կարևոր
664 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-28 17:20
Հասարակություն

Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «դիխլոֆոսի» մնացորդներ․ ՍԱՏՄ

Նմուշառված մրգերում հայտնաբերվել են «դիխլոֆոսի» մնացորդներ․ ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը Երևանում (Սարյան 33/4) գտնվող պտուղ-բանջարեղենի խանութից նմուշառված մրգերում հայտնաբերել է «դիխլոֆոսի» մնացորդներ։ Տեղեկությունը հայտնում է ՍԱՏՄ–ն։

Օրեր առաջ սոցցանցի օգտատերերից մեկն ահազանգել էր, թե Երևանի կենտրոնում վտանգավոր` «դիխլոֆոս» (դեղ միջատների համար) փչած մրգեր են վաճառում։ ՍԱՏՄ-ից հայտնել էին, որ ահազանգին ընթացք են տվել, ստուգումներ կիրականացվեն։ Ավելի ուշ խանութում վաճառվող մրգերից նմուշներ էին վերցվել։

«Ըստ լաբորատոր փորձաքննության արձանագրության՝ նմուշառված մրգերում հայտնաբերվել են միջատասպան նյութի մնացորդներ»,– հայտնում է ՍԱՏՄ–ն։

Տեսչական մարմինը նաև հայտնում է, որ կարևորելով հանրային առողջության պահպանումը, պտուղ-բանջարեղենի վաճառակետերում կիրականացնի լայնածավալ վերահսկողություն՝ ստուգելով սանիտարահիգիենիկ նորմերի պահպանումը։ Վաճառվող պտուղ-բանջարեղենից նմուշներ կվերցվեն և կներկայացվեն լաբորատոր փորձաքննության՝ մնացորդային նյութերի ուսումնասիրության միջոցով պարզելու, թե արդյոք միջատասպան նյութի կիրառման նման դեպքերը կրկնվում են այլ վաճառակետերում , թե ոչ։

ՍԱՏՄ–ն հորդորում է քաղաքացիներին նման դեպքեր արձանագրելու դեպքում անմիջապես ահազանգել Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի թեժ գծին՝ 118 հեռախոսահամարով։