կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 16:53
Հասարակություն

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը սկսվում է սեպտեմբերի 5-ին

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումը սկսվում է սեպտեմբերի 5-ին

Հեռակա ուսուցման ընդունելության դիմում-հայտերի ընդունումն սկսվում է սեպտեմբերի 5-ին, ժամը 16:00-ին և ավարտվում սեպտեմբերի 25-ին, ժամը 18:00-ին: Այս մասին հայտնում է  Գնահատման և թեստավորման կենտրոնը։

Հայաստանի Հանրապետության բուհերի հեռակա ուսուցման ընդունելության համար պետք է ԳԹԿ «dimord.am» կայքում լրացնել դիմում-հայտ:

Դիմում-հայտը լրացնելու համար անհրաժեշտ է`

ա) ունենալ ԳԹԿ անձնական համար

բ) ընդունելության յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար ԳԹԿ հաշվեհամարին (900018003401) փոխանցած 1500 դրամի անդորրագիրը: Ներբուհական քննություն հանձնողները՝ սահմանված վճարը՝ 1500 դրամ, փոխանցում են տվյալ բուհի հաշվեհամարին:

ԳԹԿ անձնական համար տրամադրում է այն բուհը, որտեղ ցանկանում է ուսումը շարունակել դիմորդը կամ եթե դիմորդը մասնակցել է 2026 թվականի բուհերի առկա ընդունելության քննություններին, ապա կարող է օգտագործել այդ ժամանակահատվածում ԳԹԿ-ի կողմից տրված անձնական համարը:

Ընդունելության քննությունների հեռակա ուսուցման ընդունելության կանոնների 41-43-րդ կետերով սահմանված արտոնություններից օգտվող դիմորդները վարձավճարից ազատվում են:

Դիմորդները կարող են մրցույթին ներկայացնել միասնական և տվյալ բուհի համապատասխան մասնագիտության համար հանձնած ներբուհական քննությունների դրական գնահատական(ներ)ը կամ հանձնել նոր քննություններ: Այս դեպքում մրցույթում կօգտագործվեն ավելի բարձր գնահատականները:

Դիմորդը կարող է մասնակցել մեկ բուհի մինչև երեք մասնագիտությունների մրցույթին, որոնց համար սահմանված են ընդունելության միևնույն քննությունները։ Դիմորդն ընդունելության դիմում-հայտում իր ընտրությամբ և ցանկացած հաջորդականությամբ պետք է հայտագրի մասնագիտությունները և տվյալ մասնագիտության համար սահմանված առավելագույնը երկու ընդունելության քննությունները: Դիմում-հայտերի առաջին տողով նշված մասնագիտությունն ունի գերակայություն:

Բուհ ընդունված դիմորդների ցուցակները կհաստատվեն մինչև հոկտեմբերի 30-ը: