կարևոր
592 դիտում, 58 րոպե առաջ - 2026-10-02 17:04
Քաղաքական

Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ․ Վահե Դավթյան

Ցեմենտի շուկա. երբ պրոտեկցիոնիզմը փոխարինվում է ներմուծմամբ․ Վահե Դավթյան

Ցեմենտի արտադրությունը Հայաստանի այն սակավաթիվ ոլորտներից էր, որտեղ պետությունը փորձում էր իրականացնել պրոտեկցիոնիստական քաղաքականություն՝ սահմանափակելով երրորդ երկրներից ներմուծումը և պաշտպանելով տեղական արտադրողին։

2024 թ. ներմուծված ցեմենտի ծավալը հասել էր 436 հազ. տոննայի՝ մեկ տարվա ընթացքում աճելով 72%-ով ։ Այդ պայմաններում կառավարությունը սահմանեց ներմուծման ժամանակավոր սահմանափակումներ և լիցենզավորման կարգ, որի նպատակն էր տեղական արտադրության և ներմուծվող ցեմենտի համար համադրելի մրցակցային պայմանների ստեղծումը։ Միաժամանակ Հայաստանի արտադրական հզորությունները գնահատվում են շուրջ 2,5 մլն տոննա, ինչը գերազանցում է ներքին շուկայի՝ մոտ 1,4-1,5 մլն տոննա գնահատվող պահանջարկը։

Սակայն այսօր կառավարությունը վերանայում է այդ սահմանափակումները՝ պատճառաբանելով դա լոգիստիկ խնդիրներով, ներմուծման թանկացումով և շուկայում առաջարկի ու պահանջարկի անհավասարակշռությամբ։

Խնդրի կարևոր հատվածը կապված է «Արարատցեմենտի» շուրջ ստեղծված իրավիճակի հետ։

Գործարանը փաստացի անցել է պետական վերահսկողության ներքո, իսկ կառավարությունը հայտարարել է դրա անխափան աշխատանքի և ամբողջ հզորությամբ գործարկման անհրաժեշտության մասին։

Սակայն տնտեսական արդյունքը տեսանելի է. պետությունը վերահսկողության տակ է վերցրել ռազմավարական նշանակություն ունեցող արտադրական ակտիվը, սակայն կարճ ժամանակ անց ստիպված է մեղմել ներմուծման սահմանափակումները՝ շուկան ապահովելու համար։

Սա պետական կառավարման արդյունավետության լուրջ ցուցիչ է:

Հայաստանը, այսպիսով, կրկին ամրապնդում է իր՝ ապրանքների նետտո-ներմուծողի կարգավիճակը։ Ընդ որում՝ մի ոլորտում, որտեղ ունի հսկայական ներուժ ու բարձր կոմպետենցիաներ:

Հ.Գ. Ի դեպ, Ադրբեջանը Հարավային Կովկասի ցեմենտի շուկայում բացարձակ առաջատար է: Տարածաշրջանի խոշորագույն՝ Բաքվի մոտակայքում գտնվող Norm sement գործարանն էլ անընդհատ ընդլայնվում է:

 

Վահե Դավթյան

Քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր