close
Եղանակը Երևանում
18 Նոյեմբերի 2017
+3°
+13°Ցերեկ
+5°Գիշեր
weather
close
Փոխարժեք
18 Նմբ 2017
USD1486.78
GBP1644.89
EUR1574.01
RUB18.17
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Երևանս` լուսադեմին

Հարթակ

12 Սեպտեմբերի 2017, 12:30
 Երևանս` լուսադեմին

Երևանս` լուսադեմին. փողոցն ավլող կանայք` ամեն մեկն իր մտքերով` կա'մ երեկվանից չմարսած, կա'մ էլ առավոտ շուտ ծնված:

Երևանս` լուսադեմին. կանգառներում թափված ծխախոտի մնացորդները. ով գիտի` մեկը սիրած աղջկան համբուրելուց առաջ է ծխախոտը հանգցրել, մյուսը չհամբուրելուց ջղայնացած սկսել է ծխել, մեկ ուրիշն էլ հենց այնպես` հաճույքի համար է ծխել:

Երևանս` լուսադեմին. առաջինը գիծ մտնող ավտոբուսներում քնած մարդիկ` ուռած, կարմրած աչքերով, ձեռքներին դատարկ կամ լիքը տոպրակներ` կեսօրվա սնունդն է կամ սնունդի մնացորդները: Առաջինը գիծ մտնող ավտոբուսներում քնած մարդիկ` ուռած, կարմրած աչքերով, որ ավտոբուս մտնողի հետևից մի աչքը բացում ու տեղ են տալիս, հետո նորից քնում: Ավտոբուսի վարորդը` թարմ տեսքով, բայց նյարդային` հազում է, փնչացնում, դիմացի ապակու միջով քնած ուղևորներին նայում ու ծխում` միաժամանակ փորձելով որքան հնարավոր է անաղմուկ վարել: Վարորդը բոլոր ուղևորներին ճանաչում է, գիտի` ով որտեղ է աշխատում և ուր պետք է իջնի: Վարորդը կանգառում ոտքը կախ է գցում` մոտ 10 րոպե նեղ փողոցի վրա ուշադրությունը սևեռում, ուղևորներից ոչ ոք ձայն չի հանում. մեկն ուշացել է, սպասում են, լուռ են, կարող է մի օր էլ իրենք ուշանան:

Երևանս` լուսադեմին. պաստառներից նայող դեմքեր, որ համոզում են` գիրք կարդալ, օգտվել այսինչ բանկից ու` շահում` «Ավելի բարեկարգ Երևան»` Աբովյան փողոցի մի շինության վրա, որն այդպես էլ չի կառուցվում, որի կողքին «բարեկարգ» աղբը տարածվել, «բարեկարգ» բուրում է:

Երևանս` լուսադեմին. Ազգային ժողովի շենքը` սուսուփուս կանգնած. պատգամավորները դեռ քնած են պատգամավորական քնով, ու տարածքում լիքը կյանք կա. ծաղիկները զարթնել, ծառերին են հրմշտում, թե` վեր կաց, ամոթ է, ճաղերի արանքից մեզ նայող կա:

Երևանս` լուսադեմին. Սարյանի պուրակում գտնվող սրճարանը` շրջված աթոռներով: Երեկ ներս ընկած այս սեղանի մոտ հաստատ Էդոյանն ու Հակոբ Մովսեսն են նստած եղել, զրույցը ձգվել, Երևանին էլ է հասել: Տեսնես` Ավագ Եփրեմյա՞նն էլ է այստեղ եղել, թե՞ էլի իր սենյակն է նախընտրել:

Երևանս` լուսադեմին. նստարաններին քնած մարդիկ` երկար մորուքով /գուցե մորուքի փառատոնին մասնակցեն/, մի քանի տակ հագնված ու աղբից ինչ-որ մնացորդներ կողքներին դրած: Նստարաններին քնած մարդիկ` համաչափ շնչառությունից մորուքը տարուբերվող: Մեկը պապիս է նման, մյուսը` չունեցած քեռուս, երրորդին էլ, որ ուզեմ, եղբորս կնմանեցնեմ:

Երևանս` լուսադեմին. «Թուֆենկյանը» քնից նոր-նոր է զարթնում, արևն արդեն հասել է տանիքին:  «Բարի լույս, սիրելի'ս»,- սիրուն կառույց է, կողքով անցնելիս խոսեցնում է քեզ: Իսկ այ դիմացը` Ազգային չգիտեմ ինչ կուսակցության շենքի գլխին սարքած կառույցին արևը մեկ ժամ հետո կհասնի. դրան տեղն է, ոնց որ տնօրենի գզգզված «չոլկա» լինի հին շենքի վրա:

Երևանս` լուսադեմին. ավտոմեքենաների ուղղությունը հեշտությամբ կարող ես գուշակել` օդանավակայան կամ օդանավակայանից, հացի փուռ կամ հացի փռից, մի քանի անքուն վարորդ` գիշերային աշխատանքից տուն գնացող ու տաքսիներ` ղեկը գրկած-քնած վարորդներով:

Երևանս` լուսադեմին. այգիները, փեշերը հավաքած, անհամբեր սպասում են. մաքրող կանայք իրենց էլ հասնեն ու նախորդ օրվա` գետնին թափված հուշերը կմաքրեն` արևածաղկի կեղև, գարեջրի շշեր, մաստակ, հացի փշրանքներ, մի երեխայի ձեռքից էլ փուչիկն է փախել ու նստարանի տակ թաքնվել:

Երևանս` լուսադեմին. պարզվում է` Երևանս լուռ քաղաք է: Լուսադեմին ականջներդ սղոցող աղմուկը` մուննաթ, ազդանշաններ, «բարեկարգման» դռդռոց չկա ու չկա, միակ ձայնը քաղաքն իրենցով արած ագռավների «ղա՜ռ-ղա՜ռ»-ն է ու հատուկենտ մեքենաների անիվների ճռռոցը:

Երևանս` լուսադեմին` նոր ծնված երեխա. շուտով մայրը կարթնանա ու կուզի տակդիր հագցնել, սկեսուր մայրիկը կասի` տակդիրը սխալ է, հայրը ձեռքը թափ կտա ու աշխատանքի կգնա, պապը` հարսի ու կնոջ վրա կգոռա, թե` հանգիստ թողեք էդ երեխուն: Հետո կփորձեն նորածնին կերակրել. մայրը կկարծի` իր սարքած ճաշն է ամենահամեղը, տատը մորից թաքուն մի բան կդնի երեխայի բերանը: Հետո մայրն ու տատը երեխայի հագուստի համար կվիճեն` ո՞րն է սազում, ո՞րն է ավելի տաք ու հարմար, ու վերջում կհագցնեն` վերնաշապիկը` մոր, տաբատը` տատի ճաշակով: Հետո տանը հյուրեր կգան` նորածնին սիրելու` աղու, ղուղու, ու կհոգնեն` նորածնին մորը վերադարձնելով: Հետո՞, դե հետո երեխան կմեծանա` ամեն մեկից մի բան «վերցնելով»:

Երևանս` լուսադեմին` չասֆալտած ճանապարհով գնացող, լուսացույցերի տակ որոշ ժամանակ սպասող, քիթն ապակուն կպցրած` 250 000 դրամանոց բլուզներին զարմանքով նայող, մուրացիկների հետ մի բաժակ դառը սուրճ խմող, տաքսու վարորդներին քնից արթնացնող ու ինչքան էլ լվացվող, մեկ է, չվերանորոգված տան նման միշտ թափթփվածի տպավորություն թողնող ու անընդհատ հոսող` դեպի կեսօր, երեկո, հաջորդ լուսաբաց:

Կարինե Հարությունյան 

yerkir.am

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica