացողի հետ սպառնալիքի լեզվով խոսելը սխալ է: Մնացողի առջև պայման չեն դնում: Հա, հենց այդպես:

Երկիրը փոխվելուց առաջ ինքներս փոխվելու կարիք ունենք: Ավելին՝ մինչև մենք չփոխվենք՝ երկիրը փոխվողը չէ: Երկիրը կիլոմետրերով ու հեկտարներով չափվող տարածք չէ, որ ուզենք՝ ջրափոսերն ասֆալտենք, կարկատենք ու վերջ՝ փոխվի, թարմանա, կարմրաթուշ նորահարս դառնա: Այդպիսի երկրից նեխած հոտ կգա, մեր՝ փոխվել չցանկացողներիս գարշահոտը:

Երկիրը, առհասարակ, հանգիստ է պետք թողնել:

Հերման Հեսսեի հերոսներից մեկը՝ Սիդհարթան, իր կյանքն անցկացնում է հոգևոր ինքնաճանաչման ճանապարհը փնտրելով: Սիդհարթան, ով ողջ կյանքի ընթացքում մի տեղից մյուսն էր թափառում ու իրենից դուրս փնտրում այդ ճանապարհը տանող ուղին, միայն կյանքի վերջին տարիներին է հասկանում, որ ինքնաճանաչման համար ոչ թե պետք է ինքդ քեզնից փախչես ու քեզնից դուրս փնտրես այդ ճանապարհը, այլ՝ ճիշտ հակառակը: Սա, իմիջիայլոց:

Կարինե Հարությունյան

Սպասվում է անձրև և ամպրոպ
22 Սեպտեմբերի 2018, 18:02 Սպասվում է անձրև և ամպրոպ
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica