կարևոր
364 դիտում, 35 րոպե առաջ - 2026-08-18 18:48
Հասարակություն

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Ամենայն Հայոց Կաթողիկոսը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Կանադայի դեսպանի հետ

Օգոստոսի 18-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունել է Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Կանադայի արտակարգ և լիազոր դեսպան Էնդրյու Թըրներին։

Վեհափառ Հայրապետն իր գնահատանքն է հայտնել դեսպանին Հայաստանում իրականացրած արդյունաշատ առաքելության համար՝ ընդգծելով նրա ներդրումը երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների ընդլայնման և միջպետական կապերի առավել ամրապնդման գործում։

Նորին Սրբությունը գոհունակությամբ անդրադարձել է նաև Կանադայի իշխանությունների ու ժողովրդի ցուցաբերած զորակցությանը Հայաստանին, ինչպես նաև հատուկ գնահատանքով խոսել Կանադայի հայ համայնքի մասին՝ կարևորելով նրանց գործուն դերակատարությունը երկրի հասարակական-քաղաքական կյանքում և երկկողմ հարաբերությունների զարգացման գործում:

Իր հերթին դեսպան Էնդրյու Թըրները շնորհակալություն է հայտնել Ամենայն Հայոց Կաթողիկոսին ջերմ ընդունելության ու անցնող տարիներին ցուցաբերած աջակցության համար և ներկայացրել Հայաստանում պաշտոնավարման իր փորձառությունն ու տպավորությունները՝ արձանագրելով, որ իր հետ տանում է լավագույն հիշողություններ հայ ժողովրդի և նրա հարուստ հոգևոր-մշակութային ժառանգության վերաբերյալ։

Զրույցի ավարտին Ամենայն Հայոց Հայրապետը դեսպանին հաջողություններ է մաղթել իր հետագա դիվանագիտական ծառայության մեջ: