կարևոր
733 դիտում, 1 ժամ առաջ - 2026-09-01 09:45
Հասարակություն

Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ»

Առողջապահության համակարգում կադրային խառնաշփոթը չի ավարտվում․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ իշխանությունը շարունակում է առողջապահության ոլորտում նոր կադրային լուծումների փնտրտուքը, իսկ վերջին նշանակումները դեռևս չեն բացառվում որպես ժամանակավոր որոշումներ։

Իշխանական մեր աղբյուրների փոխանցմամբ՝ առողջապահության փոխնախարարի պաշտոնից ազատված Լևոն Հակոբյանը ներկայումս փորձում է որևէ կերպ պահպանել իր տեղը համակարգում։ Մեր տեղեկություններով՝ նա պաշտոնի փնտրտուքի մեջ է և տարբեր մակարդակներում փորձում է հասկանալ՝ առողջապահության համակարգում ինչ պաշտոն կարող է զբաղեցնել։

Հակոբյանի պաշտոնանկության հարցը, ըստ իշխանական շրջանակներում շրջանառվող տեղեկությունների, քննարկվել է դեռևս որոշ ժամանակ։ Պատճառների թվում նշվում են նրա աշխատանքային հարաբերությունները և տարբեր բժշկական հաստատությունների ղեկավարների հետ ունեցած տարաձայնությունները։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ նրա կոնֆլիկտային գործելաոճը պարբերաբար դժգոհությունների և ներքին քննարկումների առիթ է դարձել։

Սակայն այստեղ ուշագրավն այն է, որ պաշտոնանկությունը դեռ չի նշանակում առողջապահական համակարգից հեռացում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Հակոբյանը շարունակում է պաշտոն գտնելու փորձերը։

Մյուս կողմից՝ առողջապահության համակարգում մեծ աղմուկ է առաջացրել Լենա Նանուշյանի վերադարձը։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր «ԱրմԼուր»-ը, Նիկոլ Փաշինյանը նրան ազատել էր փոխնախարարի պաշտոնից, սակայն կարճ ժամանակ անց Նանուշյանը կրկին վերանշանակվեց։

Իշխանական շրջանակներում այս որոշումը տարբեր կերպ են մեկնաբանում։ Առողջապահական համակարգի մի շարք ներկայացուցիչներ, մեր տեղեկություններով, զարմացած են եղել այդ վերանշանակումից և չեն հասկացել՝ ինչն է փոխվել պաշտոնանկությունից հետո, որ Նանուշյանը կրկին վերադարձել է նույն պաշտոնին։

Հատկապես ուշագրավ է այն հանգամանքը, որ նույն ժամանակահատվածում աշխատանքից հեռացվեց Արմեն Գասպարյանը։ Ոլորտի ներկայացուցիչների շրջանում, ըստ մեր աղբյուրների, հենց այս որոշումն է ամենաշատ հարցերը առաջացրել։

«Ինչպե՞ս կարող է համակարգում պահվել մի կադր, որի աշխատանքի վերաբերյալ հարցեր կան, իսկ ոլորտը լավ իմացող մասնագետը հեռացվել»,– այս տրամաբանությամբ հարցադրումներ են անում առողջապահական համակարգում։

Արդյունքում՝ առողջապահության նախարարությունում և ամբողջ համակարգում, մեր տեղեկություններով, բավական լարված մթնոլորտ է։ Կադրային փոփոխությունները ոչ թե վերջնականապես լուծել են խնդիրները, այլ նոր հարցեր են առաջացրել։

Իշխանական շրջանակներում, սակայն, չեն բացառում, որ այս ամենը դեռ վերջնական չէ։ Նիկոլ Փաշինյանը շարունակում է նոր կադրերի փնտրտուքը, և առաջիկայում առողջապահության համակարգում կարող են լինել նոր փոփոխություններ։

Այսինքն՝ Գասպարյանի հեռացումը, Նանուշյանի վերադարձը և Հակոբյանի՝ համակարգում մնալու փորձերը կարող են լինել ոչ թե առանձին դրվագներ, այլ առողջապահության ոլորտում դեռ չավարտված մեծ կադրային վերադասավորման մաս։

Մնում է միայն հասկանալ՝ վարչապետը վերջնականապես ում է վստահելու առողջապահական համակարգի կառավարումը և արդյոք հերթական կադրային փոփոխությունները կդառնան լուծում, թե պարզապես նոր շրջափուլ կսկսեն»։