կարևոր
433 դիտում, 55 րոպե առաջ - 2026-10-15 19:17
Աշխարհ Տարածաշրջան

ԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբ

ԵԱՏՄ-ն և Իրանը կաշխատեն առևտրային խոչընդոտների վերացման և բեռնափոխադրումների պարզեցման ուղղությամբ

Թեհրանում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) և Իրանի Իսլամական Հանրապետության միջև ազատ առևտրի համաձայնագրի իրականացման համատեղ կոմիտեի երկրորդ նիստը։

Նիստը համանախագահել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը և Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբաքը։

Անդրեյ Սլեպնևի խոսքով՝ այժմ անհրաժեշտ է ուշադրությունը սակագների ազատականացումից, որի ուղղությամբ արդեն հաջողություններ են գրանցվել, տեղափոխել ոչ սակագնային խոչընդոտների վերացմանը և բիզնեսի գործնական աջակցության ապահովմանը։

«Հենց դա են մեզնից ակնկալում մեր արտադրողներն ու արտահանողները»,- ընդգծել է նա։

Նիստի ընթացքում քննարկվել են ավտոմոբիլային, բժշկական և դեղագործական արտադրանքի շուկաներ մուտք գործելու հարցերը, ինչպես նաև «Հալալ» արտադրանքի նկատմամբ պահանջների ուղղությամբ հետագա աշխատանքները։

Կողմերը պայմանավորվել են մշակել պատրաստի սպառողական ապրանքների շուկա մուտք գործելու սահմանափակումների վերացման միջոցառումների ծրագիր։ Նախատեսվում է նաև փոխանակվել արտոնյալ առևտրի վիճակագրական տվյալներով՝ համաձայնագրի արդյունքները գնահատելու համար։

Առանձին ուշադրություն է դարձվել առևտրային ընթացակարգերի պարզեցմանը։ ԵԱՏՄ-ն և Իրանը կարագացնեն ապրանքների ծագման էլեկտրոնային ստուգման համակարգի մշակման աշխատանքները, ինչպես նաև կմշակեն մաքսային տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրությունը։

Տրանսպորտի ոլորտում քննարկվել են փոխադրողների ծախսերի կրճատման, սահմանների հատման ընթացակարգերի պարզեցման և «Հյուսիս-Հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքով բեռնափոխադրումների թվայնացման հարցերը։

Բացի այդ, ԵՏՀ առևտրի հարցերով նախարար Անդրեյ Սլեպնևը բացել է գործարար համաժողովը, որի շրջանակում ստորագրվել է ԵԱՏՄ գործարար խորհրդի և Իրանի առևտրի, արդյունաբերության, հանքերի և գյուղատնտեսության պալատի միջև համագործակցության հուշագիր։

Հուշագիրը նախատեսում է գործարարների միջև երկխոսության հարթակի ստեղծում։

«Այս ձևաչափը կոչված է օգնելու ընկերություններին հաստատել անմիջական կապեր և առաջարկներ մշակել փոխադարձ առևտրի ու համատեղ նախագծերի զարգացման ուղղությամբ»,- նշել է Սլեպնևը։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տվյալներով՝ 2026 թվականի հունվար-հուլիսին Իրանի հետ ԵԱՏՄ ապրանքաշրջանառությունն աճել է 5%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Միության արտահանումն աճել է 6%-ով, իսկ Իրանից ներմուծումը՝ 3%-ով։