կարևոր
688 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 19:08
Քաղաքական Հասարակություն

Ապագան չի կարող արդարացում ծառայել անցյալի համար․ Արա Այվազյան

Ապագան չի կարող արդարացում ծառայել անցյալի համար․ Արա Այվազյան

«Այլընտրանքային նախագծեր խումբը» ներկայացնում է ՀՀ նախկին արտգործնախարար՝ Արա Այվազյանի հոդվածը.

Դիմադրության արժանապատվությունից դեպի նյութապաշտության գերիշխանություն

1990-ականների սկզբին Հայաստանը ապրում էր շրջափակման, էներգետիկ ճգնաժամի և պատերազմի պայմաններում։ Դա ծանրագույն զրկանքների, բայց միաժամանակ դիմադրության, փոխօգնության և ազգային արժանապատվության ժամանակաշրջան էր։ Չնայած ցրտին և ամենաանհրաժեշտ միջոցների պակասին մարդիկ պահպանում էին հավատը սեփական ժողովրդի և վերանկախացած պետականության հանդեպ։ Նյութական դժվարությունները չոչնչացրին ազատության ձգտումն ու ազգային պատասխանատվության զգացումը։

Այսօր հայ հասարակությունը կանգնած է այլ բնույթի փորձության առջև, երբ անձնական նյութական բարեկեցությունն ավելի ու ավելի է դառնում հաջողության և անձնական կայացածության չափանիշ։ Արժանապատիվ ապրելու ձգտումը բնական է։ Սակայն ի՞նչ է տեղի ունենում, երբ անձնական շահը սկսում է ստվերել ազգային շահերը, պատմական հիշողությունն ու ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությունը։

Ավելի քան երկու հազար տարի առաջ Պլատոնն առաջարկեց մի փիլիսոփայական հայեցակարգ, որը թույլ է տալիս ավելի խորությամբ դիտարկել այս խնդիրը։ «Պետություն» երկխոսության մեջ նա առանձնացնում էր մարդու հոգու երեք սկզբնատարր՝ բանական, հոգևոր և ախորժակային։

Ախորժակային սկզբնատարրը ձգտում է բարեկեցության և հարմարավետության, հոգևորն առնչվում է պատվին, արիությանը և արժանապատվությանը, իսկ բանականը թույլ է տալիս գնահատել սեփական քայլերի հետևանքները և տարբերել ժամանակավոր շահը երկարաժամկետ նպատակներից։ Պլատոնի համար ներդաշնակությունը պայմանավորված էր այդ սկզբնատարրերի փոխգործակցության ճիշտ կարգով․ բանականությունը պետք է առաջնորդի, հոգևոր ուժը՝ աջակցի նրան, իսկ ցանկությունները պետք է զբաղեցնեն ստորադաս դիրք։

Հասարակական կյանքի նկատմամբ կիրառելիս այս մոդելը թույլ է տալիս առաջադրել սկզբունքային հարց․ նյութական բարեկեցությունը ծառայո՞ւմ է հասարակության և պետության ամրապնդմանը, թե՞ ինքն է դառնում գերագույն նպատակ, որին ենթարկվում են մյուս արժեքները։ Երկրորդ դեպքում բանականությունը կարող է վերածվել անձնական շահի հասնելու գործիքի, իսկ ազգային շահերը՝ զիջել կարճաժամկետ առավելություններին։

Դիմադրությունից դեպի նյութապաշտություն

Ինչպե՞ս կարող էր 1990-ականների սկզբի ծանրագույն պայմաններում տոկունություն ցուցաբերած հասարակությունն աստիճանաբար հանգել մի իրավիճակի, երբ նյութական չափանիշներն ավելի ու ավելի մեծ նշանակություն են ձեռք բերում։

Միարժեք պատասխան չկա։ Տարիների զրկանքներից հետո բնական էր կորցրածը վերականգնելու և արժանապատիվ կյանք ապահովելու ձգտումը։ Միևնույն ժամանակ քաղաքական վերնախավերի հանդեպ հիասթափությունը, սոցիալական բևեռացումը և հանրային ինստիտուտների նկատմամբ վստահության նվազումը կարող էին ուժեղացնել անձնական բարեկեցության վրա կենտրոնացումը։

Նման պայմաններում նյութական հաջողությունը կարող է արժանապատիվ կյանքի միջոցից վերածվել անձնական կայացածության և հասարակական ճանաչման գլխավոր չափանիշի։ Այդ դեպքում «Ի՞նչ կարող եմ ստանալ» հարցը աստիճանաբար դուրս է մղում մեկ ուրիշը․ «Ի՞նչ պետք է անեմ իմ երկրի և հասարակության համար»։

Սա չի նշանակում, որ հայ ժողովուրդը կորցրել է հայրենասիրությունը, ազգային արժանապատվությունը կամ համերաշխության պատրաստակամությունը։ Խոսքը մտահոգիչ միտման մասին է, որը պահանջում է լուրջ հասարակական իմաստավորում, այլ ոչ թե ամբողջ հասարակությանը բնութագրող ապացուցված իրողության։

Պլատոնի տրամաբանությամբ,  վտանգը երեք սկզբնատարրերի ճիշտ հարաբերակցության խախտման մեջ է․ ախորժակային սկզբնատարրը դուրս է գալիս առաջին պլան, հոգևորը նահանջում է, իսկ բանականությունը վերածվում է անձնական շահին ծառայող գործիքի՝ երկարաժամկետ հասարակական նպատակներ սահմանելու փոխարեն։

Նյութական բարեկեցությունը և իշխանության ինքնապահպանումը

Նման պայմաններում հասարակական տրամադրությունների փոփոխությունները ճիշտ ընկալող քաղաքական ուժը որոշակի առավելություն է ստանում։ Եթե ընտրողների զգալի մասն առաջին հերթին գնահատում է առօրյա կյանքի վրա անմիջական ազդեցություն ունեցող արդյունքները, իշխանությունը կարող է ամրապնդել իր աջակցությունը այնպիսի միջոցներով, որոնց ազդեցությունը քաղաքացիներն անմիջապես զգում են։ Երբ քաղաքացիներն իրենց բարեկեցությունը կապում են գործող իշխանության հետ, նյութական ձեռքբերումները կարող են ամրապնդել քաղաքական հավատարմությունը։ Արդյունքում անմիջական օգուտները կարող են մեղմել ռազմավարական անհաջողությունների նկատմամբ հասարակական արձագանքը, նույնիսկ եթե սոցիալական ծրագրերի սկզբնական նպատակը մարդկանց կյանքի բարելավումն է եղել։

Սա Հայաստանի ներկայիս քաղաքական իրավիճակի հնարավոր վտանգներից մեկն է․ իշխանության աջակցությունը կարող է ամրապնդվել առօրյա կյանքում շոշափելի արդյունքների շնորհիվ, մինչդեռ անվտանգության և ռազմավարական որոշումների համար պատասխանատվության ու երկրի երկարաժամկետ ապագայի հարցերը շարունակում են մնալ սուր տարաձայնությունների առարկա։

Լրացուցիչ դեր կարող են ունենալ նաև կադրային կախվածությունը, երբ պաշտոնեական առաջխաղացումը կապվում է ավելի շուտ քաղաքական հավատարմության, քան մասնագիտական արժանիքների հետ, ինչպես նաև ընդդիմախոսների նկատմամբ ճնշումներն ու քաղաքական մրցակցության սահմանափակումները։ Նման երևույթների համակցությունը պայմաններ է ստեղծում իշխանության պահպանման համար։

Սակայն նման կախվածության նախադրյալները կարող են ձևավորվել ոչ միայն քաղաքական ինստիտուտներում, այլև հասարակական արժեքների համակարգում։ Երբ անձնական բարեկեցությունը դառնում է հաջողության գլխավոր չափանիշը, քաղաքացիական պատասխանատվությունն ու հասարակական շահերը պաշտպանելու պատրաստակամությունը կարող են նահանջել երկրորդ պլան։

Այս իմաստով խոսուն է «լավ սովորել՝ լավ ապրելու համար» բանաձևը։ Կրթությունը պետք է մարդուն հնարավորություն տա ապահովելու արժանապատիվ կյանք։ Բայց եթե նյութական հաջողությունը դառնում է դրա գլխավոր նպատակը, ի՞նչ տեղ է մնում քաղաքացիական պարտքի, ազգային արժանապատվության և երկրի հանդեպ պատասխանատվության համար։

Այստեղ ի հայտ է գալիս սկզբունքային հակասություն․ առօրյա կյանքի բարելավումը կարող է ամրապնդել իշխանության աջակցությունը, բայց ինքնին չի երաշխավորում պետության ռազմավարական խնդիրների լուծումը։

Իշխանության պահպանումը և պետության ամրապնդումը նույնը չեն։ Առաջինը կարող է հենվել ընթացիկ ժողովրդականության և նյութական առավելությունների վրա։ Երկրորդը պահանջում է ամուր ինստիտուտներ, հասարակական վստահություն, ռազմավարական մտածողություն և ազգային շահերը կարճաժամկետ օգուտից վեր դասելու պատրաստակամություն։

Այսօրվա բարեկեցությունը՝ վաղվա ի՞նչ գնով

2020 թվականի պատերազմում Հայաստանի պարտությունը և 2023 թվականին արցախահայության բռնի տեղահանումը ծանրագույն ազգային ցնցումներ էին։ Դրանք լուրջ հարցեր առաջադրեցին երկրի ղեկավարության պատասխանատվության, անվտանգության վիճակի և ռազմավարական որոշումների հիմնավորվածության վերաբերյալ։ Սակայն նման ցնցումները պարտադիր չէ, որ անմիջապես հանգեցնեն քաղաքական նախընտրությունների փոփոխության։ Քաղաքացիների վերաբերմունքի վրա կարող են ազդել նաև առօրյա կյանքի պայմանները, նյութական վիճակը, անկայունության հանդեպ վախը, այլընտրանքային քաղաքական ուժերի նկատմամբ վստահությունը և ապագայի ակնկալիքները։

Այս համատեքստում կարևոր է ոչ միայն այն, թե ինչ արդյունքներ է արձանագրում պետությունը, այլև այն, թե հասարակությունն ինչ չափանիշներով է գնահատում այդ արդյունքները։ Փառատոնները, համերգներն ու միջազգային միջոցառումները կարող են տնտեսական և մշակութային օգուտներ բերել, զարգացնել զբոսաշրջությունն ու միջազգային կապերը։ Սակայն դրանց շուրջ ձևավորվող ակտիվությունն ու բարեկեցության տպավորությունը չեն կարող փոխարինել անվտանգության, կառավարման որակի և երկրի երկարաժամկետ խնդիրների լուծման գնահատմանը։ Եթե հասարակական ուշադրությունը հիմնականում կենտրոնանում է առօրյա հարմարավետության և տեսանելի ձեռքբերումների վրա, պետության ռազմավարական խնդիրները կարող են մղվել երկրորդ պլան։

Հենց այստեղ է ի հայտ գալիս Պլատոնի գաղափարի արդիականությունը։ Նրա պատկերացմամբ, վտանգն առաջանում է այն ժամանակ, երբ նյութական բարեկեցությունը դադարում է զարգացման միջոց լինել և վերածվում է հասարակական հաջողության գլխավոր չափանիշի։ Այդ դեպքում եկամուտները, սոցիալական վճարումներն ու սպառման հնարավորությունները սկսում են գերակշռել անվտանգության, պատմական շարունակականության և ապագա սերունդների հանդեպ պատասխանատվության նկատմամբ։ Խնդիրը նյութական բարեկեցությունը չէ, այլ դրա գերիշխանությունը հասարակության արժեքային համակարգում։

Հետևաբար երկրի զարգացումը պետք է գնահատել ոչ միայն այսօրվա կենսամակարդակով, այլև սպառնալիքներին դիմակայելու, քաղաքացիներին պաշտպանելու և պետականության կայունությունն ապահովելու կարողությամբ։ Ռազմավարական հեռատեսությամբ չամրապնդված բարեկեցությունը կարող է անկայուն լինել։

Պատմական հիշողությունը՝ ազգային կայունության հիմք

Հայ ժողովրդի համար պատմությունը պետականության համար դարավոր պայքար է, լեզու և մշակույթ, Հայոց ցեղասպանության հիշողություն, ազգային ձեռքբերումներ ու ողբերգական պարտություններ։ Այն կապում է սերունդներին և հիշեցնում այն գինը, որ ժողովուրդը վճարել է սեփական գոյության իրավունքը պահպանելու համար։

2026 թվականի հոկտեմբերի 12-ի հրապարակային հայտարարության մեջ առաջ է քաշվել պատմությունը ոչ միայն որպես արդեն տեղի ունեցած իրադարձությունների ամբողջություն, այլև որպես ապագայում դեռ ստեղծվելիք իրողություն դիտարկելու գաղափարը։

Ապագան կառուցելու ձգտումն ինքնին արդարացված է։ Սակայն սկզբունքային հարցն այն է, թե արդյոք պատմական անցյալի օբյեկտիվ իմաստավորումը չի փոխարինվում քաղաքականապես ցանկալի ապագայի կառուցմամբ։ Երբ հասարակությանը կոչ են անում առաջին հերթին կենտրոնանալ խաղաղության և բարեկեցության խոստումների վրա, վտանգ է առաջանում, որ ճակատագրական քաղաքական որոշումների և դրանց հետևանքների համար պատասխանատվությունը կմղվի երկրորդ պլան։ Նոր պատմական փուլի խոստումները կարող են ստվերել թույլ տրված սխալների, ազգային կորուստների և ընտրված քաղաքական ուղու գնի վերաբերյալ հարցերը։ Այդ դեպքում առաջ շարժվելու կոչը կարող է վերածվել անցյալի լիարժեք հասարակական քննությունից խուսափելու միջոցի։

2020-2023 թվականների արհավիրքներից հետո հասարակությունն իրավունք ունի պատասխաններ պահանջելու տեղի ունեցածի պատճառների, թույլ տրված սխալների վերաբերյալ։ Ապագան չի կարող արդարացում ծառայել անցյալի համար, իսկ նոր ուղու ճշտության մասին հայտարարությունները չեն կարող փոխարինել դրա արդյունքների վերլուծությանը։

Պատմությունը չի կարելի տնօրինել առանձին քաղաքական ուժի հայեցողությամբ։ Ոչ մի իշխանություն իրավունք չունի ամբողջ ժողովրդի փոխարեն որոշելու, թե պատմության որ էջերն է պետք հիշել, իսկ որոնք՝ մոռացության մատնել քաղաքական նպատակահարմարության համար։ Ցավալի իրադարձությունները հանրային գիտակցությունից դուրս մղելու փորձը չի վերացնում դրանց հետևանքները, այլ հասարակությանը զրկում է սեփական սխալները հասկանալու և դրանց կրկնությունը կանխելու հնարավորությունից։

Այդ մոռացության գինը սերունդների միջև կապի խզումն է։ Երբ պատմական ժառանգության նկատմամբ վերաբերմունքը սկսում է որոշվել քաղաքական նպատակահարմարությամբ, ազգային հիշողությունը կարող է վերածվել ընդհանուր արժեքից ընթացիկ քաղաքականության գործիքի։ Պատմական շարունակականության հետ հասարակությունը կորցնում է նաև ներկան գնահատելու կարևոր չափանիշները։

Պլատոնի տեսանկյունից, երբ բանականությունը ենթարկվում է մասնավոր շահին, իսկ արժանապատվության և արժեքներին հավատարմության հետ կապված հոգևոր սկզբնատարրը նահանջում է շահի ու հարմարավետության առաջ, խախտվում է ներքին ներդաշնակությունը։ Քաղաքականության մեջ դա վտանգ է ստեղծում ազգային շահերը իշխանության պահպանման շահերով փոխարինելու համար։

Ապագան չի կարող մոռացության արդարացում դառնալ անցյալի համար։ Պատասխանատվությունից խուսափելու և պատմական հիշողությունից հրաժարվելու վրա կառուցված խաղաղությունը կարող է անկայուն լինել։ Իր պատմության հետ կապը կորցնող ժողովուրդը վտանգում է կորցնել նաև սեփական ապագան ինքնուրույն որոշելու կարողությունը։

Ինչպե՞ս վերականգնել հավասարակշռությունը և վերածնել ազգային դիմադրողականությունը

Բարդ աշխարհաքաղաքական միջավայրում Հայաստանին անհրաժեշտ է տասնամյակներով առաջ մտածելու կարողություն։ Դրա համար անհրաժեշտ են ոչ միայն տնտեսական ռեսուրսներ և սոցիալական ծրագրեր, այլև արդյունավետ ինստիտուտներ, հասարակական համերաշխություն, քննադատական մտածողություն և երկրի ապագայի համար հաշվարկված  որոշումներ կայացնելու պատրաստակամություն։

Երբ անձնական շահը գերակայում է հասարակական պատասխանատվությանը, հայրենասիրությունը վտանգում է սահմանափակվել հայտարարություններով, իսկ ընդհանուր սպառնալիքների առջև միավորվելու պատրաստակամությունը՝ թուլանալ։ Սա անխուսափելի ելք չէ, բայց վտանգ է, որը չի կարելի անտեսել։

Պլատոնյան հավասարակշռության վերականգնումը ենթադրում է բանականության առաջնորդող դերի վերականգնում, որը պետք է սահմանի երկարաժամկետ նպատակները: Հոգևոր սկզբնատարրը պետք է ամրապնդի արիությունը, պատիվն ու պարտքի զգացումը, իսկ նյութական պահանջմունքները պետք է ապահովեն արժանապատիվ կյանք՝ չվերածվելով հասարակության գոյության գերագույն նպատակի։

Քաղաքական կյանքում դա նշանակում է անկախ ինստիտուտների ամրապնդում, մասնագիտական արժանիքների գերակայություն քաղաքական հավատարմության նկատմամբ, իշխանության իրական պատասխանատվություն ընդունված որոշումների համար և պետական քաղաքականության գնահատում՝ երկրի անվտանգության ու ապագայի վրա դրա ազդեցությամբ։ Սոցիալական բարեկեցությունը պետք է ամրապնդի քաղաքացիների ինքնուրույնությունը, այլ ոչ թե դառնա նրանց քաղաքական կախվածության միջոց։

Ոչ պակաս կարևոր է դաստիարակել ոչ միայն մասնագետների, որոնք կարող են ապահովել սեփական բարեկեցությունը, այլև քաղաքացիների, որոնք գիտակցում են իրենց երկրի պատմությունն ու ապագայի հանդեպ պատասխանատվությունը։ Պատմական հիշողությունը պետք է փոխանցվի հաջորդ սերունդներին առանց քաղաքական թելադրանքի և կամայական մոռացության։ Ազգային արժանապատվությունն ամրապնդվում է ոչ թե անցյալի սխալները ժխտելով, այլ դրանք ընդունելու և դասեր քաղելու խիզախությամբ։

Վերջապես, ազգային դիմադրողականությունը պահանջում է հասարակական վստահություն, արդարություն և համատեղ գործելու պատրաստակամություն։ Դրա համար անհրաժեշտ են ամուր պետական ինստիտուտներ, մարտունակ բանակ, տնտեսական ինքնուրույնություն և քաղաքացիական համերաշխություն։ Հայրենասիրությունը պետք է արտահայտվի ոչ միայն հայտարարություններով, այլև ընդհանուր շահերը պաշտպանելու պատրաստակամությամբ։

Այս հավասարակշռության վերականգնումը հնարավոր չէ մեկ քաղաքական որոշմամբ։ Այն փոփոխություններ է պահանջում թե՛ պետության, թե՛ հասարակական գիտակցության մեջ։ Ո՛չ նյութական բարեկեցությունն ինքնին, ո՛չ անցյալի դասերը քաղելու կարողությունից զուրկ պատմական հիշողությունը, ո՛չ էլ առանց պատասխանատու գործողությունների մնացած հոգևոր արժեքները չեն երաշխավորում պետության ամրությունը։

Պետությունն իսկապես ուժեղ է դառնում այն ժամանակ, երբ բանականությունն է որոշում նրա ռազմավարությունը, ազգային արժանապատվությունը հասարակությանը կամք է տալիս հետևելու դրան, իսկ նյութական ռեսուրսները ծառայում են ընդհանուր նպատակներին։ Հենց այդպիսի հավասարակշռությունն է ունակ վերադարձնելու հայ հասարակության դիմադրողականությունը՝ ոչ միայն փորձություններին դիմանալու, այլև սպառնալիքները նախապես կանխելու, սեփական շահերը պաշտպանելու և պետականությունը հաջորդ սերունդների համար պահպանելու կարողությունը։

Ի վերջո, հարցն այն չէ, թե հայ ժողովուրդը պե՞տք է ձգտի բարեկեցության։ Հարցն այն է, թե արդյոք նա կկարողանա գիտակցել, որ արժանապատվությունից զուրկ հարստությունը, անվտանգությունից զուրկ բարեկեցությունը և պատմական հիշողությունից զուրկ խաղաղությունը փխրուն են։ Նյութական ձեռքբերումներն անհրաժեշտ են, բայց դրանց իրական արժեքը որոշվում է նրանով, թե որքանով են դրանք օգնում ժողովրդին մնալ ազատ, ինքնուրույն և սեփական պատմական ճակատագիրը տնօրինելու ունակ։