close
Եղանակը Երևանում
21 Հոկտեմբերի 2018
+16°
+21°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայկական դուխ, ռուսական ապտակ

Թեմա

1 Օգոստոսի 2018, 12:06
 Հայկական դուխ, ռուսական ապտակ

Վարչապետ Փաշինյանի՝ օրեր առաջ տված հարցազրույցը «էխո Մոսկվի» ռադիոկայանի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովին բավականին ուշագրավ էր: Պատասխանելով Ռուսաստանի նախագահի հետ շփումների ու հարաբերությունների մասին հարցին`  նա ասել է. «Անկեղծ ասած` ես այդ ամենն ավելի բարդ էի պատկերացնում: Բայց Ռուսաստանի նախագահի հետ շփումն ավելի հեշտ ու հաճելի էր, քան ինձ էր թվում: Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր այն, որ նա ուղիղ և անկեղծ մարդ է: Ի՞նչ է գոհացնում մեր հարաբերություններում, այն, որ մենք ամենի մասին խոսում ենք ուղիղ եւ անկեղծ»:

Ավելի ուշ վարչապետ Փաշինյանը ռուսական ուղղությամբ արեց մեկ այլ` ոչ պակաս ուշագրավ հայտարարություն: Տվյալ պարագայում` և' ուշագրավ, և' դուխով: Խոսելով ԼՂ հակամարտության մասին` նա մի քանի անգամ կրկնել է, որ «Ռուսաստանը, լինելով գերտերություն, ունի բոլոր լծակները` թույլ չտալու Ադրբեջանին, որ դիմի ակտիվ ռազմական գործողությունների Ղարաբաղում»:

Դեռ մի կողմ, թե ի՞նչ են անում ՀՀ ԱԳՆ-ն ու ՊՆ-ն, եւ ՀՀ-ն, առհասարակ, եթե «Ադրբեջանին զսպելու բոլոր լծակները Ռուսաստանի ձեռքին են», բացի այդ` ինչո՞ւ է ՀՀ վարչապետը Ռուսաստանին լսեցնում այս ամենը: Բանն այն է, որ եթե «Ադրբեջանին զսպելու բոլոր լծակները Ռուսաստանի ձեռքին են», ու այն, որպես գերտերություն, կարող է թույլ չտալ Բաքվին` նոր պատերազմ սկսել, կնշանակի, որ Մոսկվան կարող է նաեւ թույլ տալ Բաքվին` սկսել այդ նոր պատերազմը: Եվ Հայաստանի վարչապետը սա բարձրաձայնում է, ինչպես ասում են, Կրեմլի, Սպիտակ տան, Բրյուսելի ու Սորոսի աչքի առաջ: Ինչո՞ւ, որովհետեւ նոր պատերազմը Հայաստանի նոր իշխանությանն անխուսափելի՞ է թվում, ու պետք է մեկը, ում վրա կարելի է բարդել դրա մե՞ղքը: Մանավանդ, որ Հայաստանի Հանրապետության հրապարակի ժողովրդի կարծիքով` Հայաստանի նոր իշխանությունները երբեք չեն սխալվում ու պատրաստ են Ալիևին դուխով ծնկի բերել, սակայն` միայն դուխով:

Ինչևէ, վարչապետ Փաշինյանի այս` ռուսական ուղղվածության հայտարարություններից հետո, Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց ունեցան: Թե ի՞նչ են խոսել ՌԴ նախագահն ու ՀՀ վարչապետը, ասում են` նույնիսկ Արարատ Միրզոյանը չգիտի: Իսկ ավելի ուշ Հայաստան վերադարձան երկրորդ նախագահ Քոչարյանն ու ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Խաչատուրովը, որոնք ՀՔԾ մտնելուն պես մեղադրվեցին սահմանադրական կարգ տապալելու մեջ, ու երկուսին կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան, արդյունքում` գիտենք, Քոչարյանն այս պահին անազատության մեջ է, Խաչատուրովը` գրավի դիմաց ազատ:

Հենց այս խորաապատկերին հայտարարությամբ է հանդես գալիս ՌԴ ԱԳ նախարարը: Լավրովն իր երկրի անունից մտահոգություն է հայտնում Հայաստանում որոշ հայտնի քաղաքական գործիչների կալանավորման փաստի կապակցությամբ եւ, ուշադրություն, ընդգծում. «Վերջին օրերի իրադարձությունները խախտում են, ակնհայտորեն խախտում են լավատեսական տրամադրություններն ու հակառակն են Հայաստանի նոր իշխանությունների այն հայտարարությունների, թե իրենք չեն պատրաստվում հետապնդել իրենց նախորդներին` քաղաքական նկատառումներից ելնելով»: Այլ կերպ ասած, ըստ Լավրովի, իսկ Լավրովը Ռուսաստանն է, այն Ռուսաստանը, որն ունի Ադրբեջանին զսպելու /և բաց թողնելու/ բոլոր լծակները, վերջին օրերին կալանավորված հայտնի քաղաքական գործիչները, իսկ նրանք, հասկանալի է, Քոչարյանն ու Խաչատուրովն են, անազատության մեջ են հայտնվել, քանի որ Հայաստանի նոր իշխանությունները, թեև ավելի վաղ հակառակն էին ասում, բայց հետապնդում են իրենց նախորդներին, այն էլ, ուշադրություն, քաղաքական նկատառումներից ելնելով:

Ու մինչ Հայաստանի հպարտ քաղաքացիները, Սպիտակ տան այգում կաղին ուտող սկյուռիկի կողքի մեր պաղ-պաղ աղբյուրները եւ պարոն Սորոսի խեղճ ու միամիտ ժառանգները հայտարարում են, թե Ռուսաստանի ի՞նչ գործն է քիթը խոթել Հայաստանի սուվերեն գործերի մեջ, ասեմ, որ, օրինակ, Յուրի Խաչատուրովը հիմա ՀԱՊԿ գլխավոր քարտուղարն է, իսկ ՀԱՊԿ-ի մեջ մտնում են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը եւ Տաջիկստանը: Այսինքն` եթե Հայաստանի նոր իշխանությունը որոշում է, որ ՀԱՊԿ գործող գլխավոր քարտուղարը մեղավոր է 10 տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած ողբերգական իրադարձությունների համար, ապա հեղինակազրկում է ՀԱՊԿ-ին, ինչը անել կոնկրետ Ռուսաստանը թույլ չի տալիս նույնիսկ ՆԱՏՕ-ին: Ի դեպ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար, ազգությամբ նորվեգացի Իենս Սթոլթենբերգը, ով ժամանակին եղել է Նորվեգիայի վարչապետ, նույնպես կարող է մեղադրվել հայրենիքում, օրինակ` կոռուպցիայի համար, ինչն, ի դեպ, անգամ Նորվեգիայում կա, բայց դուք պատկերացնո՞ւմ եք Թրամփի դեմքն ու քայլերը, երբ Նորվեգիան որոշի, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պետք է կալանավորվի: Ու, եթե Միացյալ Նահանգները Նորվեգիայից պահանջի առնվազն հարգել ՆԱՏՕ-ի անդամ երկրներին ու Դաշինքն` առհասարակ, դա կնշանակի, որ ԱՄՆ-ը քիթը խոթում է նորվեգական գործերի մե՞ջ, թե՞ կնշանակի, որ Նորվեգիան է այնքան անփորձ, որ դիվանագիտությունն ու արտաքին քաղաքականությունը շփոթել է սիրողական ձկնորսության հետ:

Ամեն դեպքում Մոսկվան հասցնում է առաջին ապտակները: Հուսանք, որ սրանք վերջինը կլինեն: Հույս ունենանք, որ Հայաստանի նոր իշխանությունները վերջապես կկողմնորոշվեն ու կասեն` հիմա Ռուսաստանը գերտերություն է, որն ունի բոլոր լծակները Ադրբեջանին զսպելու համա՞ր, թե՞ Ռուսաստանն այն պետությունն է, որ քիթը խոթում է մեր ներքին գործերի մեջ: Ամեն դեպքում`Ռուսաստանին չնեղացնելու ու չսադրելու այլընտրանքն ամենեւին էլ նրա գավառը կամ ստրուկը դառնալը չէ, այլ կոչվում է դիվանագիտություն, որի «շկոլան» մենք չունենք, իսկ, օրինակ, Լավրովը գերազանց անցել է: Իմիջիայլոց, նա հայտարարել է, որ վերջին օրերին Ռուսաստանը մի քանի անգամ իր մտահոգությունը հասցրել է Հայաստանի նոր իշխանություններին` կապված հայտնի քաղաքական գործիչների կալանավորումների հետ… Ավելի պարզ` սա նշանակում է, որ, ըստ Լավրովի, Հայաստանի նոր իշխանությունները չեն հասկացել ու շարունակում են չհասկանալ Մոսկվայից հասած մեսիջները, իսկ սա արդեն ախտանիշ է: Նկատի չունեմ` Մոսկվային չհասկանալը, նկատի ունեմ` դիվանագիտական մեսիջ չհասկանալն ու նման ապտակները չկանխելը, այն պարագայում, երբ Փաշինյանն ու Պուտինը, ներողություն, բայց իբր «շատ անկեղծ ու ուղիղ են խոսում»:

Իսկ վարչապետ Փաշինյանը օգոստոսի 17-ին Հանրապետության հրապարակում հանրահավաք Է հրավիրում, որ միասին նշվի նրա վարչապետության 100 օրը, քանի որ ինքը կարոտել Է ժողովրդին։ Ո՞վ չէր կարոտի, չէ՞ որ Հանրապետության հրապարակում հավաքված ժողովուրդը հա'մ ուժ Է, հա'մ էլ ուժ Է տալիս երկրի ներսում, բայց նաև` դրսո՞ւմ։ Առաջինը` ցույց տալու, երկրորդը ստանալու կարիքը կա, միայն դուխը բավարար չէ։

Հովիկ Աֆյան

Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
7 օր առաջնագծում
20 Հոկտեմբերի 2018, 14:30 7 օր առաջնագծում
yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica