|
Փոխարժեքներ
08 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.47 |
| EUR | ⚊ | € 420.13 |
| RUB | ⚊ | ₽ 4.8136 |
| GBP | ⚊ | £ 491.86 |
| GEL | ⚊ | ₾ 139.33 |
Հայ առաքելական եկեղեցու Թեհրանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Սեպուհ Սարգսյանը վտանգավոր և ապակառուցողական է համարում ՀՀ իշխանությունների կողմից Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II-ին հեռացնելու ձգտումը։
«Հայ առաքելական եկեղեցին 1700 տարվա պատմություն ունի, և նման քաղաքականություն չի կարելի վարել նրա նկատմամբ։ Եկեղեցին անկախ կառույց է։ Մենք ՀՀ իշխանություններից ակնկալում ենք, որ իրենք երկխոսություն կսկսեն եկեղեցու հետ։ Նրանց վարքագիծը բացասաբար է անդրադառնում սփյուռքի վրա։ Մինչ օրս մենք բարի կամքի որևէ դրսևորում չենք տեսել Հայաստանի ղեկավարության կողմից», – ասել է արքեպիսկոպոսը Թեհրանում Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում։
Սարգսյանը քննադատել է նաև կառավարության քաղաքականությունը Արցախի հարցում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալվում է, երբ ասում է, որ Արցախը հայկական հող չէ, հավելել է նա։ Արքեպիսկոպոսն անդրադարձել է նաև հայ-իրանական հարաբերություններին՝ դրանք լավագույն որակելով։
«Չեմ կարծում, որ աշխարհում կա որևէ երկիր, որն ավելի մոտ է Հայաստանին, քան Իրանը։ Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ մենք սերտ հարաբերություններ ենք ունեցել անհիշելի ժամանակներից։ Երբեմն նաև թշնամություն ենք արել, իհարկե, բայց միշտ ընդհանուր լեզու ենք գտել և հաղթահարել տարաձայնությունները», - հավելել է նա։
Հիշեցնենք` տևական ժամանակ է` ՀՀ իշխանությունը արշավ է սկսել եկեղեցու ու հատկապես կաթողիկոսի դեմ։ Հունվարի 4-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու կաթողիկոսի հեռացումը պահանջող 10 եպիսկոպոսները հայտարարեցին Հայ առաքելական եկեղեցու «բարենորոգման» մեկնարկի մասին։
Այս ֆոնին ավելի վաղ տարբեր մեղադրանքներով կալանավորվել էին երեք թեմերի ղեկավարներ՝ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանը, ինչպես նաև Մայր Աթոռի դիվանապետ Արշակ Խաչատրյանը:
Փետրվարի 14–ին ՀՀ դատախազությունը Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2–րդի նկատմամբ քրեական հետապնդում հարուցեց` արգելելով նրա ելքը Հայաստանից: