կարևոր
583 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-13 12:52
Տարածաշրջան

Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի հանդիպումների հետևում հզոր լոբբիստական շրջանակներ են կանգնած․ իրանցի փորձագետի բացահայտումները

Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի հանդիպումների հետևում հզոր լոբբիստական շրջանակներ են կանգնած․ իրանցի փորձագետի բացահայտումները

Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի հանդիպումների հետևում հզոր լոբբիստական շրջանակներ են կանգնած։ Ադրբեջանն ամենաթշնամական վերաբերմունքն է դրսևորել Իրանի նկատմամբ, սակայն Փեզեշքիանը զանգահարում է Ալիևին և շնորհավորում նրա ծննդյան տարեդարձը։ Այս մասին նշել է Միջազգային հարցերի վերլուծաբան դոկտոր Էհսան Մովահեդիանը՝ մանրամասնելով․

«Մասուդ Փեզեշքիանի և Իլհամ Ալիևի հանդիպումների հետևում հզոր լոբբիստական շրջանակներ են կանգնած։ Ինչո՞ւ եմ այդպես կարծում։ Որովհետև այդ հանդիպումները որևէ շոշափելի օգուտ չեն բերել Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Ես պարզապես ցանկանում եմ հասկանալ՝ ի՞նչ արդյունք են տվել այդ հանդիպումները։

Փեզեշքիանը հանդիպում է Ալիևի հետ, սակայն դրանից հետո Բաքվի և Թեհրանի միջև ավիահաղորդակցությունը դադարեցվում է։ Եվ դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ Հայաստանը, Թուրքիան, Աֆղանստանը, Չինաստանն ու Ռուսաստանը նման քայլի չեն դիմել։ Մինչդեռ մենք տեսնում ենք, որ դեպի Ադրբեջան իրականացվող մեր ավիաչվերթները խոչընդոտների են բախվում։

Այս հանդիպումները բազմիցս կրկնվում են, սակայն կորոնավիրուսի համավարակի ժամանակներից ի վեր Իրանի և Ադրբեջանի միջև ցամաքային սահմանը շարունակում է փակ մնալ և մինչ օրս չի վերաբացվել։

Հանդիպումները շարունակվում են, սակայն Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապված այն կառույցներն ու կենտրոնները, որոնք ժամանակի ընթացքում փակվել են Ադրբեջանում, այդպես էլ չեն վերաբացվել։

Հանդիպումները տեղի են ունենում, բայց ադրբեջանական լրատվամիջոցների՝ Իրանի նկատմամբ վիրավորական և թշնամական հռետորաբանությունը որևէ փոփոխություն չի կրում։

Այս հանդիպումները շարունակվում են, սակայն Ադրբեջանում Իսրայելի ներկայությունը ոչ միայն չի նվազում, այլև պարբերաբար բացվում են իսրայելական սպառազինության արտադրության նոր գործարաններ։

Խոսքը, մասնավորապես, այնպիսի անօդաչու թռչող սարքերի արտադրության մասին է, որոնց թռիչքի հեռահարությունը հնարավորություն է տալիս դրանք օգտագործել Իրանի և Ռուսաստանի դեմ հարձակումների համար։

Հանդիպումները տեղի են ունենում, սակայն մենք տեսնում ենք, որ երկկողմ հարաբերություններում որևէ էական բարելավում չի արձանագրվում։

Ավելին՝ Իլհամ Ալիևը շարունակում է նավթ արտահանել Իսրայել։ Այդ նույն նավթից արտադրվում է ավիացիոն վառելիք, որն օգտագործվում է Իրանի, Պաղեստինի, Գազայի և Լիբանանի վրա հարձակումներ իրականացնող ռազմական ինքնաթիռների ու կործանիչների համար։

Այսպիսով, հանդիպումները շարունակվում են, սակայն մենք Ադրբեջանի Հանրապետության վարքագծում որևէ դրական փոփոխություն կամ Իրանի նկատմամբ առավել բարեկամական վերաբերմունք չենք տեսնում։

Ո՛չ երկկողմ հարաբերություններում, ո՛չ էլ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի հետ կապված հարցերում Ադրբեջանը չի որդեգրում այնպիսի դիրքորոշումներ, որոնք կարող էին նպաստել Իրանի շահերի պաշտպանությանը։

Հետևաբար, հարց է առաջանում՝ եթե այս հանդիպումները չեն հանգեցնում հարաբերությունների բարելավմանը և չեն ապահովում Իրանի ազգային շահերը, ապա ո՞ւմ շահերին են իրականում ծառայում դրանք»։