close
Եղանակը Երևանում
20 Սեպտեմբերի 2017
+30°
+32°Ցերեկ
+20°Գիշեր
weather
close
Փոխարժեք
20 Սեպ 2017
USD1478.23
GBP1647.91
EUR1574.40
RUB18.26
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Նախիջևանը ցեղասպանության զոհն է

Միտք

4 Հոկտեմբերի 2016, 10:15
 Նախիջևանը ցեղասպանության զոհն է

 Հայրենիքը սիրում ես ոչ նրա համար, որ այն մեծ է,

 այլ նրա համար, որ քոնն է:

 ՍԵՆԵԿԱ

1988 թուականի փետրուարի 25: Մոսկուա: Կրեմլ: Սիլվա Կապուտիկեանի հետ սպասում ենք ընդունելութեան ԽՄԿԿ ԿԿ[1] գլխաւոր քարտուղար Մ.Ս.Գորբաչովի մօտ: Նախօրէին Սիլվայի հետ պայմանաւորուեցինք. նա խօսելու է Ղարաբաղի մասին, իսկ ես` հիմնականում Նախիջեւանի, նրա պատմութեան եւ այն ահաւոր փաստերի մասին, որոնք անդրադարձել են հայերի ճակատագրին: Դրանց մասին, ես համոզուած էի, Կրեմլում ոչ ոք ոչինչ չգիտէր: Քանզի կրեմլեան զառամեալ ծերունիների համար Նախիջեւանը «Ժողովուրդների բարեկամութեան» շքանշանի դափնեկիր է, իսկ դա նշանակում է, որ… լենինեան ինտերնացիոնալիզմի հարցում այնտեղ ամէն ինչ կարգին է:

Մի խօսքով, հանդիպման իմաստն ու էութիւնը յանգում էին ողբերգական ճակատագրերին, որ բաժին էին ընկել հայկական երկու ինքնավար կազմաւորումներին` Նախիջեւանին (որպէս հանրապետութիւն) եւ Ղարաբաղին (որպէս մարզ): Պատմեցի Գորբաչովին այն մասին, որ «Լիտերատուրնայայ գազետայ»-ի ծրագրի համաձայն` 1978 թուականին երկարատեւ ճամփորդութիւն եմ կատարել Հայաստանով, Նախիջեւանի ԽԻՀ-ով[2] եւ ԼՂԻՄ-ով[3]: Որից յետոյ գրել եմ «Օջախ» գիրքը: Պատմեցի, որպէսզի ընդգծեմ` ես, լինելով ԽՍՀՄ[4] քաղաքացի, որպէսզի մուտք գործէի Նախիջեւանի հայկական ինքնավար հանրապետութեան տարածք, մեկնարկից տասը օր առաջ Հայաստանի ՆԳՆ-ի միջոցով պէտք է դիմէի Նախիջեւանի միլիցիային, որպէսզի մուտքի վիզա ստանայի: Եւ դա` ԽՍՀՄ-ի տարածքում (?!):

Գորբաչովը սկզբում ինձ չհաւատաց: Նա պարզապէս պատկերացում չունէր նման, մեղմ ասած, պետական կազուսի[5] մասին: Սակայն հարկ է արժանին հատուցել. նրա հետ մեր հանդիպումից չորս օր (եւ Սումգայիթի հայկական ջարդերից` երեք օր) անց, 1988 թուականի փետրուարի 29-ին, ԽՄԿԿ ԿԿ Քաղբիւրոյի նիստի ժամանակ խօսուեց նաեւ մեր հանդիպման մասին: Այստեղ էր, որ Գորբաչովն ասաց. «Լեռնային Ղարաբաղը հայկական ինքնավարութիւն է: Նոյնիսկ Հայաստան տանող ճանապարհները բարձիթողի վիճակում են: Մշակութային կապը խզուած է: Դա արուել է գիտակցաբար (!-Զ.Բ.): Թուրքական հեռուստատեսութեան հաղորդումները ընդունւում են Լեռնային Ղարաբաղում, իսկ հայկականը` ոչ»:

Այդ բառերից յետոյ նա անցաւ Նախիջեւանի թեմային (հաւանաբար լաւատեղեակ աշխատակիցների հետ ճշտել էր Սիլվայի հետ տուած մեր տուեալները): «Ես հարցրեցի Վիկտոր Միխայլովիչին (ԽՍՀՄ ԿԳԲ֊ի[6] նախագահ Չեբրիկովին - Զ.Բ.)` դու ի՞նչ ես արել այնտեղ սահմանային գծի հետ: Նա ինձ ասաց, որ Նախիջեւանը, որը յարակից է Թուրքիայի սահմանին, գտնւում է սահմանապահների հսկողութեան տակ: Կայ սեփական սահմանաշերտ, որտեղ տեղակայուած են ուղեկալները: Իսկ սահմանային գօտու ողջ խորութիւնը (այսինքն` Նախիջեւանի ինքնավար հանրապետութեան ողջ տարածքը, այն է` հինգուկէս հազար քառակուսի կիլոմետր - Զ.Բ.) որոշում են տեղական, տուեալ դէպքում հանրապետական մարմինները (այսինքն` բացառապէս ադրբեջանական - Զ.Բ.): Եւ ի՞նչ որոշում էր ընդունուել նրանց կողմից: Ողջ Նախիջեւանը համարել սահմանային գօտի: Ազատ մուտքն այնտեղ արգելուեց: Բայց չէ՞ որ այնտեղ թաղուած էին հայոց ցեղասպանութեան զոհեր, այնտեղ կային գերեզմաններ: Այնտեղ կային 900 յուշարձաններ, որոնցից մնաց միայն մէկը: Եւ վերջ: Ոչ մէկին չեն թողնում այնտեղ, պատճառաբանելով, թէ դա սահմանային գօտի է»:

Առաջ անցնելով յաւելեմ. նոյնիսկ ԽՄԿԿ ԿԿ Քաղբիւրոյի վերը յիշատակուած նիստում Միխայիլ Գորբաչովի ելոյթից յետոյ այդ առումով ոչինչ չփոխուեց: Իսկ սկսուել էր այդ անհաւանական իրավիճակը 1924 թուականին:

Քաղբիւրոյում, բնականաբար, խօսակցութիւն գնաց նաեւ «սումգայիթի» մասին:

 Գորբաչովը դեռեւս նիստն սկսուելուց առաջ հասցրել էր տեղեկանալ այդ մղձաւանջին, յետոյ բոլորի ներկայութեամբ դիմեց ԽՍՀՄ պաշտպանութեան նախարար Դ. Եազովին.

- Պատմիր, Դմիտրի Տիմոֆէեւիչ, ինչպէ՞ս են սպանում Սումգայիթում:

- Երկու կանանց կրծքերը կտրեցին: Մէկի գլուխն են հատել, իսկ աղջկան մաշկահան են արել: Ահա այդպիսի գազանութիւն: Որոշ կուրսանտներ, նման բան տեսնելով, ուշաթափ ընկնում էին…

Թւում էր, թէ այդ ամէնից յետոյ Գորբաչովն ամէն ինչ պէտք է անի, որպէսզի հրէշաւոր յանցագործութիւնների կազմակերպիչներն ու կատարողները խստօրէն պատժուեն: ԽՍՀՄ տասը քաղաքներում դատավարութիւններ անցկացուեցին Սումգայիթում հայերի ցեղասպանութեան գործով: Սակայն իր համաժողովրդական կաղապարուած-կոմունիստական ելոյթում Գորբաչովը ադրբեջանական ղեկավարութեանը մեղադրեց լոկ «Սումգայիթում ստեղծուած էկոլոգիական վատ իրավիճակի» մէջ, որտեղ, պարզւում է, կան «խուլիգանական շատ տարրեր»: Դրանից յետոյ խորհրդային բոլոր դատարանները լռեցին: Եւ շուտով «սումգայիթի» անպատժելիութիւնը ծնեց նոր չարիք` հայերի ցեղասպանութիւններ Բաքւում եւ ադրբեջանական այլ քաղաքներում, որտեղ դարեր ի վեր ապրել էին հայերը: Իսկ Նախիջեւանից այդ ժամանակ արդէն արտաքսում էին վերջին մի քանի հազար հայ ընտանիքներին:

…Գերագոյն Խորհրդի նստաշրջանում ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւորները Ղարաբաղի, Նախիջեւանի, Սումգայիթի, Բաքուի, Կիրովաբադի, Շուշիի հետ կապուած բոլոր հարցերը քննարկեցին միայն փակ դռների հետեւում, առանց լրագրողների: Բացառութիւն կազմեցին միայն համագումարները: Եւ արդէն առաջին համագումարում ես ելոյթ ունեցայ, առաջարկելով ուղղել անհեթեթութիւնը, որը կայանում էր նրանում, որ ԽՍՀՄ-ում երեսունութ ինքնավար կազմաւորումներից միայն երկու հայկականը` Նախիջեւանը եւ Ղարաբաղը, կրում են ոչ թէ ազգային յատկանիշով անուանումներ, ինչպէս դա պահանջում է Սահմանադրութիւնը, այլ աշխարհագրական: Հարիւրաւոր պատգամաւորներ սատարեցին իմ լիովին տրամաբանական առաջարկին: Ապարդիւն: Միայն տարիներ անց իմ կողմից անչափ յարգուած Եւգենի Պրիմակովը, որը որպէս ԽՍՀՄ Գերագոյն Խորհրդի նախագահ յաճախ էր իր աշխատասենեակում ընդունում ղարաբաղեան պատուիրակներին, ասաց, որ Ղարաբաղի եւ Նախիջեւանի տրամաբանական անուանումների հարցը քննարկելու ժամանակ Գորբաչովը պատասխանել է. «Տրամաբանութիւնը` տրամաբանութիւն, իսկ գլխացաւանքից չես ազատուի»:

…1990 թուականի սեպտեմբերին ակադեմիկոս Վիկտոր Համբարձումեանը եւ ես (որպէս ԽՍՀՄ ժողովրդական պատգամաւորներ) Մոսկուայում ընդունեցինք Նախիջեւանի մեր հայրենակիցների մի մեծ խմբի: Դրանք, ըստ էութեան, «վերջին մոհիկան»-հայերն էին, զրկուած հայրենիքից: Նրանք պատմեցին այն մասին, թէ ինչպիսի անթաքոյց լկտիութեամբ, չվախենալով պատժուելուց, այնտեղ ջարդում էին, աւերում, նոյնիսկ պայթեցնում ամէն հայկականը: Խօսքը ոչ միայն Ջուղայի շիրմաքար-խաչքարերի, այլեւ այն մասին էր, որ բոլոր գիւղերն ու քաղաքները դադարել էին հայկական լինելուց: Ժամանակի հետ, ինչպէս սրտի ցաւից շնչակտուր պատմում էին մեր բոլոր հիւրերը, վիճակն աւելի վատացաւ, քանզի ադրբեջանցիները շարունակում էին սպանել հայերին միայն այն պատճառով, որ նրանք հայեր էին, աւերել հայկական մշակոյթի գլուխգործոցներն արդէն ոչ թէ գիշերով, այլ օրը ցերեկով, բոլորի աչքի առաջ: Դա իսկական ցեղասպանութիւն էր: Եւ Վիկտոր Համբարձումեանը անդադար խօսում էր նախիջեւանցիների հետ հանդիպման մասին ու անդադար կրկնում. «Նախիջեւանում ցեղասպանութիւն է, իսկ մենք յանցաւոր լռութիւն ենք պահպանում»:

Թէեւ չէինք լռում: Խօսում էինք: Գրում: Ելոյթ ունենում: Ուղարկում էինք պաշտօնական դիմումներ ԻՒՆԵՍԿՕ-ի գլխաւոր տնօրէն Ֆրեդերիկոյ Մայօրին` յամառօրէն պահանջելով ստեղծել միջազգային յանձնաժողով, փրկելու համար Նախիջեւանի հնագոյն հայկական պատմական եւ մշակութային յուշարձանները, այդ թւում (առաջին հերթին) համաշխարհային քրիստոնէական տաճարաշինութեան իսկական գլուխգործոցները: Եւ, ի հարկէ, խորապէս գիտակցում էինք, որ պէտք է պահանջենք ու գործենք ողջ ժողովրդով, ողջ Հայաստանով, ողջ աշխարհով: Քանզի խօսքն իրօք ցեղասպանութեան մասին էր:

 …Եւ ահա արդէն 1998 թուականի յունուարի 28-ին նախագահ Հ. Ալիեւը ոչ թէ մի ինչ-որ միտինգում, այլ Սահմանադրական յանձնաժողովի նիստի ժամանակ, ոչ թէ ադրբեջաներէն, այլ յատուկ տեքստը բազմաձայնելու նպատակով` ռուսերէնով, ելոյթ ունեցաւ լկտի յայտարարութեամբ (դատելով ըստ ամենայնի, տեքստը չէր խմբագրուել). «Նախիջեւանի շրջակայ հողերը նոյնպէս ադրբեջանական հողեր էին, բայց, չնայած դրան, այնտեղ ապրում էին հայերը: Ճիշտ այնպէս, ինչպէս նրանք զաւթել էին այլ հողեր, օրինակ, որոշ հողեր ներկայիս Թուրքիայի տարածքում կամ ադրբեջանական հողեր` Զանգեզուրի երկրամասը, որը Նախիջեւանը բաժանում է Ադրբեջանից: Եթէ մենք այն ժամանակ վերցնէինք Զանգեզուրը, ապա, գուցէեւ Նախիջեւանին պէտք չէր լինի ինքնավարութիւն…»: Հ.Ալիեւը չյապաղեց խօսել եւ ադրբեջանական այնպիսի «կորուստների» մասին, ինչպիսիք էին «Գաֆանի (Կապանի - Զ.Բ.) եւ Մեղրիի շրջանները, եւ նոյնիսկ Էրիւանը (Երեւան)»: Ընդգծում եմ, որ այդ ամէնը տեղի էր ունենում այն ժամանակ, երբ արդէն գործում էր Ղարաբաղեան կարգաւորման գծով ԵԱՀԿ Մինսկի խումբը:

ԻՒՆԵՍԿՕ-ի խուլ լռութիւնը, մեր աններելի պասիւութիւնը թոյլ տուեցին արդէն Ալիեւ կրտսերին լիովին աւերել Ջուղայի վերջին երեք հազար խաչքար-գլուխգործոցները, որոնք փշրուեցին եւ երկաթուղով հեռացուեցին բաց վագոններով: Եւ այս անգամ էլ լռեց ՄԱԿ-ի հիմնական կառոյցներից մէկը` ԻՒՆԵՍԿՕ-ն: Չկան գլուխգործոցները` չկան խնդիրնե՞ր: Շատ է թուրքավարի: Բայց եթէ նոյնիսկ հայերի հարազատ հողում չմնայ ոչ մի հայ, ոչ մի տաճար, ոչ մի խաչքար, դա դեռեւս չի նշանակում, թէ Նախիջեւանը հայկական չէ: Քանզի խօսքը հողի մասին չէ, տարածքի մասին չէ, այլ Հայրենիքի:

…Խորհրդային ողջ ժամանակահատուածում Նախիջեւանի բնիկ հայ բնակչութեան համար մշտապէս ու կանխամտածուած ստեղծւում էին կեանքի անտանելի պայմաններ: Հայ բնակչութիւնը զրկուած էր շփումներից իր հայաստանեան ազգականների հետ, ինչը շատ ընտանիքների ստիպում էր տեղափոխուել Հայկական ԽՍՀ եւ ԽՍՀՄ այլ հանրապետութիւններ: Բայց չէ՞ որ ՄԱԿ-ի Գլխաւոր ասամբլէայի Համաձայնագրի երկրորդ յօդուածում հէնց այդպէս էլ գրուած է, որ «ցեղասպանութեան տակ հասկացւում է մի որեւէ խումբ անձանց համար կանխամտածուած կերպով այնպիսի անտանելի կենսական պայմանների ստեղծումը, որոնք հաշուարկուած են լիակատար կամ մասնակի ֆիզիկական ոչնչացման նպատակով»:

Ահա ուրեմն, Նախիջեւանի հայկական ինքնավար հանրապետութիւնը կանխամտածուած կերպով մնաց առանց հայերի եւ ամէն հայկականի` լեզուի, աւանդոյթների, ազգային տօների, պատմական յուշարձանների… Եւ աշխարհը լռում էր: Գուցէ դա՞ էր պատճառը, որ Ալիեւ աւագը լկտիաբար խոստովանում էր. «Նախիջեւանի ինքնավարութիւնը չափազանց լուրջ գործօն է, որը կարող է օգնել կորցրած միւս հողերի (? - Զ.Բ.) վերադարձման հարցի լուծմանը, ծառայել այդ նպատակին: Նախիջեւանի ինքնավարութիւնը պատմական իրադարձութիւն է Թուրքիայի հետ Նախիջեւանի եւ Ադրբեջանի սահմանի ստեղծման տեսանկիւնից»:

Հէնց այստեղ էլ թաղուած է շան գլուխը: Իսկ մենք այսօր Նախիջեւանի հայ ժողովրդի ցեղասպանութեան հարցով համամոլորակային մակարդակով զբաղուելու փոխարէն թոյլ ենք տալիս պատմական Հայաստանի մաս կազմող` Ղարաբաղի ազատագրուած հատուածները համարել «վիճելի», այդպիսով դրանք վերածելով սակարկման առարկայի: Այնինչ մեծ արեան գնով ազատագրուած անխտիր բոլոր հայկական տարածքները մինչեւ Հոկտեմբերեան յեղափոխութիւնն ընդգրկուած էին, կրկնում եմ, պատմական Հայաստանի կազմում: Իսկ ինչ վերաբերւում է Նախիջեւանին, ապա առաջարկում եմ կարդալ Ֆ. Ա. Բրոկհաուզի եւ Ի. Է. Եֆրոնի հեղինակաւոր հանրագիտարանը. «Նախիջեւան - հին հայերի մօտ Նաքսուանայ, քաղաք Էրիւանի գաւառում, Ղարաբաղեան բարձրունքների նախալեռներում»: Դէ տեսէք, թէ աշխարհագրական որ գօտուն է հասնում Լեռնային Ղարաբաղ պատմական հասկացութիւնը:

Գիւլիստանի եւ Թուրքմենչայի պայմանագրերի ստորագրումից յետոյ գրեթէ ողջ Արեւեւելեան Հայաստանը մտաւ Ռուսական կայսրութեան կազմ: Այնպէս որ, բոլոր խօսակցութիւններն Ադրբեջանի մասին` որպէս այդպիսին, կարող են լինել միայն Հոկտեմբերեան յեղափոխութիւնից յետոյ: Դա Լենինի եւ Ստալինի նուէրն էր Աթաթուրքին, որն, ի դէպ, տարիներ անց անկեղծօրէն խոստովանեց. «Մենք արագացրինք կապի հաստատումը բոլշեւիկների հետ, յուսալով, որ յաջողութեան դէպքում կ՚ոչնչացնենք հայկական պետութիւնը, որը թարախաբշտիկ է մեր երկրի մարմնին»: Մեզանից շատերն արդեօք գիտե՞ն այսօր այդ մասին:

Ս. Ն. Յուժակովի 22 հատորանոց հանրագիտարանի առաջին հատորում (1904 թուականի) «Ադրբեջան» բառը գրուած է ոչ այնտեղ, որտեղ ժամանակակից հանրագիտական հրատարակութիւններում նշուած է Ադրբեջանի հանրապետութիւնը: Պարսկաստանի հիւսիսային մասում կան մի քանի պատմական նահանգներ: Դրանցից մէկն է (մէջբերում եմ). «Ադերբայջանը, որտեղ ապրում են քոչուորական կենսակերպ վարող թուրքեր եւ քրդեր»: Ըստ որում քրդերը ցածրադիր վայրերում զբաղւում են հողագործութեամբ, իսկ այ թուրքերը (ադերբեջանցիները) միայն «քոչուորներ» են:

Ադրբեջանի ներկայիս տարածքում իրենց հազարաւոր քրիստոնէական տաճարներով ու եկեղեցիներով ապրող հայերի հետ մէկտեղ ապրում էին նաեւ մահմեդական ազգութիւններ` լեզգիներ, թալիշներ, քրդեր, թաթեր, բուդուխներ, խրիզներ, խինալուգներ, թուրքեր, որոնք էլ մեծամասամբ ապագայ ադրբեջանցիներն էին: Դա անվիճելի փաստ է: Ինչ վերաբերւում է ադրբեջանական «թուաբանութեանը», ապա, ինչպէս գրել է քուրդ գիտնական Շաքրօ Մգոնը, «ազգային պատկանելութիւնը Ադրբեջանի ղեկավարութիւնը գիտակցաբար փոխարինել եւ փոխարինում է կրօնականով»: Այլ կերպ ասած, Ադրբեջանը բնակեցնող մահմեդական ազգերի բոլոր ներկայացուցիչներին արհեստականօրէն վերափոխում են ադրբեջանցիների, որոնց, կրկնում եմ, դեռ ոչ վաղուց անուանում էին «թուրքեր»: Լենինը նրանց անուանում էր «կովկասեան թաթարներ», Բրոքհաուզի եւ Եֆրոնի հանրագիտարանը` «ադերբեջանեան թաթարներ» կամ, նոյն տեղում` «շիա մահմեդականներ»: Իսկ ադրբեջանցիները, ինչպէս յայտնի է, սուննիներ են:

 

Զօրի ԲԱԼԱՅԵԱՆ

 Շարունակելի...



[1] Խորհրդային Միութեան Կոմունիստական կուսակցութեան Կենտրոնական կոմիտէ ֊ ԽՄԲ.

[2] Նախիջեւանի Խորհրդային Ինքնավար Հանրապետութիւն ֊ ԽՄԲ.

[3] Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ ֊ ԽՄԲ.

[4] Խորհրդային Սոցիլիստական Հանրապետութիւնների Միութիւն ֊ ԽՄԲ.

[5]

[6] KGB, Պետական անվտանգութեան կոմիտէ, ՊԱԿ ֊ ԽՄԲ.

Կենտրոնում ջուր չի լինի
20 Սեպտեմբերի 2017, 17:48 Կենտրոնում ջուր չի լինի
Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
20 Սեպտեմբերի 2017, 17:08 Հրդեհ՝ Պեմզաշեն գյուղում
Արտահոսք գազի բալոնից
20 Սեպտեմբերի 2017, 14:16 Արտահոսք գազի բալոնից

yerkir.am

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica