կարևոր
664 դիտում, 1 ժամ առաջ - 2026-07-18 15:27
Հասարակություն

Հակակոռուպցիոնը ցանկանում է փակել փաստաբանների կողմից դատավորների գնահատման «Helpcourt» հարթակը

Հակակոռուպցիոնը ցանկանում է փակել փաստաբանների կողմից դատավորների գնահատման «Helpcourt» հարթակը

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը գրությամբ դիմել է ՀՀ արդարադատության նախարարություն՝ ներկայացնելով «helpcourt.am» հարթակի գործունեության վերաբերյալ առկա ինստիտուցիոնալ մտահոգությունները՝ անդրադարձ կատարելով այն հնարավոր ռիսկերին, որոնք կարող են առնչվել դատավորների անկախության երաշխիքներին, ինչպես նաև դատավորների նկատմամբ ոչ ֆորմալ ազդեցության, կախվածության կամ ճնշման ձևավորման հնարավորությանը։

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ առաջարկվել է քննարկել նշված, ինչպես նաև դատավորներին հրապարակայնորեն դասակարգող և վարկանիշավորող այլ հնարավոր մասնավոր հարթակների գործունեությունն օրենսդրական կարգավորմամբ արգելելու նպատակահարմարության հարցերը։

«Համակարգը ստեղծվել է ՀՀ-ում գործող արդար ու օբյեկտիվ դատավորների աշխատանքը գնահատելու և աջակցելու նպատակով: Կարծում ենք, որ մասնագետների կողմից բարեխիղճ և գրագետ դատավորներին գնահատելն ու այդ գնահատականներն արձանագրելն էլ ավելի կնպաստի դատավորների կողմից արդարադատության իրականացմանը, ինչպես նաև պատճառաբանված ու համոզիչ դատական ակտեր կայացնելուն: Բացի դատական մարմիններին աջակցելուց, համակարգը նաև հանդիսանում է փաստաբանների համար լրացուցիչ գործիք իրենց վստահորդների շահերն առավել լիարժեք պաշտպանելու առումով: Մասնավորապես, համակարգում տեղադրվում և ֆիլտրված կարգով հանրության դատին են ներկայացվում ուշագրավ դատական ակտեր»,- նշված է helpcourt.am կայքում։