|
Փոխարժեքներ
25 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.38 |
| EUR | ⚊ | € 426.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.3633 |
| GBP | ⚊ | £ 497.87 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
Հայաստանի հանրային ռադիոյի նախկին գործադիր տնօրեն Գարեգին Խումարյանը գրել է․
«Բանակային ողբերգություններ․ ի՞նչ անել։
1․ Կներեք, բայց չեմ հավատում, որ 3-4 ամիս ինտենսիվ մարտավարաֆիզիկական կուրս անցած ջահել տղեն քունը կառավարել չսովորի։ Իսկ բացառությունների, ֆիզիոլոգիական ինչ-ինչ խնդիրների դեպքում իր այդ առանձնահատկությունը շատ արագ չբացահայտվի դեռ զորավարժարանում, այլ ոչ թե թուրքի բերան հասած։
2․ Զորակոչել բոլորին։ Քանի որ բանակը տարբեր հաշվարկներով իրեն հասանելիք մարդկանց կեսն ուղղակի չի ստանում, բանակ եկածները փաստացի ծառայում են նաև չեկածների փոխարեն։ Դիրք պահելուց բացի ուրիշ ոչ մի բանի ժամանակ առանձնապես չի մնում։ Շտաբերում էլ չգիտեն, որ ծակն ումով փակեն։
3․ Վերջերս մարդ էինք աշխատանքի ընդունում։ Հարցազրույցի փուլին 5-6 ջահել տղա հասավ։ Բոլորը չծառայած։ Ջահել, խելացի տղերք՝ մարքեթինգի ոլորտում կարիերա են անում, քանի իրենց հասակակիցները պոստում «քնել/չքնելու» հարց են լուծում, այն պարզ պատճառով, որ ի թիվս այլ բաների «չքնել» սովորելու ժամանակ ու հնարավորություն չի եղել։ Եվ քո, և խալխի տեղը ծառայելը հեշտ չէ, ու ինչ-որ բան անպայման տուժելու է։
4․ Բանակ չգնալն այսօր փաստացի սոցիալական լիֆտ է՝ հասակակիցների նկատմամբ մրցակցային առավելություն ձեռք բերելու ճանապարհ։ Մինչդեռ պետք է լիներ ուղիղ հակառակը՝ բանակ չգնալը պետք է «սոցիալտնտեսական մահ» դառնար։ Ինչպե՞ս։ Ասեմ։
5․ Երբ ծնողներն իրենց թագավոր բալին բանակ չուղարկելու որոշում են կայացնում ու դեռ քառսունքից դուրս չեկած տանում ուրիշ երկրի անձնագիր վերցնելու, դա նրանց վրա ոչ մի ազդեցություն չի թողնում։ Փոքրիկ օտարերկրացին միևնույն է պետական անվճար մանկապարտեզ ու դպրոց է գնալու, մինչև 18 տարեկանն անվճար օգտվելու է առողջապահական ծառայություններից և այլն։
6․ Ուզո՞ւմ ես երեխադ հանուն բանակ չգնալու իր հայրենիքում օտարերկրացի լինի։ Խնդրեմ՝ հենց պասպորտ-սեղանի մոտ արագ-արագ կվճարես «անվճար» ծննդօգնության ու հղիության ժամանակ պետպատվերով ստացած ծառայությունների գինը՝ ընդ որում շուկայական, չսուբսիդավորված հաշվարկով։ Հետո պոլիկլինիկային կսկսես վճարել այնքան, որքան դա իրականում արժե, հետո մանկապարտեզին, ապա դպրոցին և այդպես շարունակ մինչև չսննկանաս։ Եռամսյակը մեկ էլ կտանես Բագրատաշեն՝ սահմանն անցնի, հետ գա, որ դեպորտ չանեն։
7․ Եթե հասուն տարիքում եք որոշել ձեր անգին գանձի քաղաքացիությունը փոխել, որ բանակ չգնա՝ ասենք 16-17-ում, էլի խնդրեմ՝ տեղում վճարեք տարիների ընթացքում իր վրա ծախսածը՝ ծննդօգնություն, առողջապահություն, կրթություն, ընդհանուր բնույթի սոցիալական ծառայություններ և այլն՝ ինդեքսավորելով տարիների սղաճը կամ օրվա շուկայական գնով։
8․ Բա սոցիալական արդարությունն ու աղջիկները՝ կասեն ոմանք։ Ես էլ որպես 2 աղջկա հայր կասեմ, որ ինձ շատ ավելի հանգիստ կզգայի, եթե դստրերս մի չորս ամիս «ուչեբկա» անցնեին ու զինվորական մասնագիտություն էլ ունենային։ Երբեք չես իմանա՝ կյանքն ինչպես կկպտվի, կամ ավելի ճիշտ՝ թուրքն ուր կհասնի, կամ ավելի ճիշտ՝ դու ու նրանց ապագա ենթադրյալ ամուսիններն այդ ժամանակ որտեղ կլինեք, կամ դեռ կլինեք արդյոք։
9․ Եվս մեկ անգամ ստուգել առողջական պատճառներով ծառայությունից ազատվածներին։ Բոլորին՝ 18-50 տարեկան։ Կեղծ ախտորոշումներ դրած բժիշկներին ու նրանց կլիենտուրան փակել «ակռավի սռոկով»։ Կամավոր ներկայացած «խուսափուկներին» շնորհել համաներում։ 27-ը չլրացածներին ուղարկել զորքեր։ Զորակոչային տարիքից դուրս եկածներին՝ տուգանել, ապա ուղղարկել «ուչեբկա»՝ 3-4 ամիս զինվորական մասնագիտություն ստանալու, ապա լիարժեքորեն ներգրավել պահեստազորի համակարգում։
10․ Նույնը գիտնականի թղթով ազատվածներին: Հանել ատենախոսությունները, ուղարկել միջազգային գիտական հանդեսներ, հասկանալ՝ մեջը գիտական արժեք կա առհասարակ, թե ոչ։
11․ Պայմանավորվել, որ բանակը պատերազմելու համար է, այլ ոչ թե տղաների հանրակացարան, ու, օրինակ, այն, որ մարդ դիրքեր բարձրանալուց (կամ ուրիշ խնդիր կատարելուց) առաջ կրակային, մարտավարական, բարոյահոգեբանական պատրաստություն բավարար չափով չի ստացել, նույնքան ողբերգական է, որքան սպանությունների ու ինքնասպանությունների վերջին դեպքերը։
12․ Բարոյահոգեբանական պատրաստության, ենթամշակույթների և այլ բարդ մատերիաների անդրադառնալուց առաջ եկեք փորձենք պարզագույն խնդիր լուծել սովորել։ Պետությունը պարտավոր է 18 տարեկանը լրացած անխտիր բոլոր մարդկանց բռնել-քաչալացնել-ուղարկել զորքեր։ Բոլորին․ անխտիր։ Վստահեցնում եմ, որ երբ բանակում սկսեն հայտնվել ոչ միայն մեծապես նրանք, ովքեր այնտեղ չհայտնվելու հնարավորություն չեն ունեցել, իսկ ծառայությունից խուսափելը կդադարի սոցիալական լիֆտ լինել, շատ արագ միանգամայն այլ պատկեր կունենանք»։