կարևոր
1153 դիտում, 6 ժամ առաջ - 2026-07-21 09:24
Հասարակություն

Պատգամավոր դառնալուց հետո ՔՊ-ական Էմմա Պալյանի ունեցվածքն աճել է․ «Ժողովուրդ»

Պատգամավոր դառնալուց հետո ՔՊ-ական Էմմա Պալյանի ունեցվածքն աճել է․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է.

«ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման ամենաքիչ հիշվող, բայց ամենահաճախ սկանդալային պատմությունների կենտրոնում հայտնված պատգամավորներից մեկը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Էմմա Պալյանը, հաջորդ խորհրդարանում այլևս չի լինի։ ՔՊ-ի նախընտրական ցուցակում զբաղեցնելով ընդամենը 93-րդ հորիզոնականը՝ նա փաստացի դուրս է մնում խորհրդարանից։

Էմմա Պալյանի քաղաքական կենսագրությունը երկար պատմություն չունի։ ՔՊ-ին անդամակցել է 2016 թվականին, իսկ մինչև պատգամավոր դառնալը՝ 2019-2021 թվականներին, աշխատել է Ազգային ժողովի պատգամավոր Կարեն Սարուխանյանի օգնական։ Սակայն խորհրդարան մտնելուց հետո նա հանրության ուշադրության կենտրոնում հայտնվեց ոչ այնքան օրենսդրական նախաձեռնություններով կամ խորհրդարանական ակտիվությամբ, որքան մեկը մյուսին հաջորդած աղմկահարույց պատմություններով, որոնք պարբերաբար քննարկման թեմա էին դառնում թե՛ մամուլում, թե՛ սոցիալական ցանցերում։

Թերևս ամենահնչեղ պատմությունը վերաբերում էր այն բացահայտմանը, որն արեց հենց «Ժողովուրդ» օրաթերթը։ Պարզվեց՝ պատգամավորն իր ամուսնուն գրանցել էր որպես հասարակական հիմունքներով օգնական։ Էմմա Պալյանը դա բացատրում էր բավական անսովոր հիմնավորմամբ՝ ասելով, որ ամուսինը, որը հաճախ իրեն Գյումրիից Երևան է ուղեկցում, այդ կարգավիճակի շնորհիվ կարողանում է մուտք գործել Ազգային ժողովի շենք և սպասել իր աշխատասենյակում, որպեսզի «դրսում չսպասի» մինչև աշխատանքային օրվա ավարտը։ Այդ պարզաբանումն ավելի մեծ հանրային արձագանք առաջացրեց, քան հենց հրապարակումը։

Պալյանի անունը կրկին հայտնվեց հանրային քննարկումների կենտրոնում, երբ նրա ընտանիքի անդամների՝ մասնավորապես եղբոր և հոր՝ արցախցիների վերաբերյալ հրապարակումները լայն քննադատության արժանացան։ Եղբոր՝ Հայկո Պալյանի գրառումը հանրության կողմից ընկալվեց որպես արցախցիներին տարանջատող խոսույթ, ինչից հետո պատգամավորն անձամբ հանդես եկավ պարզաբանմամբ՝ հայտարարելով, թե եղբայրը նկատի է ունեցել միայն «հայաստանցի» և «ղարաբաղցի» բառերի աշխարհագրական տարբերությունը, ոչ թե մարդկանց բաժանելու նպատակ։

Սրան հաջորդեցին նաև հայտարարագրերի վերաբերյալ հարցերը։ «Ժողովուրդ» օրաթերթը հրապարակեց, որ պատգամավորի հայտարարագրերում առկա են մի շարք անհամապատասխանություններ, իսկ ավելի ուշ հրապարակումների համաձայն՝ դրանց վերաբերյալ արդեն հարուցվել էին համապատասխան վարույթներ։

Պատգամավորի գործունեության շուրջ հարցերը միայն խորհրդարանական աշխատանքով չէին սահմանափակվում։ Այս տարվա ապրիլին հայտնի դարձավ, որ պատգամավորի ընտանիքը Գյումրիում շահագործում է ավտոլվացման կետ, իսկ ավելի ուշ՝ նաև «Golden Moment» ոսկու խանութը։

Ավելի վաղ «Ժողովուրդ» օրաթերթը ևս գրել էր, որ պատգամավոր Պալյանի եղբորը՝ Հայկ Պալյանին պատկանող գրենական պիտույքների խանութից Շիրակի մարզի մի շարք դպրոցներ գնումներ են իրականացրել։ Արձագանքելով քննադատություններին՝ Էմմա Պալյանը հայտնել էր, որ Շիրակի մարզի 146 դպրոցներից ընդամենը 7-8-ն են գնումներ կատարել եղբոր խանութից, և դա չի կարող դիտարկվել որպես արտոնյալ կամ ազդեցության արդյունքում ձևավորված համագործակցություն։

Արդյունքում, խորհրդարանական մեկ ամբողջական ժամկետից հետո Էմմա Պալյանի գործունեությունը հանրության հիշողության մեջ առավելապես մնաց ոչ թե օրենսդրական աշխատանքի կամ քաղաքական նախաձեռնությունների, այլ հենց այդ աղմկահարույց պատմությունների, տնտեսական վիճակի բարելավման համատեքստում։

Էմմա Պալյանի հայտարարագրերի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2021 թվականից մինչև 2025 թվականը նրա հիմնական փոփոխությունը եղել է Երևանում բնակարանի ձեռքբերումը, կանխիկ միջոցների աճը և վարկային պարտավորությունների ավելացումը։

Եթե 2021 թվականին նրա անունով գրանցված անշարժ գույք չկար, ապա 2022 թվականին նա ձեռք է բերել Երևանում բնակարան։ Միաժամանակ, 2021 թվականի վերջին հայտարարագրված 2.5 մլն դրամ կանխիկ գումարը 2025 թվականին հասել է 6.5 մլն դրամի։

Վարկային պարտավորությունները ևս աճել են․ 2021 թվականի մոտ 7.5 մլն դրամից 2025 թվականին հասել են ավելի քան 31.7 մլն դրամի։»։

Մանրամասները թերթի այսօրվա համարում