|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Քրիստափորը, Գերշունին, Քիարը եւ Շիրվանզադէն
Ըստ իս այժմէական եւ խիստ խորհրդանշական կապ գոյություն ունի վերոնշեալ անունների միջեւ։ Գրիգորի Անդրէեվիչ Գերշունին (1870–1908թթ․) Ռուսաստանի Սոցիալիստ-Յեղափոխական (էսէռ) կուսակցութեան եւ նրա Մարտական կազմակերպութեան հիմնադիրներից է, ով մահացել է Ցիւրիխում (Շուէյցարիա) եւ հողին հանձնուել Փարիզի Մօնպառնաս թաղամասի գերեզմանատանը։ Գերշունիի համար հետաքրքրական դամբանական է ասել ֆրանսիացի նշանավոր բանաստեղծ, դրամատուրգ, գրականագէտ, հռչակաւոր սոցիալիստ՝ Պիեռ Քիարը (1864-1912թթ․)։ Իսկ Ալեքսանդր Շիրվանզադէն (1858–1935թթ․) անձամբ մասնակցել է Գերշունիի հուղարկաւորման արարողութեանը եւ այս մասին շարադրել իր տպաւորութիւնները, որ ստորեւ ոնք ներկայացնում ենք որոշ կրճատումներով․
«ԳԵՐՇՈՒՆԻԻ ԹԱՂՈՒՄԸ - Պարիզ - Դա մի հսկայական հանդէս էր, որքան տխուր, նոյնքան եւ շքեզ։ Ինքն արեգակը առաջին անգամ ցրել էր երկնքից յարատեւ մռայլ ամպերը, որ նայի սրտաշարժ տեսարանին եւ իր պայծառ ճառագայթներով աւելի խորհրդաւորութիւն տայ սեւ ու կարմիր հանդիսին: Կարմիրը սեւազգեստ ամբոխի վրայ - դա վիթխարի պսակների շարքն է, որ արեան գետի պէս կտրում է մի ծայրից մինչեւ միւսը այդ գիշերուայ պէս մթին ծովը․․․
Ներկայ է լատինական արուարձանի ամբողջ ռուս գաղութը, ասել է ուսանողութիւնը․ բոլոր ռուսահպատակ ազգերից սկսած հայից ու լեհացուց մինչեւ օսը եւ ինգուշը: Երբ տխուր հանդէսը հասաւ գերեզմանատուն, ճառերը սկսուեցին․․․
Պիեռ Քիարը խօսեց Դաշնակցութեան կողմից եւ երբ յիշատակեց Քրիստափոր Միքայէլեանին, չկարողացայ զսպել արտասուքս։ Այո, հերոսներ, հայերն էլ տուել են եւ եթէ կշռի վրայ դնէք, տոկոսիքի վերածէք - աւելի, քան որեւէ ազգ աշխարհի երեսին։ Այս խօսքերը բխում են իմ սրտի խորքից, թող ով ուզում է ինձ համարի ազգամոլ։ Ես ցանկացայ միայն մի բան, Պիեռ Քիարի սրտաշարժ եւ իմաստուն ճառը լսել հայի բերանից այդպիսի տեսարաններում»․․․
(«Վտակ» երկօրեայ, ՀՅԴ անլեգալ թերթ, Թիֆլիս, Թիւ 68, 1908 մարտի 26, էջ 4)
Դէ հիմա փորձէ՛ք արմատախիլ անել Դաշնակցականութիւնը․․․
Կարեն Խանլարյան
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, Իրանի Իսլամական Հանրապետության Խորհրդարանի նախկին պատգամավոր