close
Եղանակը Երևանում
16 Օգոստոսի 2018
+20°
+31°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
16 Օգս 2018
USD1483.02
GBP1614.45
EUR1546.97
RUB17.23
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարտի 1-ի հարցի լուծումը պետք է լինի իրավական դաշտում. GPartners իրավաբանական ընկերության կառավարիչ

Հասարակություն

17 Հուլիսի 2018, 11:53
 Մարտի 1-ի հարցի լուծումը պետք է լինի իրավական դաշտում. GPartners իրավաբանական ընկերության կառավարիչ

GPartners իրավաբանական ընկերությունը իր իրավական դիրքորոշումն է երեկ հրապարակել երկրորդ նախագահի՝ արտակարգ դրություն հայտարարելու լիազորությունների վերաբերյալ:  Yerkir.am  2008թ. մարտի 1-ին առնչվող մի շարք հարցերի, գործով հարուցված նոր քրեական գործի հանգամանքների վերաբերյալ զրուցել է GPartners իրավաբանական ընկերության կառավարիչ Սարգիս Գրիգորյանի հետ:

- ՀՔԾ-ի վերջին` հայտնի հայտարարությունից հետո Մարտի 1-ի գործը նոր փուլ մտավ: Հասարակության մեջ մեծ սպասումներ կան, որ, ի վերջո, այս հարցը կպարզաբանվի: Ձեր դիրքորոշումն ինչպիսի՞ն է, ի՞նչ ելք եք կանխորոշում:

-Շատ կարևոր է հասկանալ այն իրավական մոզաիկայի խնդիրը, որը ներկայումս ունենք Մարտի 1-ի հետ կապված: Եթե տանք ճիշտ իրավական գնահատական, մոզաիկան պետք է ջարդել մի քանի կոմպոնենտների: Առաջին կոմպոնենտը Սահմանադրության հետ կապված խնդիրն է, երկրորդը` հայտնի 0038 հրամանն է, ընտրությունների արդյունքները հաստատող` Սահմանադրական դատարանի որոշումը: Այսինքն` երբ իրավական գնահատական ենք տալիս մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերին, պետք է տարբեր իրավական գնահատականներ տանք, տարբեր իրավաբանական մեթոդներ կիրառենք տարբեր երևույթների նկատմամբ: Արդյունքը չի կարող լինել այն, որ մի արշինով չափենք ամեն ինչ, պետք է «ջարդենք» տարբեր բաղադրիչների ու հասկանանք` օրինակ, արդյո՞ք նախագահի ընդունած հրամանագիրը եղել է սահմանադրական,թե՞ ոչ:

-Պնդում կա, որ սահմանադրական չի եղել, եւ բերվում են հիմնավորումներ:

-Սկսեմ այն պահից, թե այդ դեպքերն ինչի արդյունքում են տեղի են ունեցել: 2008 թվականի փետրվարի 19-ին տեղի են ունեցել նախագահի ընտրություններ, և փետրվարի 20-ից մինչև մարտի 2-ը տեղի են ունեցել զանգվածային բողոքի ակցիաներ` զուգորդված զանգվածային անկարգություններով: Դա է եղել այդ դեպքի գործընթացն ու արդյունքը: Մինչև գնահատելը` հրամանագիրը եղել է սահմանադրակա՞ն, թե՞ ոչ , պետք է հասկանալ` ի՞նչ բարձրագույն իրավական ակտ կար ՀՀ-ում, որը գնահատական տվեց այդ ընտրախախտումներին: Դա ՍԴ-ի` մարտի 8-ի որոշումն էր: Մարտի 8-ի որոշումով ՍԴ-ն ասաց, որ ընտրությունները, որոնք տեղի են ունեցել փետրվարի 19-ին, և որի արդյունքները ամփոփվել են ԿԸՀ-ի կողմից, թողնում է անփոփոխ: Ի՞նչ է ասում ՍԴ-ն` այո, եղել են ընտրախախտումներ, բայց դրանք այն ընտրախախտումները չէին, որ կարող էին ազդել ընտրությունների արդյունքների վրա կամ խախտել ընտրական իրավունքը: Այսինքն` ՍԴ-ն ասաց, որ ընտրությունները եղել են արդար, չի խախտվել Սահմանադրության 4-րդ հոդվածը, ասել է նաև, որ արդյունքները թողնում է անփոփոխ, և ամենակարևորը, որ պետք է գնահատել` տվյալ որոշումը ուղղակիորեն մինչև հիմա շարունակում է գործել բոլորի նկապմամբ, ներառյալ ՀՔԾ-ի: ՀՔԾ-ն այդ փաստն անտեսում է, որ ՍԴ-ն ասում է՝ կան ընտրախախտումներ, բայց դրանք ազդեցություն չեն ունեցել արդյունքների վրա: ՀՔԾ-ն պարտավոր է գործել և որոշումներ կայացնել ՍԴ-ի այդ որոշումով սահմանված նորմերին համապատասխան: Ի՞նչ տեղի ունեցավ մարտի 1-ին: Նախագահը հրամանագրով որոշում կայացրեց, և Հայաստանում հայտարարեց արտակարգ դրություն:

 -Եվ Դուք պնդում եք, որ դա հակասահմանադրական չէ՞ր:

- ՀՀ նախագահն այդ պահին ուներ բացառիկ իրավունք հայտարարելու արտակարգ դրություն: Նրա լիազորությունները բխում էին 2005 թվականի Սահմանադրության փոփոխությունների 55-րդ հոդվածի 14-րդ կետից: Դրա հիմքում էր դրված նախագահի հրամանագիրը: Դրանով հայտարարվեց արտակարգ դրություն, և նախագահը պարտավորություն ուներ, 5-րդ հոդվածի համաձայն, գործել Սահմանադրությանը համապատասխան: Մարտի 1-ի օրվա դրությամբ գործում էր մեկ իրավական հիմք, գործիք, որը տալիս էր արտակարգ դրություն հայտարարելու լուծումը, դա Սահմանադրությունն էր: Անձամբ ծանոթացել եմ փաստահավաք խմբի զեկույցին, եւ, բացի քաղաքականից, այլ իրավական հիմնավորում չեմ տեսել այդտեղ. Սահմանադրության վերլուծություն, ՍԴ-ի որոշման վերլուծություն, արգումենտ էլ չկար, որը ասեր` ինչու պետք է դա հակասահմանադրական լինի, և ամենակարևորը` Սահմանադրության 117-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն` նախագահն ուներ իրավունք սահմանադրական կարգին սպառնացող անմիջական վտանգի դեպքում, խորհրդակցելով ԱԺ նախագահի և վարչապետի հետ, իրականացնելու իրավիճակից թելադրվող միջոցառումներ և այդ մասին ուղերձով դիմելու ժողովրդին:

 -Ուղերձ չեղավ, դա է միշտ մատնանշվել:

- Ուղերձ եղել է, եղել է մամուլի ասուլիս, որի ընթացքում նախագահը դիմել է հանրությանը, բայց ուզում եմ նշել, որ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի շրջանակներում` 15-րդ հոդվածով, նախագահն ընդամենը կարող էր ոչ թե դիմել ժողովրդին, այլ հասանելի դարձներ այն իրավական ակտը, ինչի հիման վրա կայացրել է արտակարգ դրություն հայտարարելու հիմքը: Փաստահավաք խումբն անտեսում է նաև այն փաստը , որ մայիսի 2-ին իրավունքի ուժով ԱԺ հատուկ նիստ է հրավիրվել, որտեղ ԱԺ-ն արտակարգ դրության հայտարարումը ճանաչել է անհրաժեշտ և իրավաչափ: Մենք մեր իրավական համակարգի շրջանակներում եթե նայենք, բացի Սահմանադրությունից, ունեցել ենք նաև ԱԺ-ի տվյալ իրավական գործիքը: Երբ ասում են` հակասահմանադրական է, պետք է նաև արգումենտներ ներկայացնեն`  միջոցառումները, որոնք ամրագրված են եղել այդ հրամանագրով, իրավաչափ եղե՞լ են, թե՞ ոչ: Մենք համեմատական վերլուծություն ենք արել և կարող ենք ասել, որ այն միջոցառումները, որոնք իրականացվել են, համապատասխանում են, մասնավորապես` կիրառված սահմանափակումները եղել են բացառապես իրավաչափ, սահմանափակման ոչ ենթակա իրավունքները մնացել են անձեռնմխելի, և մի շարք ինդիկատորներ կան:

-Պնդումներ կան, որ սահմանադրական կարգին սպառնացող վտանգի մասին` իշխանությունների հիմնավորումները կեղծ են եղել:

- Մենք մեր հաշվետվության մեջ դրան էլ ենք անդրադարձել ու վերցրել ենք միջազգային իրավունքում կիրառվող այդ եզրույթը` «սահմանադրական կարգին սպառնացող վտանգ» եզրույթն առավել լայն հասկացություն է, քան ուղղակի` պետական անվտանգությանը սպառնացող վտանգը, քանի որ ներառում է պետության ինքնիշխանության, ամբողջականության և մարդու իրավունքների պահպանման համար նախադրյալները: Այս եզրույթը վերցրեք և համեմատեք նրա հետ` ինչ տեղի է ունեցել մարտի 1-ին և նախորդող օրերին. զանգվածային անկարգությունների արդյունքում մահացել է 10 անձ, որից 8-ը՝ քաղաքացիական անձինք, 2-ը՝ ոստիկանության զինծառայող և սպա: Մարմնական վնասվածքներ են ստացել 221 քաղաքացիական անձ և ոստիկանության զինծառայող: Այրվել է 92 տրասպորտային միջոց և վնասվել և թալանվել է 12 օբյեկտ: Հիմա դուք արդեն գնահատական տվեք` սա սահմանադրական կարգին սպառնացող վտա՞նգ էր, թե՞ չէ:

-Իսկ զինված ուժերի ներգրավումը քաղաքական գործընթացների՞ն: Դուք պնդում եք, որ այդ գործողությունը ապօրինի չի՞ եղել:

-Բանակի ներգրավվածությունը քաղաքական պրոցեսներում փաստահավաք խմբի մեկնաբանությունն է, իրականում բանակը ներգրավված չի եղել քաղաքական պրոցեսներում: Դա 0038 որոշումով էր ` պաշտպանության նախարարի ենթաօրենսդրական ակտը, որով հայտարարվել էր զորանոցային վիճակ: Դա նշանակում է, որ զինված ուժերը ունեին սահմանադրական պարտականություններ` պաշտպանել պետական գերատեսչությունները, ու մեր հաշվետվության մեջ կա դա: Խնդրում ենք կարդացեք այն, ինչ գրած է մեր Սահմանադրության 8-րդ հոդվածի 2 կետում, որի համաձայն` ՀՀ զինված ուժերը ապահովում են ՀՀ անվտանգությունը:

-Բայց այդ դեպքում մի՞թե խոսքն արտաքին սպառնալիքի մասին չէ:

-Անվտանգությունը մեծ հասկացություն է: Իմիջիայլոց, անտեսվում է նաև այն փաստը,  որ 2007-ին ՀՀ-ում Ռոբերտ Քոչարյանը հաստատել է անվտանգության դոկտրինը: Անվտանգության դոկտրինում գրված է` սահմանադրական կարգին սպառնացող վտանգներ, պետականության բոլոր բաղադրատարրերի, պետական կառավարման համակարգի բնականոն և արդյունավետ գործունեության ապահովում: 2007-ին հաստատվեց այդ ռազմավարությունը, որում արդեն իսկ նշված է` ինչ է անվտանգությունը: Բացի դրանից` կարդացեք, թե այդ անվտանգության գաղափարն ինչպես է կարգավորել ՄԻԵԴ-ը` տարբեր վճիռներով: Օրինակ` ամենահայտնին հունական գործն է, որը սահմանում է, որ արտակարգ վիճակ, նշանակում է կոնֆլիկտ կամ վտանգ, որն ազդում է հանրային անվտանգության, առողջության և կարգի վրա: ՄԱԿ-ն ունի բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ասում են` անվտանգությունը ոչ թե արտաքին, այլ նաև ներքին վտանգին է վերաբերում, ավելին` մարդու անվտանգությունն է ներառված դրա մեջ:

-Ներքին անվտանգությունն ապահովելը բացառապես ոստիկանության անելիքը չէ՞:

- Սխալ է այդ ընկալումը: Ոչ պրոֆեսիոնալ է, որ ասես` ներքին անվտանգությունն ապահովում է ոստիկանությունը, և վերջ: Կարևոր փաստ` 2008 թվականի դրությամբ ՀՀ-ում արտակարգ դրություն հաստատելու ռեժիմի վերաբերյալ օրենք չի եղել, օրենքն ընդունվել է 2012 թվականին: 2012 թվականին ընդունված օրենքը համարվել է լավագույն փորձից վերցրած օրենք և համապատասխանել ՀՀ ստանձնած միջազգային պարտավորություններին, երբևէ օրենքը չի վիճարկվել, երբևիցե որևէ միջազգային կառույց չի ասել` հակասում է Սահմանադրությանը, կոնվենցիային և այլն, այսինքն` գործել է այդ օրենքը: Երբ համեմատում ենք 2012 թվականի օրենքը և հրամանագիրն` իր միջոցառումներով, մեկը մեկին համապատասխանում է, ներառյալ` զինված ուժերի դերի վերաբերյալ:

-Կարծում եք՝ Ռոբերտ Քոչարյանը կներկայանա՞ հարցաքննության:

-Ներկայանալ-չներկայանալու խնդիր դրված չէ, արդարադատությունը պետք է կայանա: Ռոբերտ Քոչարյանը, իմ տեղեկություններով, կաշկանդված չէ հարցաքննությանը մասնակցելու, գնալու և տեղեկություններ հայտնելու հարցով: Երկրորդ ծանուցագիրը ՀՔԾ-ն ուղարկել է ամսի 26-ին` հրավիրելով Քոչարյանին հարցաքննության: Տեսնենք` դեպքերն ինչպես կզարգանան:

- Կա գնահատական, որ այս ամենն ունի քաղաքական կոնտեքստ, եւ ՀՔԾ-ն նաև շտապողականություն ցուցաբերեց իր հաղորդագրությամբ: Կա նաև երկրորդ տեսակետը, որ, ստեղծված բարենպաստ պայմաններում, ի վերջո,  Մարտի 1-ի գործը բացահայտվելու է: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ ելք է լինելու:

- ՀՔԾ-ն մեղադրանք է առաջադրել պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին գործող ՔՕ 300.1 հոդվածի շրջանակներում: Իրականության մեջ ՀՔԾ-ն փորձ է անում քրեաիրավական նորմին հետադարձ կիրառում տալ: Նպատակը տարբեր կարող է լինել, բայց պետք է հասկանալ` ի՞նչ է ներառում 300.1-ը, ի՞նչ բովանդակություն ունի: 300.1-ի ապացուցման շեմը բավականին բարձր է, դա նշանակում է, որ ՀՔԾ-ն պետք է ապացուցի, որ Միքայել Հարությունյանի և մյուսների կողմից քանդվել են սահմանադրական գործող ինստիտուտներ և ստեղծվել նորեր: Այսինքն` եթե տվյալ արարքի մեջ կա հանցակազմ, պետք է ապացուցի, որ գործող ինստիտուտները քանդվել են և նորերն են ստեղծվել: Գնահատելով հանգամանքները և ծանոթ լինելով փաստերին` կարծում եմ, որ հիմքերը թույլ են, և պետք է ճիշտ իրավական գնահատականներ տալ ու չփորձել հետադարձ ուժ տալ քրեաիրավական նորմերին, դա պրոֆեսիոնալ չէ: Հուսով եմ, որ կփակվի այս գործը: Այն լուծումը, որը պետք է լինի, պետք է լինի իրավական դաշտում և պետք է համապատասխանի ՀՀ Սահմանադրությանն ու գործող օրենսդրությանը: Լուծումը պետք է լինի ոչ թե քաղաքական մեկուսացված տարածքում, այլ կոնկրետ բաց իրավական դաշտում:

Զրուցեց Լուսինե Հակոբյանը

P. S. Աղվան Վարդանյան
15 Օգոստոսի 2018, 12:53 P. S. Աղվան Վարդանյան

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica