|
Փոխարժեքներ
20 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.45 |
| EUR | ⚊ | € 405.11 |
| RUB | ⚊ | ₽ 4.3742 |
| GBP | ⚊ | £ 482.17 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը գրել է.
«Սասուն Միքայելյանի որդին, որը 2018 թվականից հետո «հարազատ, խնամի, քավոր, սանիկ» բանաձևի սկզբունքային մերժման արդյունքում աշխատում է Հրազդանի քաղաքապետ, հայտարարում է, որ կառուցված «ԱԲ գործարանի» հարցով դիմելու է վարչապետին «խնդրանքով», որ «օրենքի սահմաններում», այդ «գործարանի» վճարած մոտ 200-300 միլիոն դոլարի հարկերի 10 տոկոսը թողնեն քաղաքին։
Ու սա հայտարարվում է ՏԻՄ ընտրության քարոզչության շրջանակում՝ Հանրայինի եթերում։
Նախ, գոնե համայնքի ղեկավարի մակարդակով պետք է որ տիրապետվի՝ Հրազդանում կառուցվել է ոչ թե «ԱԲ գործարան», այլ ԱԲ տվյալների կենտրոն։ Տվյալների կենտրոնն ու գործարանը լիովին տարբեր հասկացություններ են։
Իհարկե, հասկանալի է, որ «գործարանը» քարոզչապես ավելի հնչեղ ձևակերպում է և հանրության մի մասը, հատկապես «լյումպեն» շերտերը, գործարան լսելիս մտածում են արդյունաբերական մի համալիր, մեծ թվով աշխատատեղերով և այլն։ Սա այն դեպքում, երբ Հրազդանում կառուցված տվյալների կենտրոնը կապահովի թերևս մոտ 4 տասնյակ աշխատատեղ։ Շատ կարևոր է գեթ մեկ աշխատատեղն էլ, բայց նաև շատ կարևոր է բառային աճպարարությամբ չֆռռացնել նույնիսկ մեկ քաղաքացու։
Ինչ վերաբերում է հարկերին, ապա հարկերի բաշխում իրականացնողը ՀՀ-ում խորհրդարանն է, ոչ թե վարչապետը։
Երկրորդ, հարկային քաղաքականությունը պատվերով համերգ չէ, որ տարբեր համայնքներ տարբեր «խնդրանքներ» ներկայացնեն իրենց մոտ գործող տարբեր ձեռնարկությունների հարկային պարտավորությունների «բաշխման» հարցում։
Որովհետև կարելի է պատկերացնել, թե ինչ պատկեր կլինի, եթե այդպիսի «խնդրանքներ» հնչեցնեն մի քանի տասնյակ համայնքներ։
Բայց, հասկանալի է իհարկե, որ ընտրություն է՝ իր ժանրի կանոններով։ Հետևաբար, կարելի է ասել, որ հայտարարությունը եղել է նույնիսկ զարմանալիորեն համեստ, որովհետև կարող էր հայտարարվել նույնիսկ, որ վարչապետին խնդրելու են Հրազդանում թողնել այդ կենտրոնի հարկերի 90 տոկոսը»: