|
Փոխարժեքներ
16 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.18 |
| EUR | ⚊ | € 420.08 |
| RUB | ⚊ | ₽ 4.3052 |
| GBP | ⚊ | £ 490.73 |
| GEL | ⚊ | ₾ 139.8 |
Բոլիվիան և Պարագվայն ավարտել են երկրների միջև սահմանի սահմանագծումը. գործընթացը մեկնարկել էր 1938 թվականից` Չակոյի պատերազմի (1932–1935 թթ.) ավարտից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով պաշտոնական աղբյուրների։
«Լա Պասում կայացված որոշումը 88-ամյա պատմական գործընթացի կուլմինացիան է։ Դրա շնորհիվ կհաստատվի ու կգրանցվի պարագվայաբոլիվիական սահմանի ողջ երկայնքը, որը պատմական քայլ կդառնա երկու երկրների միջև հարաբերություններում», – գործակալությունը մեջբերում է իր զրուցակիցների խոսքը։
Բոլիվիայի և Պարագվայի միջև սահմանի երկարությունը կազմում է 742 կիլոմետր, որից 38 կիլոմետրն անցնում է գետերով։ 1938 թ. հուլիսին Բոլիվիայի և Պարագվայի միջև ստորագրված Խաղաղության, բարեկամության և սահմանների մասին պայմանագրին համապատասխան ստեղծվել էր սահմանագծման հարցերով զբաղվող համատեղ հանձնաժողով, որն իր աշխատանքն սկսել էր այդ նույն թվականի դեկտեմբերին։
Պատմաբանների գնահատմամբ՝ Չակոյի պատերազմում զոհվել է 50 000 բոլիվիացի և 40 000 պարագվայցի. այդ պատերազմը համարվում է 20-րդ դարի խոշորագույն զինված հակամարտությունը Հարավային Ամերիկայում։