կարևոր
1105 դիտում, 16 ժամ առաջ - 2026-07-20 13:46
Հասարակություն

Տերյանական օրը Ջավախքում

​Ջավախք աշխարհի պանծալի զավակ, հայ դասական գրականության տաղանդավոր քնարերգու Վահան Տերյանի անմահ պոեզիան հերթական անգամ համախմբեց նրա արվեստի հազարավոր երկրպագուներին: 1967 թվականից սկիզբ առած գեղեցիկ ավանդույթի համաձայն՝ հուլիսի նախավերջին հանգստյան օրը Տերյանական շունչն ու ոգին են իշխում Ջավախքում:

​Այդ ամրակուռ ավանդույթի ուժով՝ Նինոծմինդայի շրջանի Գանձա գյուղում վերստին մեծարվեց տաղանդավոր բանաստեղծը՝ դառնալով նրա պոեզիայի հավերժության և անմահության յուրօրինակ խորհրդանիշը:

​Առավոտից Գանձան համակված էր տոնական բարձր տրամադրությամբ: Մեծ քնարերգուի հիշատակը հարգելու և տոնին մասնակցելու համար գյուղ էին ժամանել բազմաթիվ հյուրեր Թբիլիսիից, Վրաստանի տարբեր տարածաշրջաններից և մայր Հայաստանից:

​Տոնական օրն սկսվեց բանաստեղծի պապի՝ Տեր Գրիգորի կողմից 1859 թվականին կառուցված պատմական Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված հոգևոր արարողությամբ, որին մասնակցեցին նաև շրջանի ղեկավարներն ու հյուրերը:

​Հոգևոր արարողությունից հետո Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, սակրեբուլոյի նախագահ Վահան Արոյանը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Սմբատ Կյուրեղյանն ու Սամվել Մանուկյանը, հոգևոր հայրերն ու պաշտոնական այլ անձինք այցելեցին Վահան Տերյանի տուն-թանգարան: Ներկաները շրջայց կատարեցին հուշահամալիրում, ծանոթացան մեծ քնարերգուի կյանքն ու գործունեությունը պատմող բացառիկ թանգարանային նմուշներին և փաստագրական հարուստ նյութերին:

​Կեսօրին տոնախմբությունը տեղափոխվեց Գանձա գյուղի ընդարձակ դաշտավայր, քանի որ, ինչպես տարիների փորձն է հուշում, ոչ մի դահլիճ ի զորու չէ տեղավորել տերյանական պոեզիայի հազարավոր երկրպագուներին:

​Միջոցառումն ուղեկցվեց Նինոծմինդայի երգի ու պարի ժողովրդական համույթների, անհատ կատարողների ու շնորհալի ասմունքողների գեղեցիկ ելույթներով: Տերյանական նրբահյուս տողերն ու ազգային մեղեդիները թևածում էին Ջավախքի երկնքի տակ՝ Տերյանական ավանդական օրը վերածելով իսկական ու անմոռանալի ժողովրդական հանդիսության:

Աղբյուրը՝ Javakheti Georgia