կարևոր
691 դիտում, 1 ժամ առաջ - 2026-08-27 09:22
Քաղաքական

Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»

Բա ուր մնացին «քաղաքակրթությունը», «բարեկրթությունն» ու «բարեվարքությունը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նորընտիր խորհրդարանի առաջին նիստում ԱԺ նախագահի թեկնածու առաջադրված Ռուբեն Ռուբինյանն ընդդիմությանը կոչ էր անում «սկսել մաքուր էջից», անցնել ավելի կառուցողական աշխատանքի, խորհրդարանը դարձնել սուր, բայց քաղաքակիրթ բանավեճերի հարթակ և այլն: Ավելին, այդ օրերին, որքան էլ տարօրինակ է ՔՊ-ի դեպքում, բայց քպականներից շատերն էին սկսել օգտագործել «քաղաքակրթություն», «բարեկրթություն» ու «բարեվարքություն» տերմինները:

Իհարկե, հենց իրենք էլ անմիջապես խախտում էին այդ բոլոր հասկացությունները, հատկապես մի քանիսն առավել ինտենսիվ էին դա անում, ավելին՝ անընդհատ սադրում էին, այդուամենայնիվ, ընդդիմադիր խմբակցությունների շատ սուր, բայց իրոք քաղաքակիրթ պահվածքի ֆոնին, ընդհանուր առմամբ, հույս կար, որ կարմիր գծեր չեն հատվի: Դա... մինչև Նիկոլ Փաշինյանի առաջին «հայտնությունը» նոր խորհրդարանում: Նա, ինչպես միշտ, հատեց բոլոր կարմիր գծերը, թույլ տվեց վիրավորական արտահայտություններ և այլն, սակայն «քաղաքակիրթ բանավեճերի կողմնակից» Ռուբեն Ռուբինյանը, որն առիթը չի կորցնում նկատողություն անելու ընդդիմադիրներին նույնիսկ ամենաթեթև, ամենամեղմ բնորոշումների համար, «շեֆի» պարագայում ձայն անգամ չհանեց: Ավելին, լրագրողների հետ զրույցում արդարացավ, թե «ոչ ոքի ուղիղ չվիրավորեց, ոչ մեկին հասցեական վիրավորանք չհասցվեց»: Դե, եթե մարդը կարծում է, որ «պիղծ» բառը վիրավորանք չէ, իսկ «սրիկայաբարը» վիրավորանք է, այլ բան դժվար է սպասել: Բա հո նախագահությունում նստած քպականներն իրենց ղեկավարին չէին ընդհատելու կամ նկատողություն անելու, պատկերացնում եք, չէ, ինչ կլիներ իրենց հետ: