|
Փոխարժեքներ
10 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.12 |
| EUR | ⚊ | € 419.32 |
| RUB | ⚊ | ₽ 4.8216 |
| GBP | ⚊ | £ 491.61 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստում դատարանը քննեց Ռոբերտ Քոչարյանի բացակայելու արգելքի և անձեռնմխելիության հարցի շրջանակներում ներկայացված միջնորդությունները։ Պաշտպան Արամ Օրբելյանը մեջբերեց Սահմանադրության համապատասխան հոդվածը, ըստ որի՝ նախագահն անձեռնմխելի է և լիազորությունների ժամկետի ավարտից հետո ևս չի կարող հետապնդվել իր կարգավիճակից բխող գործողությունների համար։
«Երեք խնդիր ունենք։ Առաջինը վերաբերում է անմեղության կանխավարկածին։ Չեք կարող մեղավորության վերաբերյալ եզրահանգումներ անել, քանի որ ցանկացած նման եզրահանգում հանգեցնելու է Սահմանադրության խախտման»,- ասաց Օրբելյանը:
Ըստ նրա՝ եթե դատարանն այս փուլում կիրառի այնպիսի չափանիշ, որով արձանագրի, թե «գործի նյութերից երևում է, որ Քոչարյանն առաջնորդվել է անձնական շահագրգռվածությամբ և դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից», ապա անմեղության կանխավարկածն արդեն խաթարված կլինի։
«Պետք չէ քննարկել, թե այդ գործողությունների նկարագիրն ինչպիսին է՝ լավ, թե վատ։ Դրանք ընդհանրապես չպետք է քննարկվեն։ Այն անձնական շահագրգռվածությունը, որը նկարագրվել է, իրականում ՀՀ նախագահի սահմանադրական պարտականությունն է՝ ապահովել սահմանադրական մարմինների բնականոն գործունեությունը»,- նշեց Օրբելյանը։
Փաստաբանի խոսքով՝ Քոչարյանին մեղսագրվող բոլոր գործողությունների առնչությամբ գործում է վերջինիս անձեռնմխելիության ռեժիմը։ Նա նաև ասաց, որ բարձրացնում են հարց, ըստ որի՝ այս վեճը սահմանադրաիրավական բնույթի վեճ է։
«Դատախազությունն ասում է՝ նախագահն ինչ գործողություններ է կատարել և որ իրավունք չուներ կատարել։ Մենք էլ արձանագրում ենք, որ դատախազությունը չունի նման լիազորություն և դրանով իսկ հանցագործություն է կատարում, երբ քրեադատավարական դաշտում գնահատական է տալիս երկրի նախագահի գործողություններին»,- ասաց փաստաբանը։