close
Եղանակը Երևանում
21 Օգոստոսի 2018
+20°
+30°Ցերեկ
+17°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Օգս 2018
USD1483.10
GBP1615.42
EUR1551.12
RUB17.20
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մարդակերություն

Հարթակ

18 Հունիսի 2018, 20:02
 Մարդակերություն

...Ու այս ի՞նչ երկրում ենք մենք մինչեւ հիմա ապրել: Նկատի չունեմ կոռումպացված, նկատի չունեմ ամառանոց-զինանոցներով, իբր երկրապահներով, հանուն նրա մեքենայի տակ պառկող կանանցով, զինվորի հացը գողացողներով, նկատի ունեմ երկիր, որտեղ անբարոյականությունն այնքան մեծ է եղել, որ բարոյականներին փողոցում պատահաբար տեսնելիս հոտնկայս ծափահարում ենք:

Խնդիրն այն չէ, որ մեզ մինչև հիմա խաբել են, մեզ կամ 3-րդ դասարանցի Նատալիին, ով ու նրա  նման ու տարիքի շատերը նամակ են գրել հայ զինվորին, բայց նամակն այդպես էլ տեղ չի հասել, խնդիրը սա չէ, քանի որ մեզ շարունակելու են խաբել` անկախ նրանից, թե ԱԱԾ-ն որքան քաջ ու համառ կլինի, հետևողական ու թափանցիկ կաշխատի, արդար ու ազնիվ կգործի: Որտեղ երկու մարդ, այնտեղ` սուտ, որտեղ երեքը, այնտեղ` կոռուպցիա, որտեղ չորսը, այնտեղ` հանցավոր պայմանավորվածություն...

Խնդիրն այն է, որ մեր միջից հոտած մթերքի հոտ է եկել, բայց մենք չենք զգացել, գարշահոտությունը բնության բույրի տեղ դրած ապրել ենք: Փրկարարը ոտքով սարերն է բարձրացել, քանի որ ձյունագնաց չունի, սպան ոտքով մարտական հեռավոր հենակետ է գնացել, քանի որ զինվորական ամենագնաց չունի, մարտում վիրավորված զինվորը հիվանդանոցի ճամփին մահացել է, քանի որ բժշկական ավտոմեքենա չկա, մեկ ուրիշ վիրավոր զինվորի ձեռքին ընկերը սանտավիկ չի դրել, քանի որ դրանից էլ չկա, մարտական հենակետի պաշտպանը զոհվել է` այն թշնամուն հանձնողին հայհոյելով, քանի որ փամփուշտ չունի... Ու ապրել ենք:

Մեր կողքին էլ մարդիկ են ապրել ու ոնց են ապրել ու ոնց են ապրելու ու ինչո՞ւ են ապրելու... Չարքի անունը հերոս դրած` խոնարհվել ենք նրա անառարկելիության առջեւ, մի քիչ էլ դիմանար, արձան կդնեինք, չէ՞, որ հերոս է... Ու այս հերոսներով ինչպե՞ս ենք հաղթել ու ինչպե՞ս ենք քնում: Լավ, նրանց սիրտը հանած է, տեղը երկաթ են դրել, հոգի չունեն, աչքերով նայում են մանուկների` զինվորին գրած նամակներին ու բացում են գազանների երախը, բա մե՞նք: Մենք էլ հո մարդ ենք, դե արջ չենք, վագր չենք, սիրտ ունենք, հոգի ունենք, ցավ ունենք, դրան այլեւս չդիմանալու ուժերի խիստ բնական պակաս ունենք, օրվա զայրույթից արտասվելու ու տարիներով արտասվելուց զայրանալու ներքին մղումներ ունենք: Էս ո՞նց ենք դիմացել ու այս ո՞ւր ենք հասել, սրանց ձեռքին չէ, մեր խելքից:

Անմեղության կանխավարկա՞ծը... Սպասենք` մեղադրանքը հաստատվի, դատարանը մեղավոր ճանաչի, նո՞ր: Գիտե՞ք` մեր մեջ առաջացած գարշահոտությունը արդարությանը երկար սպասելուց է, մեր լավ օրերը մեր տառապանքի գնով մեր երեխաներին կտակելուց է, ինչպես արել են մեր ծնողները մեզ համար, ու ինչպես նրանք սխալվել են, փաստորեն:

Ու ես չգիտեմ, թե ե՞րբ է պատրաստվում Արցախի Հանրապետությունը հետ վերցնել հերոսի կոչումը կամ պատրաստվո՞ւմ է արդյոք, ես չգիտեմ, թե ի՞նչ են ուտելու վագրերն ու արջերը, չգիտեմ նաեւ, թե ի՞նչ է լինելու ԵԿՄ-ի հետ` այն պարագայում, երբ երկրապահ լինելու համար պարտադիր չէ միություն ունենալ ու դրա անդամ լինել: Ես երկու բան գիտեմ` ԱԱԾ-ն այս դեպքից հետո նոր բացահայտումներ է անելու լրիվ ուրիշ ոլորտներում… Եվ երկրորդը` ամեն մեկին մի' ասեք` հերոս, շատ հնարավոր է, որ նա մարդակեր է...

Հովիկ Աֆյան

yerkir.am
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica