close
Եղանակը Երևանում
22 Ապրիլի 2018
+5°
+15°Ցերեկ
+3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
22 Ապր 2018
USD1480.18
GBP1675.23
EUR1590.67
RUB17.82
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը վերաբերել է ոստիկանության կողմից ուժի կիրառմանը. Կոստանյանը պարզաբանեց

Քաղաքական

21 Մարտի 2018, 14:00
 «Բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը վերաբերել է ոստիկանության կողմից ուժի կիրառմանը. Կոստանյանը պարզաբանեց

ՀՀԿ-ական պատգամավոր Գևորգ Կոստանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ երեկ ԱԺ նիստում «Ելք» խմբակցության հեղինակած` 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձությունների վերաբերյալ ԱԺ հայտարարության մասին նախագծի քննարկման ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանի հայտարարությանը: Զեյնալյանը, դիմելով Ռուստամ Մախմուդյանին, ասել էր. «Դուք տեղյա՞կ եք, որ ՀՀ-ի կողմից առարկություն է ներկայացված եղել, որ այս մարդկանց սպանությունը եղել է բացարձակ անհրաժեշտ»:

Կոստանյանը պարզաբանեց, որ «բացարձակ անհրաժեշտ» արտահայտությունը վերաբերել է ոստիկանության կողմից ուժի կիրառմանը, ոչ թե՝ մահվան դեպքերին:

«ՄԻԵԴ-ը հարց է տվել՝ արդյո՞ք ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ», և արդյոք խախտվե՞լ են երկրորդ հոդվածով սահմանված իրավունքները, թե՞ ոչ: Կոնվենցիայի կանոն է, որ ֆիզիկական ուժը, որ պետության կողմից կիրառվում է քաղաքացու նկատմամբ, պետք է լինի համաչափ, իրավաչափ և բացարձակ անհրաժեշտ: «Բացարձակ անհրաժեշտ»-ը վերաբերում է նրան, թե արդյո՞ք ոստիկանն ուրիշ ելք չի ունեցել և դրա համար է ուժ կիրառել»,- պարզաբանեց նա:

Կոստանյանը հավաստիացրեց, որ 2008-ի մարտի 1-ին ոստիկանության կողմից կիրառված ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ: «Կառավարությունն իր հիմնավորման մեջ բացատրում է, որ ոստիկանության կողմից կիրառված ուժը բացարձակ անհրաժեշտ է եղել, և դա չի առաջացրել երկրորդ հոդվածի խախտումներ»,- նշեց նա:

Հարցին՝ այն, որ ասում եք՝ երկրորդ հոդվածը չի խախտվել, նկատի ունեք, որ ուժի կիրառումը եղել է բացարձակ անհրաժե՞շտ և մահվան հանգամանք չի՞ հանդիսացել, Կոստանյանն ասաց. «Ոստիկանական գործողությունների իրավաչափության մասին է խոսքը: Մահվան հանգամանքների հետ դա ընդհանրապես կապ չունի: Ինքս այդ նույն առարկությունների մեջ հատուկ մանրամասնում եմ, որ յուրաքանչյուր մահվան հետ կապված գործերը քննվում են, դեռ չգիտենք՝ ինչ է եղել: Ոստիկանության ուժը եղել է բացարձակ անհրաժեշտ, բայց մահվան հանգամանքների հետ կապված` դեռ չգիտենք»:

Ճշտող հարցին՝ այդ երկրորդ հոդվածն ինչի՞ն է վերաբերում, Կոստանյանը պատասխանեց. «Մենք խոսում ենք այն մասին, որ ոստիկանական ուժի կիրառումը չի հանգեցնում դրան: Բայց դրանք առանձին 10 դրվագներ են, կարող է՝ մի առանձին ոստիկան անհամաչափ ուժ է գործադրել, կամ առանձին ոչ ոստիկան զենք է գործադրել: Մենք դա քննում ենք»:

Նա անդրադարձավ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի կողմից բարձրաձայնված այն հարցին, որ նախաքննության մարմինը պետք է հրապարակի այն տեսագրությունները, որոնք փաստում են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խոսքերը, որ ընդդիմադիրները մեքենաների հետևից դուրս են եկել և կրակել ոստիկանների ուղղությամբ: Կոստանյանը կրկնեց, որ բոլոր ձայնագրությունները, որի մասին խոսել է երկրորդ նախագահ Քոչարյանը, նախաքննության տրամադրության տակ են:

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica