close
Եղանակը Երևանում
21 Հուլիսի 2019
-2°
+3°Ցերեկ
-3°Գիշեր
weather
close
Փոխարժեք
21 Հլս 2019
USD1476.48
GBP1596.79
EUR1535.52
RUB17.56
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Տիեզերքը` Արտավազդ Փելեշյանի ռակուրսից. կինոռեժիսորը գիրք է գրել

Մշակույթ

1 Մարտի 2017, 12:48
 Տիեզերքը` Արտավազդ Փելեշյանի ռակուրսից. կինոռեժիսորը գիրք է գրել

«Իմ աշխարհը և դաշտի միասնական  տեսությունը» Արտավազդ Փելեշյանի գրքի վերնագիրն է, որի շնորհանդեսը տեղի ունեցավ երեկ: Գիրքը դեռևս ռուսերեն լեզվով է, սակայն առաջիկայում այն կթարգմանվի հայերեն և անգլերեն լեզուներով:

Մաեստրո Տիգրան Մանսուրյանի կարծիքով` այն արտակարգ հետաքրքիր մի աշխատություն է իրապես բարձր երևույթների մասին: Ըստ նրա` գրքում Փելեշյանի փնտրտուքներն են` ինչպես դաշտն ամբողջացնել, ինչպես մտնել տիեզերական երևույթների խորքերը, և հաճախ նա դրանք ընդհանրացնում է` իրար լրացնելով` մյութոս և տիեզերք, տիեզերագիտություն և հնագույն քաղաքակրթական շերտեր:

«Այս ամբողջի հիմքում նրա ստեղծած արվեստն է, նրա տեսական հիմքերը, ֆիլմ, մարմին կառուցելու` նրա որոնողական միտքը: Չափազանց մեծ հետաքրքրասիրությամբ է կարդացվում գիրքը, սա արվեստագետի գրած` գիտական փնտրտուքների գիրք է: Գիտությունը մասսայականացնող գրքեր կան, չէ՞, ահա` Փելեշյանի գիրքն այդպիսի պարզ ու մատչելի լեզվով, չափազանց զուսպ գրչի մարդու աշխատանք է: Պարզվում է` գիրքը նույնքան կայացած է, որքան նրա ֆիլմերը: Չես հասկանում` մարդը կարո՞ղ է այսքան հեռուն գնալ իր ստեղծած արվեստի հետքերով ու մտնել տարբեր շերտեր»,- ասաց Մանսուրյանը:

Նա նշեց նաև, որ հետաքրքիր էր փաստը, որ Փելեշյանը գրքում «երկիր» բառը մեծատառով է գրում, և սա, ըստ Մանսուրյանի, ռեժիսորի վերաբերմունքն է երկրին, սրանով Փելեշյանը ևս մեկ անգամ ասում է` երկիրը տեր ունի: «Եթե նա գրքում և վերնագրում ասում է իմ տիեզերքը, այստեղ մեծախոսական որևէ նշույլ չպետք է փնտրել: Նրա որոնածը նրա ներդաշնակությունն է, նրա ֆիլմերի աշխարհը»,- ասաց նա:

ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանն էլ նշեց, որ գիրքն ընթերցելիս տպավորությունն այնպիսին է, որ կարծես փելեշյանական տիեզերքն անվերջանալի է: Ըստ նրա` քաջ գիտակցելով, որ տիեզերքը, այնուամենայնիվ, վերջանալի է, Փելեշյանը կարողանում է մեզ ստիպել մտածել անվերջության մեջ, և հենց անվերջությունն է, որ կոչվում է իրական արվեստ: «Անվերջություն, որի մեջ մենք փորձում ենք անսահմանափակ երազել և մեր երազներն իրականություն դարձնել: Ես երազում եմ, որ կգա այն օրը, երբ Փելեշյանը կնկարահանի իր հերթական ֆիլմը, իսկ մինչ այդ մենք ունենք այս գրքի թարգմանության խնդիրը` հայերեն և անգլերեն»,- ասաց նախարարը:

Ըստ կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանի` սա ուսումնասիրելու գիրք է, կարդալու և բարձի տակ դնելու գրականություն չէ: Նրա կարծիքով` սա գիտնականի աշխատություն է: «Փելեշյանը կինոարվեստում մի անսասան լեռ է, որի բարձունքից տիեզերքն է երևում: Շատ եմ ուզում, որ այդ լեռան գագաթից հոմո սափիենսն իրականություն դառնա: Փելեշյանի «Մենք» ֆիլմը նայում ու մտածում եմ`  այն մեր ապրման համար ամենազգայականն է, քանի որ «մենք»-ը ցիրուցան եղած է, այն շատերն օգտագործում են` չհասկանալով ինչ է»,- ասաց Վարդանյանը:

Լրագրող Մարկ Գրիգորյանի կարծիքով էլ` գիրքն առանձնանում է իր փիլիսոփայությամբ, որ արդյունքն է Փելեշյանի ամբողջ աշխարհայացքի: «Ժամանակը, կարելի է ենթադրել, հոսում է ջրի պես: Իսկ ի՞նչ է կատարվում, եթե մենք փորձում ենք փոքրացնել այդ հոսքի տևողությունը: Փելեշյանի գրքում ժամանակի վերլուծությունը կա, թե ինչպես է Փելեշյանն ընդունում այդ հոսքը. կինոգործիչը ժամանակը տեսնում է կադրերով, և գրքում բերված է նման օրինակ` մեկ մետր ժապավենի վրա կա 52 կադր, ու վերջ: Դրանցից փոքր հատվածներ մենք ֆիլմում չենք տեսնում` տարածության մեջ տեղավորվում է ժամանակը, որը դիսկրետ է և բաժանվում է հատվածների: Սա գրքի դրույթներից մեկն է»,- ասաց նա: 

yerkir.am
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica