կարևոր
478 դիտում, 56 րոպե առաջ - 2026-09-15 09:16
Հասարակություն

Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»

Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի քանի օր շարունակ Հայաստանում անցկացվում էր «Tour of Armenia 2026» միջազգային հեծանվավազքը: Այն գուցե լավ բան է, գուցե երկրին ինչ-որ բան տալիս է. չենք վիճում, ավելին՝ սա քննարկելու միտք չունենք, որովհետև ասելիքը դրա մասին չէ, թեպետ այս հարցում կան տարբեր կարծիքներ: Հարցն այն է, որ նույնիսկ նման միջոցառումների ժամանակ է երևում, թե որքան վատ են ամեն ինչ կազմակերպում օրվա իշխանությունները և ինչքան «թքած ունեն» ժողովրդի վրա:

Բան այն է, որ այն ժամանակ, երբ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները Սևանում լողում էին կամ Սևանի ափին «կյանքն էին վայելում», Սևանի մայրուղին պարզապես կաթվածահար էր: Մեր լրագրողը ականատես է եղել, թե ինչպես Սևանի թերակղզուց երկկողմանի մոտ 5-6 կմ մեքենաները մնացել մի քանի ժամ. ոչ թե սովորական խցանում կամ դանդաղ երթևեկություն է եղել, այլ պարզապես անշարժ կանգնած են եղել: Թե ինչ կարծիք ունեին քաղաքացիները իշխանությունների, նրանց կազմակերպած հեծանվավազքի մասին, այստեղ, բնականաբար չենք մեջբերի: Եթե քաղաքային երթևեկության մեջ դեռ հնարավոր է գտնել այլընտրանքային ճանապարհներ, հետադարձ անել, ապա մայրուղու վրա, հատկապես Գագարինից հետո մինչև թերակղզի հատվածում պարզապես հետադարձի հնարավորություն էլ չկա:

Ինչպես պարզվեց սոցցանցերից, նույն վիճակն է եղել նաև նախորդ օրը՝ Լռու և Տավուշի մարզերի միջպետական ու համայնքային ճանապարհներին: Սևանի մայրուղում նման վիճակ կրկնվել է նաև կիրակի օրը: Իհարկե, ՆԳՆ-ն գուցե իրավունք ունի պնդել, որ ապահովել է մրցաշարի անվտանգությունը: Սակայն հարցն այն է, որ այդ ամենը կարելի էր կազմակերպել այնպես, որ մարդկանց հնարավորինս քիչ նեղություն տան. օրինակ՝ Սևանի մայրուղու երթևեկությունը կարելի էր կազմակերպել հերթագայությամբ՝ միակողմանի սկզբունքով: Այնինչ, ստացվել է այնպես, որ ժամեր շարունակ միջպետական մի քանի կարևոր ճանապարհներ պարզապես կաթվածահար են եղել՝ բոլոր հետևանքներով: