close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2018
+24°
+28°Ցերեկ
+18°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2018
USD1482.63
GBP1615.30
EUR1549.47
RUB17.10
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ժողովրդի գարնանային քաղաքական զարթոնքը եկավ փաստելու, որ մեր մոտեցումները ճիշտ են և հիմնարար. ՀՅԴ-ական նախարար

Հասարակություն

10 Օգոստոսի 2018, 16:21
 Ժողովրդի գարնանային քաղաքական զարթոնքը եկավ փաստելու, որ մեր մոտեցումները ճիշտ են և հիմնարար. ՀՅԴ-ական նախարար

Տեղեկացրել ենք, որ այսօր տեղի ունեցավ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի կողմից մշակված` «ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթների» նախագծի շնորհանդեսը:

ՀՅԴ Բյուրոյի անունից բացման խոսքով հանդես եկավ գյուղատնտեսության դաշնակցական նախարար Արթուր Խաչատրյանը, որը ներկայացնում ենք ստորև.

«Սիրելի ընկերներ, պատվարժան հյուրեր, բարեկամներ

Այսօր մենք հանրության դատին ենք ներկայացնում ՀՅԴ սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները, մեր տնտեսական դոկտրինը։ Փաստաթուղթը դեռևս նախագծի վիճակում է և ներկուսակցական ու ավելի լայն ֆորմատով քննարկումների արդյունքներով կբյուրեղանա ու կդառնա այն ուղեցույցը, որի հիման վրա կմշակվեն հետագա, ավելի գործնական նշանակություն և ուղղվածություն ունեցող տնտեսական փաստաթղթերը, որոնցով մենք կառաջնորդվենք տնտեսական քաղաքականություն իրականացնելիս։ Փաստաթղթի մշակումը սկսվել էր դեռևս ձմռանը։ Ժողովրդի գարնանային քաղաքական զարթոնքը և հեղափոխությունը եկան փաստելու, որ մեր մոտեցումները ճիշտ են և հիմնարար։

Ցանկացած քաղաքականություն կառուցվում է արժեքային համակարգի վրա։ Դաշնակցության արժեքային համակարգը հայ դատի և հայոց պահանջատիրության ասպարեզում հստակ է և անբեկանելի։ Այսօր, Սևրի դաշնագրի ստորագրման 98-րդ ամյակին մենք ևս մեկ անգամ բարձրաձայնում ենք, որ հայ ժողովուրդն ունի իրավունքներ և մենք մեր իրավունքների պահանջատերն ենք։ Միացյալ Հայաստանի գաղափարը մեր հիմնարար արժեքն է։ Մեր քաղաքականությունն արտաքին հարաբերություններում խարսխված է մեր հենց այդ հիմնարար արժեքի վրա և միտված է հայ ժողովրդի իրավունքների վերականգնմանը։

Ազգային կուսակցություն լինելուց բացի, մենք նաև ընկերվարական կուսակցություն ենք, Ընկերվար միջազգայնականի՝ Սոցինտերնի լիիրավ անդամ, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Դաշնակցությունն անդամակցում է Եվրոսոցիալիստների խմբակցությանը։ Երկկողմանի սերտ հարաբերություններ ունենք ընկերվարական կուսակցությունների հետ՝ աշխարհով մեկ։ Այսօրվա մեր հավաքի նպատակն է ներկայացնել մեր, որպես ընկերվարական, սոցիալիստական կուսակցության արժեքային համակարգը և դրանից ածանցվող հիմնական սոցիալ-տնտեսական մոտեցումները։

Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է: Սոցիալական պետությունն ապահովում է իր քաղաքացիների տնտեսական և սոցիալական բարեկեցությունը: Նրան է վերապահվում իր քաղաքացիների սոցիալ-տնտեսական բարեկեցության խթանման առանցքային դերը՝ հիմնված հնարավորությունների հավասարության, եկամուտների վերաբաշխման և բարեկեցիկ կյանքի նվազագույն պայմաններն ինքնուրույն ապահովել անկարող անձանց պետական աջակցության սկզբունքների վրա։ ՀՅԴ ընկալմամբ սոցիալական պետության հիմնական առաքելությունն իր քաղաքացիներին աղքատությունից զուրկ կյանքի ապահովումն է:

Սոցիալական պետության ընկալումը բխում է կուսակցության տնտեսական և ընկերային բնագավառի հիմնարար արժեքներից` ազատություն, արդարություն, համերաշխություն:

Ազատությունը բացառում է որոշումների կայացումը պարտադրանքի կամ սպառնալիքի տակ: Դրանով կանխվում են պետության կամ հասարակության կողմից կամայական ոտնձգությունները կամ սահմանափակումները: Իրական ազատության կարելի է հասնել, երբ ապահովված են տնտեսական և ընկերային նախադրյալները, մարդն ունի սոցիալական երաշխիքներ, որոնք ապահովում են նրա ազատ կամարտահայտությունը և ազատորեն որոշումներ կայացնելու հնարավորությունը:

Արդարությունը ենթադրում է կատարած աշխատանքի դիմաց համարժեք վարձատրություն, ինչպես նաև սոցիալական ապահովության հավասար երաշխիքներ՝ անկախ ընտանեկան դրությունից, սեռից, տարիքից, սոցիալական ծագումից, ունեցվածքից և այլ տարբերակիչ հատկանիշից:

Համերաշխությունը մարդկանց` միմյանց նկատմամբ պատասխանատվություն կրելու և փոխադարձաբար օգնելու պատրաստակամությունն է: Համերաշխությունը հասարակության շաղախն է: Այն իրար է կապում ուժեղին և թույլին, հարուստին և աղքատին, երիտասարդին և ծերունուն: Որևէ ազգ կամ պետություն չի կարող դիմագրավել արտաքին մարտահրավերներին, եթե այն ներսից համերաշխ չէ: Դաշնակցության ընկալմամբ հասարակության համերաշխությունը լոկ բարեգործություն կամ ալտրուիզմ չէ, համերաշխությունը գոյատևման և ազգի տեսլականին հասնելու գրավական է:

Ահա այս արժեքային համակարգից է ածանցվում մեր սոցիալ տնտեսական դոկտրինը, տնտեսական քաղաքականության մեր հիմնարար սկզբունքները՝

  • Տնտեսական աճ
  • Սոցիալական արդարություն
  • Կայուն զարգացում

Ընդ որում, այս երեք սկզբունքները հավասար են: Տնտեսական աճը երբեք չի կարող առավել առաջնային լինել, քան կայուն զարգացումը, երբ տնտեսական աճն ապահովվում է բնության աղտոտման կամ բնական պաշարների անխնա շահագործման հաշվին, կամ էլ սոցիալական արդարությունը, երբ տնտեսական աճի պտուղները համտեսում են միայն հասարակության «ընտրյալները»։

Հաջորդիվ, իմ ընկերն ավելի մանրամասն կներկայացնի թե մենք ինչ ենք հասկանում յուրաքանչյուր սկզբունքի տակ։ Ես կխոսեմ շատ համառոտ։

Տնտեսական աճի ապահովման մի քանի հիմնարար մոտեցում կա։ Ազատականներն (լիբերալները) ասում են․ թողեք մարդուն ազատ, մի փորձեք ամեն ինչ կարգավորել ու կանոնակարգել և ազատ մարդը կինքնադրսևորվի, կստեղծի արդյունք, կդառնա տնտեսության լոկոմոտիվը և կապահովի տնտեսական զարգացումը։ Սոցիալիստների համար այս մոտեցումն ընդունելի չէ։ Անհատը պատասխանատու է սոցիումի առաջ, սոցիումը պատասխանատու է անհատի համար։ Բոլորը մեկի և մեկը բոլորի համար։ Ազատականների գովերգած շուկայի անտեսանելի կարգավորիչ ձեռքը չի գործում, շուկաները չեն ինքնակարգավորվում։ Դրա վկայություններն են տնտեսական ճգնաժամերը և հասարակության բևեռացումը։ Անհրաժեշտ է պետության միջամտությունը՝ վերացնելու շուկայի ձախողումները, իսկ որոշ դեպքերում նաև առաջնորդելու տնտեսության աճը։ Մենք մերժում ենք թե՛ վայրի կապիտալիզմը, թե՛ պետական կոմունիզմը։ Պետական միջամտության ոլորտում մենք առաջնորդվում ենք՝ «այնքան շուկա, որքան հնարավոր է, այնքան միջամտություն, որքան անհրաժեշտ է» սկզբունքով։ Պետական կշռադատված միջամտությամբ բարեկեցիկ հասարակության մեջ է, որ անհատը կարող է իրեն ազատ զգալ։

Սոցիալական արդարությունը Դաշնակցության համար հիմնական օրակարգ է։ Սոցիալական արդարությունը սոցիալական պետության հիմնքն է, այն երաշխավորում է հասարակության համերաշխությունը, ինչն արտաքին մարտահրավերների պայմաններում ազգային անվտանգության խնդիր է։ Տնտեսական արժեք ստեղծվում է հասարակության ջանքերով։ Յուրաքանչյուր ոք, ով ներդրում է ունեցել տնտեսական արժեքի ստեղծման մեջ պետք է իր արդար բաժինը ստանա։ Այլապես կունենանք այն, ինչ որ ունենք։ Վերջին տասը տարիների ընթացքում տնտեսությունն անշեղորեն աճում է, բայց անշեղորեն աճում է սոցիալական բևեռացում։ Սա բերում էր արտագաղթի ու պետությունից օտարման։ Բայց ժողովրդի համբերության բաժակը լցվեց, և ժողովուրդը դուրս եկավ փողոց։ Սոցիալական պետության պարտավորությունն է նաև պատշաճ խնամք և հոգատարություն ապահովել բոլոր նրանց համար, ովքեր ունեն դրա կարիքը, ապահովել մարդկանց սոցիալ աշխատանքային երաշխիքները։ Սոցիալական պետությունում սեփականության և ժառանգականության իրավունքներն անձեռնմխելի են, բայց պետք է գիտակցնեք, որ սեփականությունը, իրավունքից զատ, բերում է նաև պատասխանատվություն։

Եվ վերջապես կայուն զարգացում։ Կայուն զարգացումը սերունդների միջև համերաշխության և ազգի շարունակականության գրավականն է։ Պետության քաղաքականությունը պետք է ուղղված լինի բնական ռեսուրսների գերշահագործումը, հյուծումը բացառելուն, շրջակա միջավայրի, այդ թվում` մարդու կյանքի և առողջության վրա բացասական ազդեցությունը նվազեցնելուն, բնական ռեսուրսների համալիր կառավարմանը և դրանցից ստացվող եկամուտների արդար բաշխմանը հասարակության բոլոր անդամների միջև: Բնական ռեսուրսները` հողը, ընդերքը, ջուրը, կենդանական ու բուսական աշխարհը, անտառը, բնական լանդշաֆտներն ու մթնոլորտային օդը, համաժողովրդական սեփականություն են։ Սակայն, կայուն զարգացումը միայն բնապահպանությունը չէ։ Կայուն տնտեսական զարգացումը պահանջում է, որ այսօրվա քաղաքականությունը պետք է միտված լինի նաև վաղվա բարեկեցության ապահովմանը: Այս նպատակով սոցիալական պետությունն էական ներդրում է կատարում կրթության, առողջապահության, հիմնարար հետազոտությունների ու ենթակառուցվածքների զարգացման ուղղությամբ:

Ի մի բերելով Դաշնակցության սոցիալ-տնտեսական քաղաքականության հիմնադրույթները՝ կարող ենք փաստել։ Մեր քաղաքականությունը միտված է

  1. 1.   Առաջանցիկ տեմպերով արդյունք ստեղծելուն
  2. 2.  Ստեղծված արդյունքն արդար կերպով հասարակության անդամների միջև բաշխելուն
  3. 3.  Ստեղծված արդյունքը ներկա և գալիք սերունդների միջև արդար և պատասխանատու կերպով բաշխելուն»:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica