|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հայաստանի կառավարությունը հուլիսի 23-ի նիստում հաստատել է Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվությունը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ հարցն ընդգրկված էր Կառավարության նիստի չզեկուցվող հարցերի փաթեթում։
Ծրագրում ընդհանուր առմամբ ներառված է 103 միջոցառում։ «Ռուսատոմսերվիս» ընկերության պատասխանատվության ներքո գտնվող 23 խոշորացված միջոցառման շրջանակում կնքվել է 18 պայմանագիր։ Դրանցից 9–ը կատարման փուլում է, իսկ ինը պայմանագրով աշխատանքներն ավարտվել են։
ՀԱԷԿ-ի պատասխանատվության ներքո գտնվող 37 խոշորացված միջոցառման համար կազմակերպվել է 45 գնման ընթացակարգ։ Կնքվել է 36 պայմանագիր, որոնցից 17-ով աշխատանքներն ավարտված են։
«Ռուսատոմսերվիս»-ի հետ 2023 թվականի դեկտեմբերին կնքվել է շուրջ 57,5 միլիոն դոլարի շրջանակային համաձայնագիր։
Էներգաբլոկի անվտանգության գնահատման շրջանակում իրականացվել են հրդեհների ազդեցության, հավանականային անվտանգության, գործող նորմերի պահանջներից շեղումների և անվտանգության բարձրացման լրացուցիչ միջոցառումների վերաբերյալ ուսումնասիրություններ։ Հաշվետվությունների մի մասը ներկայացվել է Միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի դիտարկմանը։
ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի կրկնակի երկարացման ծրագրով նախատեսված աշխատանքները շարունակվում են։