|
Փոխարժեքներ
11 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.38 |
| EUR | ⚊ | € 420.03 |
| RUB | ⚊ | ₽ 4.7873 |
| GBP | ⚊ | £ 493.58 |
| GEL | ⚊ | ₾ 139.47 |
Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոմոբիլային ճանապարհների դեպարտամենտը հայտարարել է միջազգային տենդեր, որով Վրաստան-Հայաստան և Վրաստան-Ադրբեջան կապող մայրուղին պետք է փոխարինվի չորս գոտիով և թողունակության բարձր մակարդակով նոր ճանապարհով։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 250 միլիոն եվրո (754 մլն լարի) և ֆինանսավորվում է Եվրոպական ներդրումային բանկի (EIB) վարկային միջոցներով։
Ճանապարհի այս հատվածի տենդերը սկզբնապես հայտարարվել էր 2024 թվականի օգոստոսին, և դրա շրջանակներում հաղթողի հայտնաբերումն ու շինարարության մեկնարկը պլանավորվում էին դեռևս 2025 թվականին, սակայն 2026 թվականի մարտին տենդերը պաշտոնապես դադարեցվեց, ինչի պատճառ նշվեց ցածր մրցակցությունը։ Ընթացիկ տարվա մարտին հայտարարվեց 19 միլիոն եվրո արժողությամբ տենդեր՝ ճանապարհի շինարարական վերահսկողության ծառայության գծով։ Զուգահեռաբար, Վրաստանի կառավարությունը շարունակել է ճանապարհի անցկացման ակնկալիքով անհրաժեշտ հողերի օտարման գործընթացը, ինչի կապակցությամբ այս տարի հավելյալ մի քանի էքսպրոպրիացիա (սեփականության բռնագրավում հանուն պետական կարիքների) հայտարարվեց։
Նոր մայրուղիները կսկսվեն Ռուսթավի քաղաքից և կկառուցվեն Կարմիր կամրջի (Ծիթելի Խիդի) ու Սադախլոյի ուղղությամբ։ Ծրագրի վերաբերյալ հայտարարված տենդերներով (լոտ 1 և լոտ 2, լոտ 3 և լոտ 4) ընդհանուր առմամբ նախատեսված է 61,3 կիլոմետր երկարության 4 գոտիով ճանապարհի շինարարություն։
Ծրագրի լոտերը բաշխվում են այսպես.
Լոտ 1 — Ռուսթավի-Ալգեթի՝ 21 կիլոմետր, մայրուղու լայնությունը՝ 4 x 3,75 մետր, երթևեկության արագությունը՝ 120 կմ/ժ,
Լոտ 2 — Ալգեթի-Կարմիր կամուրջ՝ 10,9 կիլոմետր, մայրուղու լայնությունը՝ 4 x 3,75 մետր, երթևեկության արագությունը՝ 120 կմ/ժ,
Լոտ 3 — Ալգեթի-Արաֆլո՝ 13 կիլոմետր, մայրուղու լայնությունը՝ 4 x 3,75 մետր, երթևեկության արագությունը՝ 120 կմ/ժ,
Լոտ 4 — Արաֆլո-Սադախլո՝ 16,3 կիլոմետր, մայրուղու լայնությունը՝ 4 x 3,75 մետր, երթևեկության արագությունը՝ 120 կմ/ժ։
Առկա դրությամբ, Վրաստանը Հայաստանին ու Ադրբեջանին կապող մայրուղիները երկու գոտիով են և մեծ մասամբ անցնում են բնակավայրերով։ Նոր մայրուղին պետք է մեծացնի թողունակությունը և շրջանցի խիտ բնակեցված կետերը։
Նոր տենդերի շրջանակներում ընկերությունները սեփական առաջարկները պետք է պետությանը ներկայացնեն մինչև 2026 թվականի օգոստոսի 14-ը ներառյալ։
Աղբյուրը՝ Aliq.ge