կարևոր
433 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-02 14:05
Քաղաքական

Արցախը հայկական է, և Արցախի ժողովրդի հավաքական վերադարձի իրավունքը սակարկման ենթակա չէ․ Իշխան Սաղաթելյան

«Արցախը հայկական է և Նիկոլ Փաշինյանն այն մարդը չէ, որ պետք է որոշի՝ արցախը հայկական է թե հայկական չէ»,- Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ  ՀԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ պատասխանելով արցախահայերի վերադարձի իրավունքը միջազգային օրակարգում պահելու մասին հարցին։

Նշենք, որ այսօր՝ սեպտեմբերի 2-ն Արցախի Հանրապետության անկախության օրն է։ 1991 թվականի սեպտեմբերի 2-ին Արցախը հռչակեց իր անկախությունը Խորհրդային Միությունից:

Իշխան Սաղաթելյանի խոսքով՝ Արցախի վերադարձի իրավունքը քննարկման կամ սակարկման ենթակա չէ։

ՀՅԴ ՀԳՄ ներկայացուցիչն ընդգծեց, որ ՀՅԴ-ն, որպես համահայկական կառույց, իր Հայ դատի գրասենյակներով միջազգային օրակարգում մշտապես բարձրացնում են արցախցիների վերադարձի խնդիրը։

«Բայց հարցը շատ դժվար է միջազգային օրակարգում պահել, քանի որ դրա թիկունքում չկա պետություն և ոչ միայն չկա, այլ պետությունը դրա դեմ է աշխատում»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ պնդելով, որ ամեն ինչ անում են հարցն օրակարգում պահելու համար, բայց մշտապես հանդիպում են Թուրքիայի և Ադրբեջանի կառավարությունների, այլև Հայաստանի կառավարության հակահայ քաղաքականությանը։

Նրա խոսքով՝ Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի միջազգային ընկալումը կա, բայց քանի որ դրա թիկունքում պետություն չկա, դժվար է այս պահին թույլ չտալ, որ հարցը նման ձևով փակեն և լեգիտիմացնեն Ալիևի արյունոտ ձեռքերը, Արցախում տեղի ունեցած էթնիկ զտումը և ցեղասպանությունը։

Նա նշեց,որ պետությունը չի զբաղվում գերիների հարցով և կորցրել է երկու լավ հնրարավորություն հարցի բարձրաձայնման համար՝ Բաքվում COP 19-ը գագաթնաժողովը և նախորդ տարի Թրամփի հետ եռակողմ հանդիպումը։

Անդրադառնալով Փաշինյան-Պուտին հանդիպմանը՝  Իշխան Սաղաթելյանն ասաց, որ Փաշինյանը Հայաստանը ներքաշում է նոր՝ ոչ պակաս մասշտաբային արկածախնդրության մեջ, որը հղի է լինելու ծանր հետևանքներով և դրա համար վճարելու է ՀՀ-ն և Ժողովուրդը։