կարևոր
586 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-03 09:05
Հասարակություն

Սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»

Սոցիալական նպաստները չեն կարող փակել պատմական ու իրավական բաց վերքը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երեկ լրացավ Արցախի անկախության հռչակման 35-րդ տարեդարձը: 1991 թվականի այս օրը Արցախի ժողովուրդը, հիմնվելով միջազգային իրավական բոլոր հիմքերի վրա, իրացրեց ինքնորոշման իր հիմնարար իրավունքը, ինչը հետագայում բազմիցս արձանագրվել է միջազգային դիտորդների ու կազմակերպությունների կողմից: Այս նշանակալից օրվա առիթով հայտարարությամբ է հանդես եկել «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը՝ ընդգծելով, որ Բաքվում պահվող բոլոր հայ գերիների, պատանդների և ռազմաքաղաքական ղեկավարության անհապաղ վերադարձը պետք է լինի Հայաստանի իշխանությունների առաջնահերթ օրակարգերից մեկը:

Կուսակցությունն իր հայտարարության մեջ անդրադարձել է Արցախի ամբողջական հայաթափումից և էթնիկ զտումներից հետո բռնի տեղահանված արցախահայության առջև ծառացած ծանրագույն խնդիրներին: Նշվում է, որ արցախցիներն այսօր շարունակում են բախվել սոցիալ-տնտեսական լուրջ մարտահրավերների, ինչը փաստում է Հայաստանում իրականացվող պետական քաղաքականության և սոցիալական ծրագրերի ոչ բավարար արդյունավետության մասին: «Ուժեղ Հայաստան»-ի համոզմամբ, տևական, կայուն և իրական խաղաղություն հնարավոր չէ կառուցել Արցախի հայության հիմնարար իրավունքների, այդ թվում՝ անվտանգ ու հավաքական վերադարձի, սեփականության, ինչպես նաև մշակութային ու հոգևոր ժառանգության պաշտպանության անտեսմամբ:

Այս հայտարարությունն ու սեպտեմբերյան խորհրդանշական օրը կրկին վեր են հանում այն դառը իրականությունը, որ Արցախի հարցը հայ ժողովրդի և Հայաստանի պետականության համար շարունակում է մնալ անբուժելի ու չսպիացող վերք: Լուրջ քաղաքական ուժերի գլխավոր խնդիրը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակներում այս հարցերին արդարացի լուծումներ պահանջելն ու հետապնդելը, այլ ոչ թե բաց վերքը սոցիալական փոխհատուցումներով կամ ֆինանսական հատկացումներով ծածկելու անպտուղ փորձերը:

Որքան էլ Հայաստանի գործող իշխանությունները փորձեն խուսափել արցախյան հիմնախնդրից՝ համարելով, թե դրա արծարծումը կամ որևէ գործողություն կարող է բերել նոր էսկալացիայի, միևնույնն է, այդ վերքը դրանով չի փակվում: Ֆինանսական աջակցության կամ լռության քաղաքականությունը բուժական միջամտություն չէ: Ստացվում է մի իրավիճակ, երբ պետությունը, ցավը մեղմելու կամ օրգանը բուժելու փոխարեն, պարզապես ամբողջությամբ կտրում ու մի կողմ է նետում կենսական այդ մասը: Սակայն այդպիսի մոտեցումից մարմնի վերքը չի ապաքինվում, այն շարունակում է բաց մնալ՝ սպառնալով ամբողջ պետականության առողջությանն ու ապագային: