կարևոր
673 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 18:23
Քաղաքական

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Սեպտեմբերի 2-ից մեկնարկում է ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզարշավը

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը տեղեկացնում է, որ սեպտեմբերի 27-ին Լոռու մարզի Թումանյան համայնքում կայանալիք համամասնական ընտրակարգով ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 2-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին, իսկ Լոռու մարզի Լերմոնտովո, Կոտայքի մարզի Արզնի և Արմավիրի մարզի Ֆերիկ համայնքներում մեծամասնական ընտրակարգով անցկացվող ընտրությունների նախընտրական քարոզարշավը կմեկնարկի սեպտեմբերի 7-ին և կավարտվի սեպտեմբերի 25-ին։

ԿԸՀ-ն իրազեկում է, որ  նախընտրական քարոզչության ժամանակ, ինչպես նաև քվեարկության նախորդ և քվեարկության օրը թեկնածուներին, ընտրություններին մասնակցող կուսակցություններին արգելվում է անձամբ կամ նրանց անունից կամ որևէ այլ եղանակով ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով տալ (խոստանալ) դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ կամ մատուցել (խոստանալ) ծառայություններ:

Արգելվում է քարոզչական պաստառների, քարոզչական տպագիր և այլ նյութերի տեղադրումը հանրակրթական դպրոցների, հասարակական սննդի և առևտրի օբյեկտների, վերելակների, հասարակական տրանսպորտի և տաքսի ավտոմոբիլների վրա կամ դրանց ներսում։

Արգելվում են նաև քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը պոկելը, պատռելը, դրանց վրա գրառումներ կատարելը կամ որևէ այլ եղանակով վնասելը: