կարևոր
868 դիտում, 4 ժամ առաջ - 2026-07-13 22:18
Աշխարհ

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

ԵՄ-ն քննարկում է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակները

Եվրահանձնաժողովը ներկայացրել է իսրայելական ապօրինի բնակավայրերի հետ առևտուրը սահմանափակելու տարբերակներ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ԵՄ արտաքին գործերի խորհրդի նիստից հետո հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը։

Նրա խոսքով՝ Գազայում խաղաղ գործընթացը կանգ է առել։ Կալասը նշել է, որ նախօրեին Պաղեստինի վարչապետ Մոհամմեդ Մուստաֆայի հետ քննարկել է ընթացիկ իրավիճակը։

Նա հայտնել է, որ Պաղեստինի դոնորների խումբը հավաքել է 900 միլիոն եվրո։

«ԵՄ-ն Պաղեստինի ժողովրդի ամենավստահելի աջակիցն է։ Մենք ամենամեծ դոնորն ենք և երկու պետության սկզբունքի լուծման ամենաուժեղ կողմնակիցը»,- ասել է Կալասը։

Անդրադառնալով Հորդանան գետի արևմտյան ափին՝ Կալասը նշել է, որ ԵՄ բոլոր 27 անդամ պետությունները համաձայն են՝ իսրայելական բնակավայրերը անօրինական են՝ միջազգային իրավունքի համաձայն։

Նրա խոսքով՝ Եվրահանձնաժողովի ներկայացրած տարբերակները ներառում են բնակավայրերի արտադրանքի ներմուծման ամբողջական կամ մասնակի արգելք, արտահանման լիցենզավորման ավելի խիստ պահանջներ և մաքսատուրքերի հնարավոր կիրառում։

«Սրանք տարբերակներ չեն Իսրայելի դեմ։ Սրանք տարբերակներ են ապօրինի բնակավայրերի դեմ, որոնք խաթարում են երկու պետության սկզբունքի լուծումը»,- նշել է Կալասը։  

Նա հավելել է, որ դեսպաններին հանձնարարվել է շարունակել աշխատանքը, և, հավանաբար, այդ հարցով կանցկացվի նաև արտահերթ նիստ։