close
Եղանակը Երևանում
22 Հոկտեմբերի 2018
+12°
+19°Ցերեկ
+11°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Հոկ 2018
USD1483.80
GBP1630.39
EUR1554.58
RUB17.37
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ինչ տաբուների մասին է խոսքը՝ իմ ֆիլմում երեխայի են ուտում». Դարեն Արոնոֆսկին Հայաստանում է

Մշակույթ

10 Հուլիսի 2018, 17:53
 «Ինչ տաբուների մասին է խոսքը՝ իմ ֆիլմում երեխայի են ուտում». Դարեն Արոնոֆսկին Հայաստանում է

Պետք է քաջություն ունենալ` «ոչ» ասելու նրանց, ովքեր քեզ են «ոչ» ասում. այս սկզբունքով էլ ծնվում են աղմկահարույց ֆիլմերի ռեժիսոր Դարեն Արոնոֆսկու «Երազանքի ռեքվիեմ», «Շատրվան», «Սև կարապ», «Նոյ», «Մայրիկ»  ֆիլմերը: Արոնոֆսկին «Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակներում Հայաստանում է և այսօր հանդիպեց լրագրողների հետ: Ներկայացնում ենք Արանոֆսկու հետ զրույցը:

Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆիլմ 3 անգամ է նկարվում

Ես «տնային աշխատանք» շատ եմ անում և շատ վաղ եմ հասկանում՝ ինչ եմ ստանալու վերջում: Այսինքն՝ ֆիլմը սկսելուց գիտեմ՝ ինչ եմ անելու: Կարծում եմ՝ յուրաքանչյուր ֆիլմ 3 անգամ է նկարվում՝ երբ սցենարն է գրվում, երբ դերասաններն են խաղում, և երբ մոնտաժում ես այն: Իմ՝ ֆիլմ նկարելու ձևը տարբեր է, և այլ կերպ ուղղակի հնարավոր էլ չէ: Օրինակ՝ թվում է՝ «Նոյը» մեկ շնչով եմ նկարել, բայց այդպես չէ, այն անընդհատ զարգանում ու փոփոխվում էր:

Ֆիլմ նկարելն ամուսնության պես մի բան է

Լավ կլիներ՝ ֆիլմարտադրությունն արվեստ լիներ: Երբեմն, այո, այն արվեստ է, բայց ավելի հաճախ այն բյուրոկրատիա է՝ անվտանգության, ֆինանսական առումով, և տակը բան չի մնում` արվեստը շատ քիչ է մնում: Ռեժիսորը դիրիժորի պես է՝ ստեղծագործության կատարումը հաջողված է, երբ երաժիշտները, բացի պրոֆեսիոնալիզմից, նաև ներդաշնակ են նվագում: Բացի այդ՝ ֆիլմ նկարելն ամուսնության պես մի բան է՝ միշտ չէ, որ կատարյալ ներդաշնակ է ձեր միասնությունը: Ես ֆիլմ նկարելիս փնտրում եմ մարդկանց, ովքեր փորձում են ծայրահեղ կատարյալի հասցնել իրենց աշխատանքը:

Աստվածաշնչյան պատմություններում կարևոր չեն՝ դրանք իրակա՞ն են, թե՞ ոչ, այլ ինչ են դրանք նշանակում հիմա մեզ համար

Ինձ գրավում են աստվածաշնչյան պատմությունները, քանի որ դրանք շատ հզոր են, լավ շարադրված: Ֆիլմերի միջոցով փորձում եմ դրանց էմոցիոնալ արձագանքին հասնել, և սա է հենց կինոյի ուժը: Աստվածաշնչյան պատմությունները բոլորին են պատկանում, և կարևորն այն չէ՝ դրանք տեղի ունեցե՞լ են, թե՞ ոչ, որտե՞ղ են եղել, որքա՞ն իրական հիմքեր կան, այլ այն, որ ինչ են դրանք նշանակում հիմա մեզ համար: Տեսեք՝ Աստվածաշնչում Նոյը մի մարդ էր, որը փրկեց կենդանիներին, որովհետև երկիրը մարդու չարիքով էր լցված, և այստեղ կարևորն այն է, թե որքանո՞վ է այս պատմությւոնը շաղկապված այսօրվա իրավիճակի հետ: Հաշվի առնելով այժմ կենդանիների մորթը, սպանությունները՝ սա ուղերձ էր, որը ժամանակին մեզ էր տրվել, և հիմա էլ արդիական է: Աստվածաշնչյան բոլոր նախատիպերը գերհերոսներ են, և նրանց խնդիրն այն է, որ անմահ են:

Դերասանը եթե լավ բացվում է, դառնում է ծաղիկ, սակայն եթե մի քիչ ավելի լավ է բացվում, կարող է վառվել

Մեծ կինոյի հաջողությունն ինչո՞վ է պայմանավորված՝ մարդկային զգացողությունները ներկայացնել այնպես, որ յուրաքանչյուրի սրտին դիպչի: Մարդկային զգացմունքներն ընդհանուր են, ուստի յուրաքանչյուրը կարող է զգալ այն, ինչ ուզում ես տեղ հասցնել, եթե, իհարկե, ճիշտ շեշտադրումներ ես անում: Ռասսել Քրոուն ինչո՞ւ է մեծ դերասան, որովհետև մեկ թարթիչով կարողանում է ասել ամեն ինչ: Ինձ միշտ հետաքրքրել է մարդկանց գլխի մեջ խորանալը, որտեղ մշտապես պայքար է գնում՝ կյանքի հետ «յոլա գնալու» համար: Գանգատուփում տեղի ունեցող ներքին խոսակցությունը միշտ էլ հետաքրքրել է ինձ, և երբեմն կինոյում ես փորձում եմ հենց դա էլ ցուցադրել: Երբեք պետք չի մտածել ֆիլմերի կոմերցիոն հաջողությունների մասին, ի՞նչ իմանաս՝ հետո ինչ է լինելու: Այդ առումով կարծում եմ՝ իմ «Շատրվան» և «Մայր» ֆիլմերն իմ ամենաատելի ֆիլմերն են: Ինչ վերաբերում է դերասաններին, ապա յուրաքանչյուր դերասան պահանջում է անհատական աշխատանք: Յուրաքանչյուր դերասան իր տեխնիկան ունի և ռեժիսորի գործն այն է, որ վերջինիս հետ այնպես աշխատի, որ նա իրեն հարմար զգա, կարողանա ինքնաարտահայտվել: Դերասանը եթե լավ բացվում է, դառնում է ծաղիկ, սակայն եթե մի քիչ ավելի լավ է բացվում, կարող է վառվել: Երբ փորձառու դերասանի հետ ես աշխատում և նոր բան ես նրան առաջարկում, երկմտում է, խուսափում, և դու պետք է նրան ցույց տաս, որ նա ապահով է, հետոն լավ է լինելու: Միշտ էլ ուզում ես աշխատել մարդու հետ, ով արհեստն արվեստի է վերածում:

Սարսափում էի, որ այդպես էլ չեմ կարողանա ինձ գտնել

Ֆիլմ նկարելը պատահականություն էր ինձ համար: Երբ երեխա էի, պատկերացում անգամ չունեի ֆիլմարտադրության մասին: Հետո համալսարան ընդունվեցի և առաջին երկու տարին չգիտեի՝ ինչ եմ դառնալու. սարսափում էի, որ այդպես էլ չեմ կարողանա ինձ գտնել: Գրադարանում նստած՝ մտածում էի՝ միգուցե ինչ-որ բան այն չէ, սակայն երբ սկսեցի ֆիլմեր մոնտաժել, դա ինձ մոտ խանդառավություն առաջացրեց: Ես չգիտեի՝ ուր կհասնեմ, բայց միևնույն էր: Հետո ես դարձա պատմող և հասկացա՝ ինչ ասել է կինո: Բոլորս անընդհատ պատմություններ են հյուսում՝ ով ենք, ուր ենք գնում, որտեղից ենք եկել: Ես էլ պատմում եմ՝ ինչպես եմ տեսնում աշխարհը:

Մի օր կանցնեմ կատակերգական ժանրին

Սկսել եմ կատակերգություններով, և ինձ հաճախ են ասում՝ Դարե'ն, մի կատակերգություն նկարի, քեզ մոտ կստացվի: Կարծում եմ՝ մի օր կանցնեմ կատակերգական ժանրին, ուղղակի դեռ լավ բան չեմ գտնում:

Մեր էմոցիաների պատճառները տարբեր են, բայց մենք նույն բանն ենք զգում

Արվեստագետի գործն ուրիշի զգացածը հասկանալն ու վերարտադրելն է: Ես չեմ կարծում, որ մարդկային փորձառությունն այդքան տարբերվում է: Հետաքրքիրն այն է՝ ինչ է մեզ միավորում և բոլորիս մարդ դարձնում: Մարդկանց միջև պատեր ստեղծել պետք չէ, պետք է միավորել նրանց: Եթե մեկը ցավ է զգում, կարելի է ֆիլմ նկարել այդ մասին, օրինակ՝ շան մասին, որն ունի մարդկային զգացումներ: Այսինքն՝ մեր էմոցիաների պատճառները տարբեր են, բայց մենք նույն բանն ենք զգում: Պետք է փորձել հենց այդ դրդապատճառները գտնել, և դրան կարելի է հասնել թիմային աշխատանքի շնորհիվ: Մարդիկ միասին աշխատելով են ինչ-որ բանի հասնում: Եթե ճիշտ համագործակցություն է, ցանկացած ֆիլմ կարող ես նկարել:

Արվեստում ամենախանդավառ բանն այն է, որ գալիս է մի պահ, ու դու կարծես չկաս

Քայլ առ քայլ, քարը քարին դնելով` ես ֆիլմ եմ նկարում, ոչինչ միանգամից չի տրվում: Ամեն ինչ սկսվում է ենթագիտության մակարդակում, որին ոմանք կոչում են մուսա, մյուսները՝ երկնքից տված շնորհ: Արվեստում ամենախանդավառ բանն այն է, որ գալիս է մի պահ, ու դու կարծես չկաս, այսինքն՝ քո և արվեստի միջև կապը վերանում է: Ստեղծագործողներն ինձ կհասկանան: Իմ կյանքում մի քանի նման դեպք է եղել: Կարծում եմ՝ ֆիլմ նկարելուց կարևորն այն է, որ պետք է քաջություն ունենաս` ասելու «ոչ» նրանց, ովքեր քեզ են «ոչ» ասում: Ֆիլմ նկարելիս միշտ էլ սահմանափակումներ կան՝ ֆինանսական սահմանափակումներ, ստեղծագործական ներուժի սահմանափակում: Պետք է հավասարակշռությունը կարողանաս գտնել ու անցկացնես այն ֆիլմի միջով:

Երբեք հետ չեմ նայում

Իմ ֆիլմերը չեմ նայում, քանի որ երբեք հետ չեմ նայում: Կարծում եմ՝ ժամանակի ավելորդ վատնում է անցյալ գնալը, դա նման է այն բանին` ոնց որ ինքդ քեզ նայես հայելու մեջ: Երբ հեռուստաալիքները փոխելիս մեկ-մեկ բռնեցնում եմ իմ ֆիլմերը, մեկ-երկու կադր նայում եմ ու մտածում՝ վատ չէ, բայց առանձնապես չեմ նստում ու նայում իմ ֆիլմերը:

Մտքումս չեմ պատկերացնում՝ ով է դիտելու իմ ֆիլմը

Պատկերացում չունեմ՝ ով է իմ հանդիսատեսը: Ով նայում է իմ ֆիլմերը՝ նա էլ իմ հանդիսատեսն է: Ես մտքումս չեմ պատկերացնում՝ ով է դիտելու իմ ֆիլմը: Իհարկե, մտածում եմ հանդիսատեսի մասին, բայց որպես վերացական մի բանի: Իմ հանդիսատեսը հանավաբար նրանք են, ովքեր ձանձրացել են «Մարվելի» նողկալի ֆիլմերից: Իմ վարպետն ինձ ասում էր, որ իր գրասեղանի վրա միշտ մի գրություն է եղել.«Որտե՞ղ է իմ հանդիսատեսը»: Իրականում հանդիսատեսի առջև դու ահռելի պատասխանատվություն ունես և հենց դադարում ես նրա հետ խոսե, մենակ ես մնում:

***

Հարց. Ձեզ համար տաբուներ կա՞ն ֆիլմեր նկարելու համար, թեմատիկա ընտերլու համար:

Պատասխան.-Տաբունե՞ր: Ինչ տաբուների մասին կարող է խոսք լինել, եթե իմ վերջին ֆիլմում երեխա են ուտում: Երեխա կարելի՞ է ուտել:

***

Հարց.- Դուք աթեիստ եք և այցելել եք առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր: Ինչպե՞ս եք Ձեզ զգում:

Պատասխան.- Շատ լավ: Ջերմ մթնոլորտ է: Լավ հարցեր են տալիս: Հույս ունեմ, որ դուք կհանդուրժեք ձեր երկրում այլ հավատ ունեցող մարդկանց: Եվ հետո՝ այնպես չէ, որ ձեզ մոտ չկան աթեիստներ:

***

Հարց.- Ես գիշերները շարունակ չեմ քնել, քանի որ ինձ մտատանջում էր հարցը՝ ի՞նչ է «Մայրիկ» ֆիլմի միջի դեղին փոշում խորհրդանշում: Կասե՞ք՝ ինչ էր այն իրոք խորհրդանշում:

Դարեն Արանոֆսկի.- Երևի այսօր էլ չքնեք: Բոլոր հարցերի պատասխանը չէ, որ ես կարող եմ տալ:

***

Հարց. –Ի՞նչ հարցեր եք նախընտրում, որ Ձեզ տան:

Պատասխան.-Ինձ ավելի շատ հաճոյախոսություններն են դուր գալիս, քան հարցերը:

Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
22 Հոկտեմբերի 2018, 10:43 Արմեն Սարգսյանը մեկնում է Ժնև
Սպասվում է անձրև
20 Հոկտեմբերի 2018, 18:00 Սպասվում է անձրև
yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica