կարևոր
517 դիտում, 45 րոպե առաջ - 2026-10-17 13:18
Հասարակություն

Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան

Ինչպես Աստված է անսահման, այդպես էլ Աստվածաշնչով փոխանցվողն է անսահման․ Միքայել Սրբազան

Հոկտեմբերի 16-ին Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում Շիրակի թեմի երիտասարդաց միության նախաձեռնությամբ տեղի է ունեցել հանդիպում Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հետ՝ «Աստվածաշունչը քրիստոնյայի կյանքում» թեմայով։ 

Շիրակի Թեմի Երիտասարդաց Միության հրապարակումը ներկայացնում ենք ստորև․

«Հանդիպման ընթացքում Սրբազան Հայրը երիտասարդների հետ զրուցեց Սուրբ Գրքի՝ քրիստոնյայի կյանքում ունեցած առանցքային նշանակության, Աստծո խոսքի զորության և հավատքի ճանապարհին Աստվածաշնչով առաջնորդվելու կարևորության մասին։

Անդրադառնալով Աստվածաշնչին՝ որպես Աստծո շնչով գրված, դարեր շարունակ ամենաշատ արտագրված, տպագրված և ընթերցված գրքի՝ Սրբազան Հայրն ընդգծեց, որ 21-րդ դարի քրիստոնյան չի կարող լինել առանց Աստվածաշնչի քրիստոնյա։

Սրբազան Հայրը կարևորեց Աստվածաշնչի ոչ միայն ընթերցումը, այլև նրա պատգամների ընկալումն ու կիրառումը առօրյա կյանքում՝ հիշեցնելով, որ Աստծո խոսքը ժամանակով չի սահմանափակվում և յուրաքանչյուր սերնդի համար ունի իր կենդանի ու մշտապես արդիական պատգամը։

Երիտասարդներին հնարավորություն տրվեց խորհելու Սուրբ Գրքի, քրիստոնեական արժեքների և հոգևոր կյանքի կարևորագույն հարցերի շուրջ։

Նշենք, որ Սրբազան Հոր հետ հանդիպումով տրվեց մեկնարկը Աստվածաշնչյան սերտողության առցանց հանդիպումների, որոնք տեղի կունենան առցանց տիրույթում շաբաթական մեկ անգամ:

Հանդիպման ավարտին երիտասարդները Սրբազան Հոր առաջնորդությամբ միասնաբար մասնակցեցին երեկոյան ժամերգության Գյումրիի Սուրբ Աստվածածին Մայր եկեղեցում»: