կարևոր
844 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-20 18:05
Տնտեսական Քաղաքական

Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքավայրը` Թեղուտը, անցել է ամերիկյան ընկերությանը

Հայաստանի երկրորդ խոշորագույն հանքավայրը` Թեղուտը, անցել է ամերիկյան ընկերությանը

ԱՄՆ-ում գրանցված «Dynamic Frontier Holdings» ընկերությունը սեպտեմբերին ավարտին է հասցրել Հայաստանի երկրորդ խոշորագույն՝ Թեղուտի պղնձամոլիբդենային հանքավայրի («Թեղուտ» ՓԲԸ) 100% բաժնետոմսերի ձեռքբերման գործընթացը։ Այս մասին հայտարարել է գործարար, ընկերության ղեկավար Կոնստանտին Սոկոլովը։

Նրա փոխանցմամբ՝ ամերիկյան սուբյեկտի միջոցով ակտիվների ձեռքբերումն ու գործարքի պաշտոնական ամրագրումը նոր փուլ են բացում հանքավայրի հետագա շահագործման, ներդրումների և զարգացման ծրագրերում։

Լոռու մարզում գտնվող Թեղուտի հանքավայրը Հայաստանի լեռնամետալուրգիական ոլորտի ամենախոշոր և ռազմավարական ակտիվներից մեկն է՝ զիջելով միայն Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին։

Հիշեցնենք՝ դեռ ամիսներ առաջ էր «Ազատություն»-ը գրել, որ նա հետաքրքրված է վարկային պարտքի դիմաց ռուսական ՎՏԲ բանկին անցած հանքի ձեռքբերմամբ։

Փաստացի, Ամուլսարի ոսկու հանքավայրից հետո սա ներկայում արևմտյան երկրորդ խոշոր ներդրումն է Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտում։

Նշենք նաև, որ Ռուսաստանում ծնված և ԱՄՆ-ում ապրող գործարար Կոնստանտին Սոկոլովը TRIPP+ զարգացման հիմնադրամի տնօրենն է։