կարևոր
751 դիտում, 59 րոպե առաջ - 2026-09-26 09:47
Հասարակություն

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

ՀՀ երկրորդ նախագահի կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ հերթական դատական նիստին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկայացավ բավականին բարձր տրամադրությամբ, իրեն բնորոշ ձիգ կեցվածքով, կարծես կալանավայրից եկած չլիներ, որտեղ պահվում է արդեն 1 ամիս: Սակայն, մեզ հասած տեղեկություններով, որքան էլ որ նախկին նախագահը իրեն ամուր է պահում, չի բողոքում, իրավիճակն այլ է։

Առնվազն, ըստ իր մոտ շրջապատի ներկայացուցիչների, լուրջ խնդիր կա կալանքի պայմանների առումով: Ասում են՝ Քոչարյանի նախորդ 3 կալանքները ևս «խաղ ու պար» անվանելը դժվար կլիներ, սակայն այս անգամ այն դժվարությունները, որոնք կրում են նախագահն ու իր որդին, առավել ջանասիրությամբ են կազմակերպվում: Մեզ հասած տեղեկությամբ, կալանքի պայմանները չեն համապատասխանում անգամ օրենքի նվազագույն չափանիշներին։ Մեր աղբյուրների փոխանցմամբ, նախկին նախագահը պահվում է «ԿԳԲ պադվալի» ամենամութ և ամենափոքր խցում, որտեղ, չնայած, որ այն մենախուց է, կարծես հատուկ տեղադրվել է երկհարկանի մահճակալ՝ 5×3 վրա տարածքն էլ ավելի անհարմարեցնելու ու սահմանափակելու նպատակով։ Չկա աթոռ, սեղան, որտեղ Քոչարյանը կկարողանար տարրական աշխատանքային գործունեություն իրականացնել կամ պարզապես նստել: Ասում են՝ երբ ՄԻՊ-ն այցելել է, այդ ամենն արձանագրել է, ըստ մեր տեղեկությունների՝ նույնիսկ դիմել է համապատասխան մարմիններին այդ հարցով, սակայն արդեն մեկ ամիս է՝ խնդիրները համառորեն լուծում չեն գտնում:

Մեր աղբյուրների փոխանցմամբ, տեսակցությունները ևս խիստ սահմանափակ են. փաստաբաններից զատ այդպիսի իրավունք ունեն միայն ընտանիքի անդամները, այն էլ՝ ամսական ընդամենը 2 անգամ: Արգելված են տեսակցություններն իր քաղաքական թիմի անդամների հետ. նույնիսկ ԱԺ պատգամավորները, որոնք պետք է հնարավորություն ունենան տեսակցելու առհասարակ կալանքի տակ պահվող ցանկացած անձի, իրենց փաստացի քաղաքական առաջնորդի հետ ստիպված են շփվել փաստաբանների միջոցով, ինչը նոնսենս է:

Այս երևույթներն, ի դեպ, նախագահի շրջապատում չեն կապում միայն Փաշինյանի հրապարակային հրահանգների հետ և վստահ են, որ գործում է նաև միջամտության այլ՝ հատուկ տեսակ՝ նեղություն տալու ամեն մանրուքում: Կարծիք կա, որ այս ամենը կազմակերպվում է «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ի պետի ցուցումներով, որը վերջերս է նշանակվել այդ պաշտոնին, որովհետև Աննա Հակոբյանի վարսավիր ընկերուհու՝ Անուշ Մելքոնյանի ամուսինն է: Խոսքը Ռոբերտ Թամարյանի մասին է, որը 2018-ից հետո թռիչքային կարիերային աճ ունեցավ՝ համակարգի մասնագետից 2025 թվականին դառնալով քրեակատարողականի պետ: