կարևոր
643 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-16 12:52
Հասարակություն

Հայկական «Սպայկան» արձագանքել է Ռուսաստանում իր դեմ դատական գործին

Հայկական «Սպայկան» արձագանքել է Ռուսաստանում իր դեմ դատական գործին

Հայկական բեռնափոխադրող «Սպայկա» ընկերությունն արձագանքել է Ռուսաստանում հարուցված դատական գործին, որը կապված է «Սպայկա-Ռուս» ընկերության գործունեության հետ։ Վերջինս զբաղվում էր Հայաստանից Ռուսաստան միրգ-բանջարեղենի ներմուծմամբ։

«Մենք բազմիցս հայտարարել ենք, որ այս գործը որևէ հիմք չունի։ Եվ նույնիսկ լավ է, որ գործը հասել է դատարան։ Վստահ ենք, որ դատարանը կապացուցի մեղադրանքների ամբողջ անհիմն լինելը», - Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ընկերության թոփ-մենեջերներից Կարեն Բաղդասարյանը։

Նա հավելեց, որ ներկայում «Սպայկայի» կողմից Հայաստանից Ռուսաստան ապրանքների արտահանումն ամբողջությամբ դադարեցված է՝ ռուսական հայտնի սահմանափակումների պատճառով։

Ընկերությունը, ըստ Բաղդասարյանի, աշխատում է արտաքին շուկաների դիվերսիֆիկացման ուղղությամբ՝ հիմնական շեշտը դնելով Արևելյան Եվրոպայի շուկաների վրա։ Նրա խոսքով՝ ամառ-աշուն սեզոնին նոր շուկաներ արտահանվող արտադրանքի ծավալները գրեթե համադրելի են նախկինում Ռուսաստան արտահանվող ծավալների հետ։

Բաղդասարյանը նաև հերքեց, թե վերջերս Արարատի մարզում «Սպայկայի» ջերմոցային տնտեսությունների աշխատակիցները գործադուլ են հայտարարել աշխատավարձերի ուշացման պատճառով։ Ըստ նրա, եղել են վերակազմակերպման հետ կապված որոշ հարցեր։ Միաժամանակ ընկերության թոփ-մենեջերը խոստովանեց, որ ռուսական շուկայի կորստի հետևանքով որոշակի ֆինանսական խնդիրներ ունեն։