|
Փոխարժեքներ
24 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.38 |
| EUR | ⚊ | € 426.22 |
| RUB | ⚊ | ₽ 4.3633 |
| GBP | ⚊ | £ 497.87 |
| GEL | ⚊ | ₾ 140.01 |
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով նախարար Սերգեյ Շկլյաևը աշխատանքային հանդիպում է անցկացրել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության գլխավոր մաքսային վարչության ղեկավար Սուն Մեյցզյունի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի մաքսային ծառայության միջև համագործակցության արդիական հարցերը։
Հանդիպման առանցքում ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունների և ՉԺՀ գլխավոր մաքսային վարչության միջև տեղեկատվության փոխանակման գործնական իրականացումն էր, որը նախատեսված է համապատասխան համաձայնագրով։
Այս համատեքստում Սերգեյ Շկլյաևն ընդգծել է, որ ԵՏՀ-ն և Եվրասիական «հնգյակի» երկրները կարևորում են ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների մաքսային մարմինների հետ տեղեկատվության փոխանակումը՝ միջազգային առևտրի թափանցիկությունը բարձրացնելու նպատակով։
Կողմերը հաստատել են անհրաժեշտ իրավական հիմքի համաձայնեցումը հնարավորինս սեղմ ժամկետում ավարտելու և տեղեկատվության փոխանակման գործնական իրականացմանը անցնելու իրենց շահագրգռվածությունը։
«Չինացի գործընկերների հետ պայմանավորվեցինք մի քանի տարվա ընթացքում առաջին անգամ փորձագետների առերես հանդիպում անցկացնել՝ այս աշխատանքներն արագացնելու համար»,– նշել է ԵՏՀ մաքսային բլոկի ղեկավարը։
ԵՏՀ նախարարը չինացի գործընկերներին տեղեկացրել է նաև Միության տարածքում միասնական մաքսային տարանցման համակարգի ստեղծման ուղղությամբ իրականացվող աշխատանքների մասին։ Համապատասխան համաձայնագիրը ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները ստորագրել են 2024 թվականի դեկտեմբերին, իսկ այն ուժի մեջ է մտել 2026 թվականի հունիսին։
«Միասնական տարանցման համակարգը հիմնված է համաշխարհային լավագույն փորձի վրա և նախատեսում է մի շարք պարզեցումներ տարանցիկ փոխադրումների համար, այդ թվում՝ միասնական տարանցման հայտարարագրի և միասնական ֆինանսական երաշխիքի կիրառում, այլ մաքսային ծառայությունների կողմից իրականացված մաքսային հսկողության արդյունքների ճանաչում, ինչպես նաև նավիգացիոն կապարակնիքների օգտագործում»,– բացատրել է Սերգեյ Շկլյաևը։
Նրա խոսքով՝ համակարգը բաց է, և դրան կարող են միանալ նաև ԵԱՏՄ անդամ չհանդիսացող երկրները։